
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» միջազգային քարոզարշավը:
Քարոզարշավի շրջանակում Կոնվենցիայի համակարգողների եվրոպական ցանցի կողմից հայտարարվել է լուսանկարչական մրցույթ` «Պաշտպանելով կենսունակ ժառանգությունը» խորագրով:
Օգոստոսի 1-ից ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ, «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ համատեղ Հայաստանը մրցույթ-նախագծով կմիանա միջազգային այս նախաձեռնությանը։
Նախագիծը կունենա երկու բաժին՝ լուսանկարչական և խմբագրական։
Նախագծի խմբագրական մրցույթի նպատակը ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Վիքիպեդիայում նյութերի ավելացումը, տեղեկության տարածումն ու հանրայնացումն է։
Լուսանկարչական մրցույթը կավարտվի սեպտեմբերի 15-ին։
Ընտրված լավագույն 5 լուսանկարը կուղարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի համակարգողների խմբին։
Արդյունքների մասին տեղեկությունը կհրապարակվի մինչև հոկտեմբերի 17-ը։
Նախագծի մանրամասները՝ Վիքիպեդիայի էջում՝ https://tinyurl.com/yr9mrdps ։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՝ գրելով [email protected] էլ. հասցեին կամ թանգարանի Ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/cpc.arm ։