Գինեգործություն

Հայաստանում խաղողագործության և գինեգործության վերաբերյալ բազմաթիվ հնագիտական վկայություններ կան: Հնագույնը վերաբերում է Վայոց ձորի Արենի 1 քարանձավին (մ.թ.ա. 4-րդ հազարամյակ, մեզանից 6000 տարի առաջ):

Գինին Հայկական լեռնաշխարհում վաղեմի պատմություն ունի: Հին Հայաստանում այն համարում էին աստվածների ու արքաների ըմպելիք: Հայ արքաները գինին խմում էին արծաթե գավաթներով: Ավանդաբար գինի պատրաստում էին այգիներում կամ բնակելի համալիրին կից գտնվող հնձաններում: Խաղողը լցնում էին հնձանի վերին հատվածի` առագաստի մեջ, որտեղ տղամարդիկ այն ոտքերով տրորում էին (երեխաներին կնքելիս տղաների ոտքերին էին մեռոն քսում, որ գինի տրորեն, և աղջիկների ձեռքերին, որ խմոր հունցեն): Քաղցուն հոսում էր առագաստի մոտ պատրաստված կավակերտ հորի մեջ, որը կոչվում է գուբ, այնտեղ նստվածք տալիս, մասամբ զտվում, ապա հոսում գետնափոր կրապատ հորերի (տաքար) կամ կարասների մեջ: Քաղցուն այդ տարաների մեջ աստիճանաբար հասունանում էր, վերածվում քաղցրավուն մաճառի, այնուհետև՝ քառասուն օրվա ընթացքում դառնում գինի: Հասունացած գինին պահպանում էին մառաններում, գետնի մեջ թաղված կամ վերգետնյա կարասներում, դրանք ծածկելով քարե ու կավե կափարիչներով, ճեղքերը հերմետիկորեն փակելով կավե ծեփով: Գինին, որքան երկար է մնում, այնքան հասունանում է, քաղցրանում ու թնդանում:

Բերքահավաքի տոնածիսական արարողությունների բացումը համարվում է խաղողակութի, գինու օրհնության ժամանակաշրջան: Ներկայումս Հայաստանում ձևավորվել է գինեգործության խոշոր արդյունաբերություն, որը շարունակաբար կատարելագործվում է: Ուշագրավ է, որ գինու պատրաստման ավանդական ժողովրդական ձևերը մինչև այսօր պահպանվել են տնային պայմաններում գինի արտադրողների շրջանում: Ավանդույթի շարունակականության դրսևորում է Արենի գինու փառատոնի իրականացումը: