Յոթը Սարի Ետևում. հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոն

Ի՞նչ կա թաքնված այնտեղ, որտեղ դու ապրում ես: Գիտե՞ս արդյոք ինչ լեգենդներ ու ավանդազրույցներ է հիշում գյուղի այն մեծ տատիկը կամ պապիկը… եթե գիտե՛ս, պատմիր բոլորին, եթե չգիտես, փորձիր բացահայտել:

 Հովհաննես Թումանյանի թանգարանը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության հետ համատեղ, մեկնարկում են «Յոթը սարի ետևում…» մրցույթ-փառատոնը: Եթե ապրում ես Հայաստանի չքնաղ գյուղերից կամ քաղաքներից մեկում, սիրում ես ընկերներիդ հետ գնալ արկածների և բացահայտումների հետևից, ապա այս մրցույթ-փառատոնը քեզ հուշելու է, թե որտեղ են ամենահետաքրքրական և թանկարժեք գանձերը, ինչպե՞ս որոնել և բացահայտել դրանք:
 

Ի՞նչ է նշանակում լինել մրցույթ-փառատոնի մասնակից. 

Փառատոնի մասնակիցները դառնում են հետախույզ-գիտնականներ, որոնց խնդիրն է իրենց հայրենի բնակավայրի մշակութային ժառանգության՝ բոլորին անհայտ կամ քիչ հայտնի օբյեկտի ուսումնասիրումը, պահպանումը և հանրայնացումը: Փառատոնի մասնակիցների համար ուսումնասիրության առարկա կարող են լինել բնակավայրի տարածքում եղած պատմաճարտարապետական հուշարձանները, հնատիպ կառույցները, պաշտամունքային կոթողները, ազգագրական նյութերը: Գյուղին կամ քաղաքին բնորոշ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները՝ պարեր, արհեստներ, բաղադրատոմսեր, երգեր, առասպելներ և այլն:

Լավագույն ուսումնասիրությունները արժանանալու են դրամական և խրախուսական մրցանակների: Դե՛ ինչ, հավաքիր ընկերներիդ, ընտրիր քո բնակավայրի մշակութային ժառանգության օբյեկտը և մասնակցիր մրցույթ-փառատոնին:

 

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 10-ը:
Յոթը սարի ետևում շա՜տ գանձեր կան:
Մասնակցության կանոններին ծանոթանալու, հայտադիմումը լրացնելու համար ակտիվացրեք հղումը.

 https://bit.ly/304ewvK
 

Լրացուցիչ հարցերի համար՝ 

Առաջնային կապի միջոց՝ [email protected]
Պաշտոնական ֆեյսբուքյան խումբ՝ «Յոթը սարի ետևում» մրցույթ-փառատոն 
Հեռ. (+374 010) 560021

Comments are closed.