Երբևէ մտածե՞լ եք՝ բնավորության ի՞նչ գծի կամ մարդկային որակի հետ կարող է ասոցացվել յուրաքանչյուր արհեստ կամ էլ նյութ, որից ստեղծագործություն է կերտվում, ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա վարպետը, որպեսզի կարողանա նյութը վերածել մի խոսուն առարկայի, որով հետագայում կհիանան սերունդները։
Ժողովրդական արվեստների թանգարանում մտածել են, և 7-16 տարեկան բոլոր հետաքրքրասերներին առաջարկում են միասին բացահայտել բոլոր գաղտնիքները։
«Վարպետների 7 գաղտնիքները» ամառային դպրոցը վերադառնում է:
Բուրդը կփոխանցի ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ՝ խորհրդանշելով կապը սերունդների միջև՝ կարպետագործության և թաղիքագործության լեզվով։ Այստեղ կարևոր է ուրիշների հետ աշխատելու, միմյանց լսելու և ընդհանուր արդյունք ստեղծելու կարողությունը։ Մետաղը կսովորեցնի ամրապնդել ԿԱՄՔԻ ՈՒԺԸ, կավը կխթանի ստեղծարարությունը, ՊԱՅԾԱՌ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐ ՄԻՏՔԸ։ Ասեղնագործությունը կհիշեցնի ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԵՎ ՆՐԲԱՆԿԱՏ, փայտը՝ ԲԱՐԻ ԵՎ ԱՆԿԵՂԾ, իսկ քարը՝ ԱՄՈՒՐ ԵՎ ԴԻՄԱՑԿՈՒՆ լինելու կարևորության մասին։
Ծրագրում՝ արհեստների ուսուցում խաղային ձևաչափով, ազգային երգ ու պար, այցելություններ թանգարաններ, արվեստանոցներ և ոչ միայն:
Հատուկ մշակված ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2021թ․ Ժողովրդական արվեստների թանգարանի կողմից՝ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի և զբոսաշրջության ոլորտի մասնագետ Նաիրա Մինասյանի հետ համատեղ։ Այժմ ամառային դպրոցի այս ձևաչափը վերադառնում է նոր շնչով՝ վերահաստատելու այն կարևոր արժեքը, որ հայկական մշակույթն ունի սերունդների կյանքում: