Տարիների ընթացքում մեր մշակույթը բազում փոփոխությունների է ենթարկվել՝ մեր ազգային ավանդույթները, ծեսերը փոխարինելով օտարներից փոխառված սովորություններով։ «Վարը Վարենկը»՝ «Տոնացույցի» և «Հեքիաթի տան» հետ միասին, նոր անակնկալ էր պատրաստել՝ ազգային Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Դեկտեմբերի 24-ից նրանք մեկնարկեցին Մեծն Պապուկի փառատոնը։
Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ, Ամանոր անուններով: «Կաղանդ» բառը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը։ Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշ էր Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն (Կաղանդի ծառը)։
Փառատոնը ներառում էր Նոր տարվա ավետիսների և ազգային պարերի ուսուցում և կատարում, տարբեր ծիսական խաղերի մասնակցություն, տարեհացի ու ասիլ-վասիլների պատրաստում, ավանդական տոնածառի (Կաղանդի ծառ) պատրաստում և այլ հետաքրքիր բաղադրիչներ։ Միջոցառումները տեղի ունեցան Փամբակում, Մեղրաձորում և Բյուրականում։
Add a Comment