Հովհաննես Նաղաշյանի փայտարվեստը

Հովհաննես Նաղաշյանի փայտարվեստը

Հայաստանի ազգային գրադարանի և Երևանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ին Հայաստանի ազգային գրադարանի Պատմության ցուցասրահում տեղի ունեցավ հայ փայտարվեստի նշանավոր վարպետ Հովհաննես Նաղաշյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցադրության բացումը։
Այս հոբելյանական ցուցադրությունը եզակի հնարավորություն էր բացահայտելու մեծ վարպետի ստեղծագործական ժառանգության մինչ այժմ անհայտ էջերը։ Առաջին անգամ հանրությանը ներկայացվեցին Հովհաննես Նաղաշյանի երբևէ չցուցադրված էսքիզները, անձնական աշխատանքային գործիքները, ինչպես նաև նրա ստեղծագործական գործունեությունը ներկայացնող բացառիկ նմուշներ, որոնք բացահայտում են վարպետի աշխատանքի ընթացքն ու ստեղծագործական մտածողությունը։
Իր գործունեության ընթացքում Հովհաննես Նաղաշյանը կատարել է բազմաթիվ պատվերներ պետական և հասարակական հաստատությունների, ինչպես նաև անհատ պատվիրատուների համար՝ ստեղծելով իրենց պահանջներին համապատասխան գեղարվեստական բարձր արժեք ունեցող կահույք և փայտարվեստի գործեր։ Նրա ձեռքով ստեղծվել են գրասեղաններ, գրապահարաններ, ցուցասեղաններ, ամբիոններ, նստարաններ, ցուցափեղկեր, հարթաքանդակներ և բազմաթիվ այլ աշխատանքներ, որոնք այսօր էլ առանձնանում են իրենց բարձր գեղարվեստական ճաշակով և վարպետությամբ։
Նրա կարևոր պատվիրատուներից մեկն է եղել նաև Հանրային գրադարանը (Հայաստանի ազգային գրադարանը)։ Մինչ օրս գրադարանի ցուցասրահներն ու հատկապես Պատմության ցուցասրահը զարդարված են Հովհաննես Նաղաշյանի ստեղծած բացառիկ աշխատանքներով։

Comments are closed.