ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը` ՀՀ մարզերում» ծրագրի սաները «Մոտիվացիա-Եվրասիա» սոցիալական ֆիլմերի և սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթում արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին:
«Ժառանգություն» սոցիալ-մշակութային միավորումը Բելառուսի Հանրապետության Մոգիլև քաղաքում կազմակերպել էր «Մոտիվացիա-Եվրասիա» սոցիալական ֆիլմերի և սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթը: Միջոցառումն ընդգրկված է 2021-2022 թթ. ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական միջազգային համագործակցության միջոցառումների ծրագրում: Այն նախատեսված էր 14-22 տարեկանների համար և տեղի է ունեցել տարբեր անվանակարգերում: Մրցույթին մասնակցել է ավելի քան 200 երիտասարդ, որոնք ներկայացրել են 48 աշխատանք։
Մրցույթին ուսուցիչներ Թաթուլ Կարապետյանի, Անդրանիկ Հարությունյանի և Նարինե Պողոսյանի գլխավորությամբ մասնակցել են «Արարի» 9 սաներ: «Ժառանգություն» անվանակարգում «Արարը» ներկայացել էր երեք տեսաֆիլմով. երեքն էլ արժանացել են մրցանակի:
1-ին աստիճանի դիպլոմ. «Я – носитель традиций моих предков» (‹‹Ես իմ նախնիների ավանդույթների կրողն եմ›› տեսաֆիլմը պատմում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող ‹‹ԱՐԱՐ››-ի կարպետագործության կենտրոնի մասին), «Возрождаю быт предков» (‹‹Վերածնում եմ նախնիների կենցաղը›› տեսաֆիլմը պատմում է Արարատի մարզի Զանգակատուն համայնքում գործող ‹‹ԱՐԱՐ››-ի խեցեգործության կենտրոնի մասին),
2-րդ աստիճանի դիպլոմ. «Я возвращаюсь к истокам нашей письменности» (‹‹Ես վերադառնում եմ մեր դպրության ակունքներին›› տեսաֆիլմը պատմում է Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող «Արարի» մանրանկարչության կենտրոնի մասին):
Դիպլոմների հանձնման արարողությունը տեղի է ունեցել «ՌՈՒՍԿԻ ԴՈՄ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում:
«Արարի» հիմնադիր ղեկավար Արսեն Գրիգորյանի խոսքով՝ մրցույթն այն լավագույն առիթներից է, որի շնորհիվ աշխարհին կարող ենք պատմել Հայաստանի մշակույթի և նրա շարունակականության ապահովման մասին: