Ռուսական արվեստի թանգարանում կցուցադրվեն հայ և ռուս վարպետների պատրաստած ինքնաեռները

Առաջին անգամ Երևանում` Ռուսական արվեստի թանգարանում, մարտի 23-ից հունիսի 15-ը կանցկացվի «Սամովար (‹‹Ինքնաեռ››)» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Յուրահատուկ այս ցուցադրության շրջանակում կներկայացվեն Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից 19-րդ և 20-րդ դարի ինքնաեռներ, որոնք մշակութային, պատմական, ինչպես նաև գեղարվեստական արժեք ունեն։

Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ինքնաեռի պատմությանը, ձևերին, դրանց հետ կապված ավանդույթներին, ինչպես նաև այն բանաստեղծություններին, որոնցում ռուս մեծ բանաստեղծները հիշատակել են ժողովրդի կողմից այդքան սիրված կենցաղային առարկան։

Կցուցադրվեն ինքնաեռներ ռուսական հայտնի գործարանների` Բատաշյովների, Վորոնցովների, Գուդկովի, Շեմարինների արտադրանքները։ Ռուսական գործարանային արտադրանքի կողքին իր արժանի տեղն է գրավում Նոր Ջուղայի հայ վարպետի ստեղծած յուրահատուկ ձեռակերտ ինքնաեռը։

Այցելուները կտեսնեն նաև հայ բանաստեղծների և գրողների` Հ. Թումանյանի, Ե. Չարենցի, Սիամանթոյի և Գ. Սունդուկյանի անձնական ինքնաեռները։

Ցուցահանդեսը կլրացվի Ռուսական արվեստի թանգարանի թեմատիկ կտավներով։

Նշենք, որ այս ցուցահանդեսը միջթանգարանային համագործակցության լավագույն օրինակ է, որտեղ ներկայացվում են ինքնաեռներ Հայաստանի պատմության թանգարանի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Միջին Արևելքի թանգարանի, Հ. Թումանյանի թանգարանի և Ե. Չարենցի տուն-թանգարանի հավաքածուներից։

Տեղեկացնենք նաև, որ ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն թեմատիկ դասախոսություններ, կրթական ծրագրեր, ինչպես նաև թեյախմության երեկոներ (ծրագրերին մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ)։