ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի նորանշանակ դեսպան Մայա Դաղերին

Ս. թ. փետրվարի 5-ին ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:

 Հանդիպման սկզբում նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ հայ-լիբանանյան համատեղ պատմական անցյալը երկու երկրների մշակութային հարաբերությունների խորացման կարևոր հիմք է: Այս համատեքստում, նախարարը ներկայացրել է առաջարկություններ՝ կինեմատոգրաֆիայի, երաժշտարվեստի, պարարվեստի և այլ ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Լիբանանի դեսպան Մայա Դաղերը ոգևորությամբ է ընդունել երկկողմ համագործակցության շրջանակում՝ մշակութային ծրագրերի իրականացման առաջարկությունները: Իր խոսքում նա ընդգծել է. «Շատ հետաքրքիր ու գործնական առաջարկություններ են, առավել ևս, որ դրանց իրականացման համար կան կայուն հիմքեր: Մեր պատմական լավ հարաբերությունները, պետք է փորձենք ակտիվացնել նաև մշակույթի ոլորտում»:
 

Մայա Դաղերի հետ հանդիպմանը մշակույթի նախարարը կարևորել է, մասնավորապես՝ Բեյրութում հայ-լիբանանյան բարեկամության համատեղ թանգարանի ստեղծումը: «Այդ թանգարանը նաև յուրատեսակ շնորհակալություն կլինի հայ ժողովրդի կողմից՝ իրեն գրկաբաց ընդունելու և մինչ օրս իր գրկում պահած լիբանանցի ժողովրդին»,- ասել է Արմեն Ամիրյանը:

Comments are closed.