Լոռու մարզի Դսեղ գյուղում, Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում կայացավ գորգագործության, կարպետագործության և ասեղնագործության կենտրոնի բացումը։
Այն նշանավորվեց սաների առաջին կարպետների հենքի արարումով, որին ներկա էին «ԱՐԱՐ» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, «ԱՐԱՐ»-ի բարեկամ-բարերար Արման Սահակյանը, Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը, Դսեղ բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Հովսեփյանը, գյուղի բնակիչներն ու Երևանից ժամանած այլ հյուրեր:
Դսեղի «ԱՐԱՐ» կենտրոնում դասավանդում է ոլորտի լավագույն տեղաբնակ մասնագետներից մեկը` Փիրուզ Գևորգյանը:
«ԱՐԱՐ»-ի նպատակն է՝ երիտասարդ սերնդին տեսական և գործնական գիտելիքներ փոխանցելու միջոցով, ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության տարածումը, զարգացումը, հանրահռչակումն ու ժողովրդական ստեղծագործության կենսունակության ապահովումը ՀՀ ողջ տարածքում:
«ԱՐԱՐ» կենտրոններ են գործում ՀՀ 8 մարզի 38 համայնքում, որոնցում ներգրավված է շուրջ 800 երեխա և պատանի:
Դասընթացներն անվճար են, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ նյութերն ու պարագաները:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ: