ԱՐԱՐ-ի նոր կենտրոնի բացումը Դսեղում

Լոռու մարզի  Դսեղ գյուղում, Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում կայացավ գորգագործության, կարպետագործության և ասեղնագործության կենտրոնի բացումը։

Այն նշանավորվեց սաների առաջին կարպետների հենքի արարումով,  որին ներկա էին «ԱՐԱՐ» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, «ԱՐԱՐ»-ի բարեկամ-բարերար Արման Սահակյանը, Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը, Դսեղ բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Հովսեփյանը, գյուղի բնակիչներն ու Երևանից ժամանած այլ հյուրեր:

Դսեղի «ԱՐԱՐ» կենտրոնում դասավանդում է ոլորտի լավագույն տեղաբնակ մասնագետներից մեկը`  Փիրուզ Գևորգյանը:

«ԱՐԱՐ»-ի նպատակն է՝ երիտասարդ սերնդին տեսական և գործնական գիտելիքներ փոխանցելու  միջոցով, ապահովել   ոչ նյութական մշակութային ժառանգության  տարածումը, զարգացումը, հանրահռչակումն  ու  ժողովրդական ստեղծագործության  կենսունակության ապահովումը ՀՀ ողջ տարածքում: 

«ԱՐԱՐ»  կենտրոններ են գործում ՀՀ 8 մարզի 38 համայնքում, որոնցում ներգրավված է շուրջ 800 երեխա և պատանի:

Դասընթացներն անվճար են, ինչպես նաև բոլոր  անհրաժեշտ  նյութերն ու  պարագաները:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ: