«Արծաթի և զարդանախշի սիմֆոնիա»

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի պատմության թանգարանում տեղի կունենա «ԱՐԾԱԹԻ ԵՎ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ» խորագրով ցուցադրությունը: ______________________________________________________

Երևան քաղաքի պատմության թանգարանում 90 տարիների ընթացքում հավաքվել և պահպանվում են հայ արծաթագործ վարպետների գործերը, որոնք այսօր էլ հիացնում են իրենց նրբությամբ ու կատարելությամբ: Ցուցահանդեսում ներկայացված արծաթե առարկաների մեջ առանձնանում են 19-20-րդ դարերով թվագրվող գոտիները, որոնց նախշազարդերը բարձրարվեստ կատարումներից զատ, հայ ժողովրդի ինքնության արտահայտման յուրօրինակ վավերագրերն են: Դրանք պատրաստված են տեխնիկական տարբեր եղանակներով՝ մանրարուք, դրվագում, արծնակիտում, սևադ: Ընդ որում, սևադի տեխնիկան ծագումով հայկական է: Գոտիների մի մասը կրում է արծաթագործ վարպետի կնիքը: Հավաքածուների մեջ ստվար խումբ են կազմում սպասքը և ծիսական առարկաները: Վերջիններս ՀՀ Ֆինանսների նախարարության գանձապետարանի, ինչպես նաև թանգարանի նվիրատու Ռոստոմ Ոսկանյանի հարուստ ֆոնդից են: Ըստ ծագման՝ դրանք լայն շրջանակ են ընդգրկում՝ Հայաստան, Իրան, Հնդկաստան, Չինաստան: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ Ֆինանսների նախարարության և Երևան քաղաքի պատմության թանգարանի նախաձեռնությամբ։ Այն կգործի մինչև 2022թ. փետրվարի 28-ը:

Comments are closed.