Ապրիլի 17-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում ժողովրդական վարպետներ Անժելա և Անահիտ Աբգարյաննները մի խումբ զբոսաշրջիկների համար անցկացրին ասեղնագործության կրթական ծրագիր։ Թանգարանը շնորհակալություն է հայտնում ”Armenia Holidays” զբոսաշրջային կազմակերպությանը՝ այցի կազմակերպման համար։ Լեռնանիստի Մշակույթի տան հելունագործության խմբակի սաների համար վարպետներն անցկացրին հելունագործության և մաքրամեի կրթական ծրագիր։ Ծրագրի շրջանակում տաղանդաշատ փոքրիկները պատրաստեցին գեղեցիկ թևնոցներ։ Թանգարանի կրթական ծրագրերը նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 010569380 հեռախոսահամարով։
Սույն թվականի oգոստոսի 10-ին և 11-ին Երևան քաղաքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որն ուղղված է հայկական մշակույթի և մասնավորապես՝ տարազի ժողովրդականացմանը ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում: «ՏԱՐԱԶֆեստ» մշակութային փառատոնին մասնակցելու համար հրավիրվում են ոլորտում ներգրավված արհեստագործ վարպետներ և դիզայներներ Հայաստանից և արտերկրից, ովքեր ցանկանում են ներկայացնել իրենց արտադրանքը, ձեռագործ աշխատանքները և հագուստների հավաքածուները: Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև հունիսի 5-ը այս հղումով. https://shorturl.at/jquxV ։ Տեղերը սահմանափակ են։ Մասնակցությունն անվճար է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթիր՝ կրթողին» ծրագիրը: Այն հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում: Ծրագրի նպատակն է ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիների զբաղվածությունը՝ ձեռարվեստի գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով, ինչպես նաև նպաստել նրանց ստեղծագործական, կրթական, աշխատանքային պայմանների և եկամուտ ստանալու հնարավորությունների ստեղծմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 30 արցախցիների համար կազմակերպել հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներ (թաղիքագործություն, ասեղնագործություն, կավագործություն), որոնք կնպաստեն ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանմանը, փոխանցմանն ու տարածմանը։ Ուսումնական գործընթացը կիրականացվի տեսական և գործնական պարապմունքների զուգորդմամբ: Այսպիսով, մասնակիցները ձեռք կբերեն նոր մասնագիտություններ ու աշխատանքային հմտություններ, կունենան սեփական արտադրանքի վաճառքի հնարավորություն՝ համագործակցային կապեր հաստատելով և իրենց հերթին շարունակական աջակցություն ցուցաբերելով մյուս արցախցիներին:
«Հայկական գորգի ազգային կենտրոնը» ապրիլի 11-ին ներկայացրեց հնամաշ գորգերից փրկված պատառիկներ՝ գորգի փրկված կտորներ՝ խորհրդանշական ու իրական շրջանակներում: Մաշված գորգերն ամբողջությամբ չկորցնելու համար, դրանք հուշանվերների վերածելով, կարողացել են պահապանել գորգի նախշը, գույնը, շունչը ու պատմությունը: Ապրիլի 11, 12, 13-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բարեգործական ցուցահանդեսը հնարավորություն է այդ պատմության մասը դառնալու ու մի կտոր պատմություն տանելու։ Տեղի ունեցավ նաև զրույց-դասախոսություն Լալա Մնեյանի և Անի Ոսկանյանի մասնակցությամբ:
Աղասի Մելքոնյանի բեմադրությամբ «Բարեկենդանը» տիկնիկային ներկայացման ցուցադրությունները տեղի են ունեցել Հայաստանի բազմաթիվ սահմանամերձ և սահմանապահ գյուղերում։ Ներկայացումը ստեղծվել և ցուցադրվել է «Հազար վահան» բարեգործական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է սահմանամերձ և սահմանապահ գյուղերի երեխաներին հաղորդակից դարձնել հայկական մշակույթին, թատերարվեստին և նպաստել հայրենասիրության գաղափարախոսությանը։ Պիեսի հեղինակ՝ Նունե Ջրբաշյան, նկարիչ՝ Աստղիկ Աբովյան, երաժշտական ձևավորող ՝ Լիանա Նիկողոսյան։ Յունիմա Հայաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջանների բարբառներով կբեմադրվի թատերական ներկայացում՝ «Դիզակ ԱՐՏ» թատերախմբի 11 սաների մասնակցությամբ: Ընտրված ստեղծագործությունը գրական հայերենից կփոխադրվի Արցախի բարբառների: Ներկայացման բովանդակությունը կարտահայտի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սովորույթները, մտածելակերպը, կկիրառվեն ասույթներ, առած-ասացվածքներ: Բեմական հագուստն ու բեմական ձևավորումը նույնպես կլինեն համապատասխան մոտիվներով: Կծեգ (կծիկ) խորհրդանշական վերնագիրն ընտրվել է՝ որպես տեղահանվածների մշակույթի հավաքական բնութագրիչ։ Բռնի տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակիչները ցրվել են տարբեր վայրեր՝ քանդելով դարեր շարունակ կենսունակ այդ կծիկը: Բարբառների այդ կծիկը նաև միասնություն ու համախմբվածություն է բնորոշում։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Զրույցներ եղեգի հետ» ցուցադրության բացումը։ Ցուցադրությունը վերհանում է մարդկության սերտ հարաբերությունները եղեգի (Arundo donax տեսակի) և նրա տարածքների հետ` Արաքս գետից մինչև Միջերկրական ծովի ավազանը: Ցուցադրությունը երկխոսության մեջ է դնում հայկական ավանդական և ֆրանսիական բարոկկո երաժշտության մեջ կիրառվող փողային գործիքները (դուդուկ, զուռնա, և հոբոյ) ու եղեգից պատրաստվող ձայնոցները և ընդգծում բույսի պատմական և ժամանակակից կիրառումը` լույս սփռելով արդի հիմնախնդիրների վրա` նվագարանագործ վարպետների արհեստից մինչև երաժիշտների պրակտիկաները։ Ցուցադրության հարթակում հանդիպում են պատմական աղբյուրներն ու ժամանակակից ստեղծագործությունները, արվեստագետներն և արհեստավորները, ովքեր հաղորդակցվում են այս բույսի հետ և նոր շունչ հաղորդում «եղեգի հասարակությանը», որը երկար ժամանակ մերն է եղել։ Ցուցադրությունը նախագծել է «ԱՀԱ կոլեկտիվը»։ Համադրող` Նայիրի Խաչատուրեան Հոբոյիստ և երաժշտագետ` Լոլա Սուլիե Ցուցադրության ձևավորող` Մայդա Շավակ Գրաֆիկական ձևավորող` Սարգիս Անտոնյան Արվեստագետներ` Անտուան Բուդեն, Փիրուզա Խալափյան, Շանթ Շարոյան, Մայդա Շավակ Ձայնոցագործ` Հովհաննես Խուդավերդյան Ցուցադրության բացմանը ելույթ ունեցան՝ «ՄԵՆՔ» ազգային պարի խումբը, գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Թորոյան, «ԹԱԳՊԱՐ» նվագախումբը՝ Գրիգոր Քարտաշյան, զուռնա Էրիկ Ավագյան, զուռնա Դավիթ Ալիխանյան, զուռնա Գրիգոր Դավթյան, դհոլ Զաքար Ավոյան, կոպալ: Ցուցադրությունն իրականացվել է «Ուսումնասիրություններ երաժշտության ասպարեզում. համագործակցություն երիտասարդ հետազոտողների և արվեստագետների միջև» նախագծային մրցույթի շրջանակում Ֆրանսիայի մշակույթի նախարարության «La direction générale de la création artistique» վարչության աջակցությամբ: Աջակիցներ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ֆրանսիայի մշակույթի նախարարություն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ, Վեոլիա ջուր, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, Սորբոնի համալսարան, Ֆրանսիական երաժշտագիտության ընկերություն, Վերսալի բարոկկո երաժշտության կենտրոն, Երաժշտագիտության գիտահետազոտական ինստիտուտ Ցուցադրությունը կգործի մինչև հուլիսի 5-ը։
Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից տարածքում գտնվող Խաչքարերի պուրակում տեղի կունենա «Ստեղծագործում են կանայք» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Կենտրոն վարչական շրջանը սիրով հրավիրում է մասնակցել ցուցահանդես-վաճառքին և ձեռք բերել տաղանդաշատ կանանց ձեռքի յուրօրինակ աշխատանքները: Միջոցառումը կուղեկցվի գարնանը, մայրությանը և գեղեցկությանը նվիրված համերգային ծրագրով, 360° վիդեո սպիների նկարահանումով և այլ անակնկալներով:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Երեւանի մանկական զբոսայգում մարտի 31-ին անցավ Զատկի տոնին նվիրված բազմազան միջոցառումներով, տոնածիսական արարողություններով, ազգային երգ ու պարով, բազմապիսի զատկական հետաքրքիր խաղերով, հուշանվերային և արհեստագործական արտադրանքի բազմաթիվ նմուշների ցուցադրություններով։ Միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին անվանի ժողովրդական վարպետներ, պարային և այլ երաժշտական խմբեր, «Արար» հայ ազգային արվեստի կենտրոնի մարզային մասնաճյուղերի սաներ։ Երեխաները հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց ձեռագործ աշխատանքները, միաժամանակ մասնակցելու վարպետաց դասերի և կրթական դասընթացների։ Ծրագրում ՝ մանրանկարչության, կերպարվեստի, կարպետագործության, փայտագործության, թաղիքագործության եւ խաչքարագործության վարպետաց դասեր, ազգային երգ ու պար, զատկական թեմատիկ խաղեր, զատկական ձվի ներկման արարողություն, ժողովրդական արհեստագործական վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, «Արար» ազգային արվեստի կենտրոնների սաների ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, գունեղ եւ զվարճալի խաղային անկյուն փոքրերի համար, «Էկոկրթարան» էկոլոգիական կրթության կենտրոնի «Պահպանիր բնությունը` վերօգտագործի’ր» աշխատարան, որի ընթացքում մասնակիցները թափոններից պատրաստեցին փոքրիկ հուշանվերներ, «Էնկի» ստվերների շարժական թատրոնի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» ստվերային ներկայացում եւ ստվերախաղի տիկնիկների պատրաստում ու փորձարկում, «Հայը կա» թատերախմբի «Երազանքի թևով» ազգային ինտերակտիվ ներկայացում, ուսուցողական, թեմատիկ եւ հետաքրքիր վիկտորինաներ պատանիների համար։ Միջոցառմամբ տրվեց «Արատտա» կրթամշակութային ազգային ծրագրի մեկնարկը։ «Հայը կա» հասարակական կազմակերպությունը «Արատտա» ծրագիրն իրականացնում է գործընկեր կազմակերպությունների հետ՝ «Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան», «Կենաց տուն» մշակութային ՀԿ, «Արար» հայ ազգային արվեստի կենտրոն, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ, «Միհր վոյաժ» զբոսաշրջային գործակալություն, «Սատուրն Ա» (Երևանի մանկական զբոսայգի) ՍՊԸ և Երևանի քաղաքապետարան։
Շարունակելով ձևավորված ավանդույթը՝ մարտի 31-ին, ժամը 14:00-ից (ժամը 10:30-ին մեկնարկող Սուրբ Հարության (Զատկական) տոնի Պատարագից հետո), Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում իրականացվեց Սուրբ Հարության մեծ տոնախմբություն՝ հայ ավանդական երգերով և պարերով: