Grabus

Հայկական արտադրության առաջին «Գրաբուսը» կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում Չինաստանի դեսպանության դրամաշնորհով շարժական գրադարանային կենտրոն՝ «Գրաբուս» /«Բիբլիոբուս»/ ձեռք կբերի /60 հազար դոլար կտրամադրի Չինաստանի դեսպանությունը և 30 հազար դոլար՝ «Ա.Ա Թրաքս» ընկերությունը/: Այդ մասին քառակողմ համաձայնագիրն այսօր կնքվեց Հայաստանի Ազգային գրադարանում։ «Հայաստանում Չինաստանի դեսպանությունը՝ ի դեմս մեր հրաշալի բարեկամ դեսպան Թյան Էռլունի, արդեն երրորդ անգամ է օժանդակում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնություններին: Նրանց աջակցությամբ պետական մի շարք թանգարաններում մենք ներդրեցինք «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը, կարողացանք ձեռք բերել շարժական կինոթատրոններ ու ավելի քան 200 կինոցուցադրություն իրականացնել Հանրապետության ամբողջ տարածքում: Այս ծրագիրը ևս շարունակական բնույթ է կրում: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև հայկական արտադրության այս հրաշալի «Գրաբուսի» համար, որը կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին ու համապատասխան ժամանակացույցով կաշխատի մարզի բոլոր քաղաքներում ու համայնքներում»,-համաձայնագրի ստորագրմանը հաջորդած իր խոսքում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:

«Մշակութային կապերի զարգացման ու ամրապնդման գործում Հայաստանի մշակույթի նախարարությունը մեր լավագույն գործընկերն է: Մեզ հիացնում է նախարարության նախաձեռնողականությունը, օգտակար, անհրաժեշտ լուծումներ գտնելու հմտությունը: Այս ամենն, իհարկե, բխում է բոլորիս շահերից, և ուրախ ենք այդ նախաձեռնություններին բերելու մեր համեստ օժանդակությունը»,-արձագանքեց Հայաստանում Չինաստանի դեսպանը:

«Ա.Ա. Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանի տեղեկացմամբ, «Գրաբուսը» պատրաստ կլինի շուրջ երկու ամսից: Այն կծառայի ոչ միայն որպես շարժական գրադարան, այլև որպես բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր:

«Մշակույթի նախարարության առաջարկը ստանալուց հետո մենք ուսումնասիրեցինք ամբողջ աշխարհում կիրառվող նույնանման «Բիբլիոբուսների» փորձը: Դրանք հիմնականում աշխատում են գրադարանի կամ գրախանութի ձևաչափով, բայց մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով և ստեղծել բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր՝ շարժական բեմով, կինոթատրոնով, ձայնային ակուստիկ համակարգով, գրապահարաններով, WI-FI ցրիչով և այլ անհրաժեշտ պարագաներով»:

«Ա.Ա. Թրաքս» մայր ընկերությունը 1970 թվականին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հիմնադրել է ամերիկահայ գործարար Վահե Նիկողոսի Կարապետյանը: Մեկ տարի առաջ ընկերության մասնաճյուղը բացվեց նաև Երևանում: Նախկին «Ռոբոտների գործարանի» տարածքում ընկերությունն արտադրում է բազմաֆունկցիոնալ բեռնատար մեքենաներ՝ ԿԱՄԱԶ-ի հենքի վրա: Գործարանի հայաստանյան մասնաճյուղի համահիմնադիրը Վահե Կարենի Կարապետյանն է:

malta

Մալթայի Հանրապետությունում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր

ՀՀ մշակույթի նախարարության, «Մալթայի արվեստի խորհրդի» և «Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամի» համագործակցությամբ, «Վալետտան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում` ս. թ. ապրիլի 18-30-ը Վալետտայում /Մալթայի Հանրապետություն/ առաջին անգամ կանցկացվի «Հայաստանի մշակույթի օրեր»:

«Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին «Meditterranean Conference Center» կենտրոնի «Sacra Infermeria Hall» սրահում. այստեղ տեղի կունենա աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված՝ «Երաժշտության միջազգային լեզու» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որին «Republic Hall» համերգասրահում կհաջորդի՝ Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյան/ համերգը:

Ծրագրի շրջանակում համերգներով հանդես կգան նաև «Խաչատրյան տրիոն» և «Արաքս» պարային համույթը, կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային համերգը, ինչպես նաև Մալթայի երգչախմբի կատարմամբ կհնչեն Կոմիտասի երգերը:

Կանցկացվեն «Կոմիտաս. կյանքը լուսանկարներում», «Խաչքարեր», «Քարերի գաղտնիք» խորագրերով ցուցահանդեսները, կցուցադրվեն Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները», Միքայել Պողոսյանի «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմերը: Նախատեսվում է «Արվեստ և մշակույթ» հիմնադրամի կրթաթոշակակիրներ՝ Մերի Մուսինյանի /քանոն/, Գևորգ Ստեփանյանի /դուդուկ/, Էլեն Հարությունյանի /դաշնամուր/, Վահրամ Հովհաննիսյանի /երգիչ/ ելույթները:

Տեղեկացնենք, որ «Հայաստանի մշակույթի օրերը» Մալթայի Հանրապետությունում անցկացվում է համաձայն 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 24-րդ խորհրդի ընթացքում, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մալթայի Հանրապետության արտաքին գործերի և առևտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելայինի կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի:

cannes

ՀՀ մշակույթի նախարարությունում կայացավ Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինո

Ս. թ. ապրիլի 9-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացավ Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայի մասնակցության հայտերի քննարկումը:

Ընդհանուր առմամբ ներկայացվել էր 6 կինոնախագիծ, որոնցից, ժյուրիի որոշմամբ, հաղթող ճանաչվեցին հետևյալ նախագծերը`

1. Արտյոմ Բաղդասարյան՝ «Իններորդ ալիք-Այվազովսկի»

2. Ելենա Արշակյան՝ «Հարճը»

3. Մերի Աղախանյան՝ «Մոռացված բնակիչները»

2018 թվականի մայիսի 8-19-ը` Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկայի մասնակցության համար, ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով հետևյալ կազմով. նախագահ` Արսեն Բաղդասարյան /«Հայաստանի ազգային կինոկենտրոնի» գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար/, անդամներ` Գուժ Թադևոսյան /ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ/, Կարեն Ղազարյան /պրոդյուսեր, «Շարմ Հոլդինգ» պրոդյուսերական և գովազդային գործակալության գլխավոր տնօրեն/, Իննա Սահակյան /պրոդյուսեր, «Բարս մեդիա» ընկերության ներկայացուցիչ/, Հայկ Սահակյանց /«Ռոբերտ Սահակյանցի» անվան անիմացիոն արվեստանոցի տնօրեն/, Արմեն Գրիգորյան /պրոդյուսեր/:

Հայտնում ենք, որ անկախ մրցույթի արդյունքներից, ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստակամ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը՝ հեղինակների կողմից համապատասխան նյութերի տրամադրման դեպքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության մասնագետ Գուժ Թադևոսյանին /Էլ. փոստ` [email protected], հեռախոս` 011-51-93-06/:

babkne

Երևանում բացվեց Բաբկեն Ներսիսյանի դիմաքանդակով հուշասյունը

Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով՝ ս. թ. ապրիլի

7-ին, Աբովյան 21 շենքի առջև /այդ շենքում ապրել է Բաբկեն Ներսիսյանը/ Երևանում բացվեց նրա բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը: Քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան, ճարտարապետ՝ Լևոն Իգիթյան։

«Մեծ սիրով եմ իրականացրել այս աշխատանքը, որովհետև իմ սերնդակիցները շատ լավ հիշում են Բաբկեն Ներսիսյանին և շատ ոգևորված էին այս գաղափարով: 1960-80-ականների այդ ծաղկաբույլի մեջ նա իր ուրույն տեղն ուներ այնպիսի հզոր դերասանների կողքին, ինչպիսիք էին Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը… »,-հուշասյան բացմանն ասաց քանդակագործ Տիգրան Արզումանյանը:

«Մի դերասան, որը դեռ 19 տարեկանից ապշեցրեց հանդիսատեսին և ապշեցրեց իր գործընկերներին՝ դեռ Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնում, հետո, իհարկե, նաև Սունդուկյանի անվան թատրոնում: Մենք կարծես քնած էինք, և եկավ մեկը, որը փոթորկի նման մտավ մեր կյանք ու սիրվեց բոլորի կողմից: Ավելի քան վստահ եմ, որ Բաբկեն Ներսիսյանը մեր հզոր, մեծ դերասանների ոսկե շղթայի վերջին օղակն է»,-ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի խոսքն է:

«Երբեք մենակ չեմ տեսել այդ մարդուն: «Հիպոկրատի գլխարկը» ներկայացման ժամանակ երիտասարդ դերասաններով հավաքվում էինք կուլիսներում, որպեսզի վարպետության փորձ ձեռք բերենք՝ տեսնելով, թե ինչ բան է բեմում մկանային ազատությունը: Առանց ավելորդ ջանքերի նա կարողանում էր փոխանցել այն ներքին հույզերը, որն ուներ այդ կերպարը, և ոչ միայն այդ կերպարը…»,-ասաց Արմեն Էլբակյանը՝ խոսքն ավարտելով «Սարոյան եղբայրները» ֆիլմում Բաբկեն Ներսիսյանի կերտած հրաշալի կերպարի հայտնի խոսքով. «Կարող եք ծխել, պարոնա՛յք»:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով, հատկանշական է, որ սիրելի դերասանի հուշասյունը բացվում է ապրիլի 7-ին՝ կանանց տոնին, որոնք պաշտում էին նրան: Ներսիսյանի բազմաթիվ դերերից նա առանձնացրեց Սայաթ Նովայի կերպարը համանուն ֆիլմից՝ նշելով.

«Ֆիլմից հետո բոլոր նկարիչները, քանդակագործները, ձեռարվեստի վարպետները Սայաթ Նովային կերտում էին հենց նրա պատկերով. նա կարողացավ վերակենդանացնել մեծ աշուղին մեր սրտերում ու հոգիներում: Շնորհավորում եմ երևանցիներին, թատերասեր հասարակությանը, բոլորիս, որ ներսիսյանական այս կենդանի հուշասյունն այսուհետ մեր քաղաքի սրտում է»:

Հուշասյան բացման հանդիսավոր արարողությանը Ներսիսյանի որդին՝ Մայր թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ հոր «կտակին»:

««Կտակը» նա ինձ չէր տվել, ես այն գտա մահից հետո, նրա արխիվում: Կտակը գրել էր ենթատեքստով՝ եթե դա քեզ պետք լինի, դու կգտնես այն: Տասը տող է ընդամենը. «Վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին: Եղիր բարի, ճշմարիտ և ազնիվ: Առա՛ջ, նահանջելու տեղ չկա…»:

Տիգրան Ներսիսյանի փոխանցմամբ, Աբովյան 21 հասցեում բացված հուշասյան գաղափարն իրականություն է դարձել մշակույթի նախարարության, «Բաբկեն Ներսիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ու Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:

cicernask

«Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության անվանակարգերի հաղթողները

Ս. թ. մարտի 31-ին, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Դասական, ժողովրդական և մասսայական /փոփ/ ժանրերում անցկացվող մրցանակաբաշխությունը, որն իրականացվում է հայկական երաժշտարվեստի 2017 թվականի ամենանշանակալի ձեռքբերումներն ու հանրապետության լավագույն երաժիշտ-կատարողների, խմբերի ստեղծագործական աշխատանքն արժևորելու և հանրահռչակելու նպատակով, հանրությանը ներկայացավ նոր և հետաքրքիր ձևաչափով, ուղեկցվեց բարձրարժեք համերգային ծրագրով: Դասական երաժշտության ժանրում մրցանակի են արժանացել. ◆ Լավագույն համերգային նախագիծ-«Ահեղ դատաստան» /Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն/, ◆ Լավագույն ալբոմ– «Alexsandr Harutyunyan: Complete piano works», Հայկ Մելիքյան, ◆ Լավագույն երաժիշտ-կատարող /գործիք/ – Դիանա Ադամյան /ջութակ/, ◆ Լավագույն երաժիշտ-կատարող /վոկալ/ – Լիպարիտ Ավետիսյան /տենոր/, ◆ Լավագույն երաժշտախումբ – «Հովեր» պետական երգչախումբ: Ժողովրդական երաժշտության ժանրում. ◆ Լավագույն երաժիշտ – կատարող /գործիք/ – Նորայր Գափոյան /դուդուկ/, ◆ Լավագույն երաժիշտ – կատարող /վոկալ/ – Վարդան Բադալյան, ◆ Լավագույն ալբոմ – «Քեզ եմ հիշում » /Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ/, ◆ Լավագույն երաժշտախումբ – «Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ», ◆ Լավագույն համերգային նախագի – «Դուդուկի մեծարման երեկո» /Կամո Սեյրանյան/: Մասսայական երաժշտության ժանրում. ◆ Լավագույն ՓՈՓ խումբ-«Արցախի ձայներ», ◆ Լավագույն ալբոմ-«Զարմանալի և անսովոր» YellowStones, ◆ Լավագույն ռոք խումբ- NEMRA, ◆ Լավագույն տեսահոլովակ – «Սիրո Հավերժ քաղաք» /Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան/, ◆ Լավագույն համերգային նախագիծ – «Սիրո Հավերժ քաղաք» /Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան/, ◆ Լավագույն դուետ – «Արամ MP3 և 3.33», ◆ Տարվա հիթ – «Լուսին» /Գարիկ և Սոնա/, ◆ Տարվա հայտնություն – Հակոբ Հակոբյան և Արման Հովհաննիսյան, ◆ Տարվա լավագույն երգիչ-Էրիկ, ◆ Տարվա լավագույն երգչուհի- Իվետա Մուկուչյան: Հատուկ մրցանակներ. ◆ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ «Համահայկական նվագախումբ» նախագիծը լավագույնս իրականացնելու համար, ◆ Տիգրան Մանսուրյանին՝ «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգաշարի համար, ◆ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ «Մշակութային Կանգառ» նախագծի իրականացմանն աջակցելու համար, ◆ Ջազի հայկական ասոցիացիային՝ ջազը հանրահռչակելու համար, ◆ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո իրականացված «Ճանապարհորդություն դեպի հեքիաթների աշխարհ» բարեգործական համերգային նախագծին, ◆ «Երգ Արցախից» – Գայա Արզումանյան «Այայի երկիր Արցախ», ◆ Հանրային հեռուստաընկերությանը՝ մշակութային կյանքը լավագույնս լուսաբանելու համար, ◆ Սիրուշոյին՝ արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար, ◆ Արտակ Կիրակոսյանին՝ «Կրկին բեմում» համերգային նախագծի համար, ◆ Արթուր Գրիգորյանին` Հայկական էստրադայում նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առիթով:

vaxtang

Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները Վախթանգ Չաբուկիանիի անվան V միջազգային բալետային մրցույթ-փառատոնը

2018 թվականի մարտի 31-ից ապրիլի 1-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվել է Վախթանգ Չաբուկիանիի անվան V միջազգային բալետային մրցույթ-փառատոնը:

Հայաստանից մրցույթ-փառատոնին մասնակցել են Երևանի պարարվեստի պետական քոլեջի 6 սաներ:

Վախթանգ Չաբուկիանիի անվան V միջազգային բալետային մրցույթ-փառատոնին մասնակցում էին 6 երկրների՝ 48 ներկայացուցիչներ: Մրցույթն անցկացվել է երկու տարիքային խմբերում, հետևյալ անվանակարգերում՝ «Դասական պար» և «Մոդեռն պար»:

Քոլեջի 3-րդ կուրսի ուսանող Վահե Բաբաջանյանը «Դասական պար» անվանակարգում արժանացել է I մրցանակի, իսկ «Մոդեռն պար» անվանակարգում՝ II մրցանակի:

Քոլեջի 5-րդ մասնագիտական դասարանի աշակերտ Գոռ Սարգսյանը «Դասական պար» անվանակարգում արժանացել է III մրցանակի և հատուկ մրցանակի՝ Մարիուս Պետիպայի ժառանգության լավագույն մեկնաբանության համար:

Քոլեջի սաներ Սուսաննա Խաչատրյանը, Անահիտ Խաչատրյանը, Լիա Արամյանը, Սյուզաննա Գևորգյանն արժանացել են դիպլոմների և մեդալների:

«Լավագույն մանկավարժ» հատուկ մրցանակը շնորհվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Դիվանյանին:

stepanakertti tatron

«Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին». Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը կնե

ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը` ս. թ. մարտի 24-ին, ժամը 14:00-ին, ներկայացնում է «Պոչատ աղվեսը» բեմադրությունը:

 

Թատրոնի ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայան:

 

 

ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները մեկ ներկայացում կամ համերգ կնվիրեն Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին՝ տոմսերի ամբողջ հասույթն ուղղելով թատրոնի շենքի վերանորոգմանը:

msh-nax

Մեկնարկում է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կամուրջ» ծրագիրը

Մարտի 23-24-ը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արցախյան հյուրախաղերով կմեկնարկի ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կամուրջ» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև ստորագրված հուշագրի շրջանակում:

Հայաստան-Արցախ մշակութային կապերի ամրապնդման, մշակութային փոխհամագործակցության ակտիվացման, ընդհանուր մշակութային դաշտի գործունեության շարունակական ապահովման նպատակով իրականացվող «Մշակութային կամուրջ» ծրագրի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները /յուրաքանչյուր ամիս՝ առնվազն մեկ ելույթ/ հանդես կգան Արցախի Հանրապետության տարբեր համայնքներում՝ հնարավորություն ընձեռելով Արցախի արվեստասեր հանրությանը հաղորդակցվելու հայաստանյան մշակութային անցուդարձին, կատարողական արվեստի վերջին ձեռքբերումներին:

Ծրագրի շրջանակում, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ստեփանակերտում կներկայանա տեղի հանդիսատեսին 2 օր՝ մարտի 23-ին և 24-ին:

Տեղեկացնենք, որ մինչ այդ, պլանավորված են թատերախմբի հյուրախաղերը նաև Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում:

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը կներկայացնի «Պոչատ աղվեսը» բեմադրությունը

ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը` ս. թ. մարտի 24-ին, ժամը 14:00-ին, ներկայացնում է «Պոչատ աղվեսը» բեմադրությունը:

 

Թատրոնի ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայան:

 

ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները մեկ ներկայացում կամ համերգ կնվիրեն Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին՝ տոմսերի ամբողջ հասույթն ուղղելով թատրոնի շենքի վերանորոգմանը:

marco-mishania

Իտալացի ալտահար Մարկո Միշանիայի մենահամերգը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մարտի 28-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա իտալացի ալտահար Մարկո Միշանիայի մենահամերգը:

Կհնչի Մ. Միշանիայի՝ ՀՀ պետական օրհներգի «Մեր հայրենիք» թեմայով «Ինտրոդուկցիա, թեմա և վարիացիաներ» ստեղծագործությունը:

Ծրագրում ընդգրկված են նաև Իսահակ Ալբենիսի, Ֆրանցիսկո Տարրեգայի, Աստոր Պիացոլայի ստեղծագործությունների՝  մենակատարի կողմից կատարած մշակումները, ինչպես նաև Հենրի Էքլզի, Ալեսանդրո Ռոլլայի, Նիկոլո Պագանինիի ստեղծագործությունները:

Դաշնամուրի մոտ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:

Իտալացի ջութակահար և ալտահար Մարկո Միշանիան համարվում է իր սերնդի տաղանդավոր երաժիշտներից մեկը: Նա բազում միջազգային մրցույթների և փառատոների մրցանակակիր և դափնեկիր է:

Ծավալելով մենակատարի գործունեություն, ելույթներ ունենալով իտալացի և արտերկրի բազմաթիվ երաժիշտների հետ՝ արժանացել է հանդիսատեսի և քննադատների ճանաչմանն ու ընդունելությանը:

Համատեղ ելույթներով հանդես է եկել այնպիսի անվանի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Էնթոնի Փեյը, Ֆրանկո Պետրաքին, Նատալիա Լոմեյկոն և այլն: