Լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) 2021 թ. պարբերականը, որում ընդգրկված են նաև հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված հոդվածներ։
Հայկական ստվերների թատրոնի մասին պատմող հոդվածում անդրադարձ է արվում ժողովրդական թատրոնի այդ տեսակի պատմությանը, ձևավորման ընթացքին և արդի զարգացումներին։ Հայոց այբուբենին նվիրված հետաքրքրական հոդվածը ներկայացնում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հայ գրերն իմ գրչով» կրթական ծրագիրը: Այն անցկացվում է Գրիգոր Խանջյանի եռամաս որմնանկարի ցուցադրությամբ՝ ունկնդիր աշակերտի ուշադրությունը հրավիրելով «Հայոց այբուբեն» հատվածին, որը բացահայտում է յուրահատուկ ոճով ու գույներով առանձնացող թռչնատիպ տառերի զարմանահրաշ աշխարհը։
Նշյալ պարբերականին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ: