xorovac-paraton

Խորովածի Համահայկական Փառատոն

xorovac-cover

2018 թվականից փառատոնը անց է կցվում Ախթալայի մարզադաշտում: Փառատոնը կազմակերպում են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, Ախթալայի քաղաքապետարանը և Լոռու մարզպետարանը։ Փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թվականին։ Նպատակը հայ խոհարարական ավանդույթների զարգացումը և Ախթալայի ու տարածաշրջանի զբոսաշրջության խթանումն է։ Խորովածի տոնին մասնակցում են հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ խոհարարներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ 2017 թվականին կազմակերպիչներն Ախթալան հռչակեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք։

Փառատոնի ծրագրի շրջանակներում անց են կացվում խոհարարական մրցույթներ, պատրաստվում են տարբեր մսամթերքներից խորովածներ, այս ամենը ուղեկցվում է ազգային երգ ու պարով։

ham-p

Էրգրի Համի Հիշողություն

ham-cover

Իրականացվում է՝ 2013 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» ՀԿ

Իրականացման վայր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնք

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն

Ծրագրի /Միջոցառման/ համառոտ նկարագրություն

Ավանդական դարձած այս փառատոնի ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ (Նոր Արթիկ, Սուսեր, Զարինջա, Ցամաքասար, Թաթուլ, Արտենի, Մաստարա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ համայնքները, Աշտարակ քաղաք, Մուղնի գյուղ) ներկայացնում են ազգային ուտեստներով լի սեղաններ: Զուգահեռ ցուցադրվում են ոչ միայն ներկա, այլև անցյալի՝ Արևմտյան Հայաստանի բնակավայրերին բնորոշ կերակրատեսակներ, այդ թվում՝ Սասուն, Մուշ, Վան, Կարս, Էրզրում, Ալաշկերտ, Խոյի Սալմաստ գավառ, Ցրոնք, Շենիկ տարածքների խոհանոցային մշակույթը և առանձին կերակրատեսակների պատրաստման ընթացքը:

Այս փառատոնի իրականացումը նպաստում է հասարակության տեղեկացվածությանն ավանդական խոհանոցում մթերքների մշակման, պահպանման, համեմունքների համադրման, կերակրատեսակների պատրաստման, դրանց տոնածիսական նշանակության վերաբերյալ:

tutp

Թթի Փառատոն

tut-cover

Թթի փառատոնը ամեն տարի տեղի է ունենում Քարահունջ գյուղում, որտեղ այցելուները մասնակցում են օղու պատրաստման գործընթացի ամեն քայլին՝ սկսած թթի հավաքումից մինչև օղու թորում։

Թթի օղու թորման արարողությանը մասնակցելուց և թորումը սովորելուց հետո այցելուները հայկական երգերի և պարերի ներքո համտեսում են ավանդական ուտեստները։

xachmeruk-o

Հայաստանը Խաղաղության Խաչմերուկում

xachmeruk-cover

Իրականացվում է՝ 2012 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Ավանդական Տոների Վերածնունդ» ՀԿ

Իրականացման վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Երևան

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնն արդեն դարձել է ավանդական և իր հաստատուն տեղն ունի ազգային կատարողական արվեստի պահպանմանն ու հանրահռչակմանը միտված մշակութային միջոցառումների շարքում: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել ազգային կատարողական արվեստը, այլև ունենալով միջազգային ձևաչափ՝ ապահովում է այլ ժողովուրդների ֆոլկլորային արվեստին հաղորդակցվելու մատչելիություն և նպաստում միջմշակութային երկխոսությանը:

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնին հայաստանյան խմբերի հետ մեկտեղ մասնակցում են արտերկրի ազգագրական երգի և պարի խմբեր: 

taxiq-p

Թաղիքի Փառատոն Գավառում

taxiq-cover

Գորգեր, հագուստ, աքսեսուարներ, տիկնիկներ ու այլ իրեր՝ պատրաստված թաղիքից` մամլված բրդից:

Փառատոնի ընթացքում բրդե տիկնիկներ են պատրաստում։

«Թաղիքագործության խմբակին 3 ժամ հաճույքով մնում ենք դպրոցում»,- ասում է 8-րդ դասարանի աշակերտուհի Էլենն ու ընկերների հետ շարունակում այցելուներին սովորեցնել բրդից տիկնիկներ պատրաստել:

Այդ ընթացքում միջոցառման մասնակիցները սովորում էին  «Քեչին վրեն» պարը, նրանց օգնում էր «Մասունք» ազգային երգի և պարի համույթը:

Փառատոնը նախաձեռնել է «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպությունը:Կազմակերպության տնօրեն, թաղիքագործ Լալա Մնեյանի հիշողությունները թաղիքի վերաբերյալ գալիս են դեռ մանկուց, երբ Գավառում բնակվող իր տատիկի և պապիկի տանը հեքիաթներ էր լսում՝ թաղիքից գործած  գորգի` քեչայի վրա նստած:

«Փառատոններն անցկացվում են այն վայերում, որտեղ ամենից շատ են պահպանվել թաղիքագործության ավանդույթները: Առաջին փառատոնը Գավառում տեղի ունեցավ:  Իսկ Լոռիում, օրինակ, շատ քիչ հետքեր կան, բայց աստիճանաբար Հայաստանի բոլոր վայրերում էլ կանցկացվեն միջոցառումներ»:

Տիկին Մնեյանն ասում է, որ ցանկացողների համար թաղիքից պատրաստված իրեր գնելը գուցե ոչ միշտ է հնարավոր, բայց մարդիկ փորձում են օգտվել բնական հումք ունեցող, էկո իրերից: «Վաճառքի համար նախ պետք է ճանաչելի դառնա թաղիքը, մենք այդ խնդիրն ունենք»:

Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ «Ավանդության ոգին» նորաձևության ցուցադրությունը: Զգեստների մի մասի հեղինակ, թաղիքագործ-դիզայներ Նունե Չուխաջյանը մասնագիտությամբ բժիշկ է և արդեն 3 տարի է՝ բժշկությունն ու թաղիքագործությունը համատեղում է․

«Պատահական համացանցում հոլովակ տեսա, ու ինձ շատ հետաքրքրեց: Քանի որ մանկուց կարել եմ, գործել, ինձ համար այս աշխատանքը այդքան դժվար չէր»:

Դիզայների ներկայացրած հագուստները տարբեր տարիների են կարվել. «Օրինակ` այս պայծառ գույներով հագուստը հեղափոխության օրերին եմ պատրաստել` նրանից ոգեշնչված, և հագուստի աշխատանքային անունն էլ «Հաղթանակ» էի դրել»:

Նունե Չուխաջյանի խոսքով՝ եթե մարդ մի անգամ դիպչում  է թաղիքին և ինչ-որ բան ստեղծում, հետո շատ դժվար է լինում հետ կանգնել:

Փառատոնին ներկա էր նաև հունգարացի թաղիքագործ Իշտվան Վիդակը, ով առաջինն է քայլեր արել Եվրոպայի ժամանակակից թաղիքագործության ոլորտում:

Թաղիքագործը բացման արարողության ժամանակ խոսեց հայկական մշակույթի մասին, նշեց՝ հայերը պետք է հպարտ լինեն՝ շատ ասպարեզներում առաջատար լինելու համար, և այդ ոլորտներից մեկը հենց թաղիքագործությունն է:

Իշտվան Վիդակը ոլորտում իր ունեցած փորձի մասին պատմեց «Թաղիքագործության մասին» սեմինարի ընթացքում:

Այցելուների թվում էր նաև երգահան, երաժշտագետ Արթուր Շահնազարյանը:

«Մենք այն բացառիկ ժողովուրդն ենք, որ պահել է հացի արարման մասին բոլոր երգերը, և թաղիքի պատրաստման մասին նույնպես ունենք երգեր, որոնցից մեկն է պահպանվել»,- ասաց երաժշտագետն ու կատարեց թաղիք ծեծելուն նվիրված երգից մի հատված:

Կազմակերպիչներն ասում են, որ Թաղիքի փառատոն անցկացնելու նպատակն է ծանոթացնել հանրությանը հայկական թաղիքագործության ավանդույթներին և կենսունակությանը, նպաստել դրանց ճանաչմանը և արդի դրսևորումներին։

Այն նվիրված էր նաև Հայոց ազգագրության ազգային թանգարանի 41-ամյակին: Փառատոնի ողջ ընթացքում թանգարանի բակում ընթանում էր թաղիքե իրերի տոնավաճառ-ցուցահանդես:

3xndzor-p

Երկնքից Երեք Խնձոր Ընկավ․․․ Հեքիաթասացության և Բարբառի Փառատոն

3xndor-cover

Իրականացվում է՝ 2009 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ

Իրականացման վայր՝ ՀՀ մարզեր և Երևան քաղաք

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի ամենամյա մրցույթ-փառատոնի ծրագիրը միտված է հեքիաթասացության, բանավոր խոսքի  մշակույթի վերակենդանացմանը՝ իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոցի, երիտասարդության ստեղծագործական կարողությունների բացահայտման խրախուսմանը, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթի ճանաչմանն ու նպաստել մշակութային երկխոսությանը:

Փառատոնի կարևոր նախապայմանն է հայերենի այն բարբառների և խոսվածքների կիրառումը, որոնք այսօր  հնարավորություն չունեն կենցաղավարելու իրենց պատմական հայրենիքում /Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի բարբառները/:

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնին մասնակցում են ինչպես ՀՀ մարզերը, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, այնպես էլ սփյուռքահայ գաղթօջախները: Մասնակցության համար չկա որևէ տարքային կամ այլ սահմանափակում:

2013 թ. «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի փառատոնը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ–ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող ՍԵԿԱ–ի (ԻԿՕՄ–ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտե) հայտարարած «Լավագույն փորձ» մրցույթում (Best Practice AWARD) և ընդգրկվել աշխարհի «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում:

hayhastani-patmutyan-tangaran

Հայաստանի պատմության թանգարանի դիմաց տեղի ունեցավ ռազմապարերի ուսուցման բաց դաս

Հունվարի 29-ին Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ցուցադրության բացումը՝ «Բանակի ակունքներում» խորագրով: Ցուցադրության բացմանը հաջորդեց ռազմապարերի ուսուցման բաց դասը, որն անցկացրեց «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։

dilijani-hamn-u-hoty

Տպագրվել է «Դիլիջանի համն ու հոտը» խոհանոցային գրքույկը

«Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ի «Դիլիջանի արխիվ» ծրագրի շրջանակում հավաքագրվել են դիլիջանյան խոհանոցը ներկայացնող մի շարք ուտեստների բաղադրատոմսեր՝ նպատակն է վերածնունդ տալ և  պահպանել դիլիջանյան խոհանոցի առանձնահատկությունները։ Ծրագրի ընթացքում բաղադրատոմսերը հավաքագրվել են հիմնականում տատիկներից և սարվորներից, որոնք մինչև այսօր պահպանում են ավանդական բաղադրատոմսերը: Նունե Զաքարյանը, որը ծրագրի շրջանակում հավաքագրել է բաղադրատոմսերը, նշեց, որ երբ ձևակերպվում էր նպատակը, հասկացան, որ այն շատ ընդարձակ և անծայրածիր թեմա է, քանի որ ամեն սերունդ իր ձևով է ներկայացնում բաղադրատոմսերը «Որոշեցինք, որ բաղադրատոմսերը հիմնականում հավաքագրվելու են մեծ սերնդից՝ այն տատիկներից, ովքեր իրենց տներում հիմնական խոհարարներն են և կարող են պատմել Դիլիջանում ավանդական ուտեստների իրական բաղադրատոմսերը: Շատ յուրահատուկ օրինակներ գտանք ծրագրի ընթացքում և անգամ Դիլիջանի տարբեր թաղամասերում նույն ուտեստը տարբեր կերպ են պատրաստում: Գտանք Դիլիջանում ամենահամեղ թթու պատրաստող տատիկին, ով փոխանցեց իր բաղադրատոմսը»: Նունե Զաքարյանը նաև ընդգծեց, որ իրենց նպատակը չի եղել ցույց տալ, որ դրանք միայն Դիլիջանին են հատուկ, քանի որ Հայաստանի բոլոր տարածքներում բաղադրատոմսերը շատ նման են և պատրաստման եղանակներն են տարբերվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

razmapareri-usucman-bac-das

Ռազմապարերի ուսուցման բաց դաս․ Հայաստանի պատմության թանգարան

Հունվարի 29-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարի ներքո տեղի կունենա հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ցուցադրության բացում՝ «Բանակի ակունքներում» խորագրով: Ցուցադրության շրջանակում մեծադիր պաստառների վրա կներկայացվեն ազգային բանակի կայացման հիմքում կարևոր դերակատարություն ունեցած ռազմական գործիչների, նրանց պատկանող անձնական իրերի և փաստաթղթերի լուսանկարներ, որոնց մեծ մասը ի պահ է տրված Հայաստանի պատմության թանգարանին:

Ցուցադրության բացմանը կհաջորդի ռազմապարերի ուսուցման բաց դասը, որը կանցկացնի «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:

darbnuyan-ancyalln-u-nerkan

Դարբնության անցյալն ու ներկան, մշակութային արժեքն ու նշանակությունը ներկայացրել է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Աղասի Թադևոսյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրել է «Գյումրու դարբնոցային մշակույթի արհեստագործական և համայնքային ավանդույթները» ծրագիրը, որի հիմնական գաղափարն էր Գյումրիի դարբնության ավանդույթները ներկայացնող և մշակութային ժառանգության արժեք ունեցող ազգագրական նյութի գրանցումը, պահպանումն ու հանրայնացումը։

Չնայած դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ այն իր լիարժեք արտահայտությունը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում:

Ինչպես Աղասի Թադևոսյանն է ներկայացնում, շուրջ 5 ամիս տևած գիտարշավների ընթացքում գրանցած նյութի հիման վրա շարադրվել են դարբնոցային տեխնիկատեխնոլոգիական աշխատանքի և քաղաքային ֆոլկլորում դարբնության ու դարբինների դերի ու տեղի հետ կապված համառոտ պատմություններ, որոնք ամփոփվել են էլեկտրոնային գրքի և շտեմարանի ձևով: Բացի դրանից՝ իրականացվել է Գյումրիի դարբնոցային մշակութային ժառանգության նմուշների տեղակայման քարտեզագրում՝ դրանց գտնվելու վայրերի մասին ցանկերի ուղեցույցով և լուսանկարներով, ինչպես նաև համառոտ տուրիստական խորհրդատու Գյումրիում դարբնոցային մշակութային ժառանգության ցուցադրմանը նվիրված շրջայցի կազմակերպման վերաբերյալ:

Ծրագրի իրականացումը կարևորվում է Գյումրիի արհեստների գույքագրման, արհեստագործների համայնքի արժևորման և գնահատման, ինչպես նաև տեղական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ու կենսունակության շարունակականության ապահովման նպատակով:

Ըստ Ա. Թադևոսյանի՝ մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված այս հետազոտական ծրագրին գործուն աջակցություն է ցուցաբերել «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրենությունը. ազգագրագետն ասում է. «Անգնահատելի է հատկապես թանգարանի գիտաշխատող Պարույր Զաքարյանի մասնագիտական խորհրդատվությունը հետազոտության իրականացման գործընթացում»։ Ծրագրին աջակցել են նաև ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը և Գյումրու ժողովրդական ճարտարապետությունը, քաղաքային կենցաղը և մշակույթը ներկայացնող Ձիթողցոնց տուն-թանգարանը։

Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել թե՛ գյուղական, թե՛ քաղաքային բնակավայրերում: Եթե գյուղերում միայն կենցաղային իրեր են պատրաստվել, ապա քաղաքում շատ ավելի լայն պահանջարկ է եղել. կիրառվել են տան արտաքին ձևավորման տարրեր՝ դռների, պատուհանների ճաղավանդակներ, բազրիքներ։ Որպես քաղաք՝ Գյումրին ձևավորվել է 1840-ականներին, երբ այստեղ է տեղափոխվել քաղաքային բնակչություն՝ ձևավորելով տարբեր խավեր: Դա ենթադրում էր մրցակցություն ոչ միայն տարրական կարիքների, այլև գեղագիտական պահանջմունքների բավարարման տիրույթում: Իսկ մրցակցության մեջ վարպետներն ավելի էին հմտանում:

Քաղաքային արհեստները ունեին համքարություններ՝ որոշակի կանոններով ու արհեստի որակական չափանիշներով, և եթե որևէ արհեստագործ չէր բավարարում այդ չափանիշները կամ խախտում էր դրանք, համքարությունը կարող էր զրկել նրան առևտրական շարքում կրպակ ունենալու հնարավորությունից:

Ըստ Աղասի Թադևոսյանի՝ «Ցանկացած նյութական մշակույթ առարկայանում է ոչ նյութական մշակույթի՝ մտքի ու գաղափարի հաշվին. նյութականը վերջնական արդյունքն է: Այս համատեքստում պետք է տարբերել երկաթագործությունը ավանդական դարբնությունից: Այսօր էլ Գյումրիում կան երկաթային դեկորներով տներ: Դրանց պատրաստման ավանդական եղանակներին փոխարինում է տեխնիկական՝ եռակցման եղանակը: Գործից հասկացող մարդը տարբերությունը միանգամից կզգա. արտաքին տեսքը, որակը այլ են: Դարբնությամբ արված գործերի սիմետրիկ շարքերը, բացի կիրառականությունից, նաև գեղագիտական նշանակություն են ձեռք բերել. հենց սա է դարձել ոչ նյութական մշակութային ժառանգություն»:

Հետազոտությունների ընթացքում Ա. Թադևոսյանը զրուցել է գյումրեցի մերօրյա դարբինների՝ այդ ավանդույթը իրապես կրողների հետ: Նա պատմում է, որ դարբնության ամենածաղկուն շրջանում Գյումրին ունեցել է մոտ 96 վարպետ դարբին. այսօր նրանց թիվը քաղաքում մատների վրա կարելի է հաշվել. վեցն են: Մի քանի ընտանիք կա, որ սերնդեսերունդ պահպանում է արհեստը՝ հասնելով արդեն 7-րդ սերնդին: Նա հիշատակում է հատկապես Պապոյանների, Մնոյանների, Մարտիրոսյանների ընտանիքների մասին: Նրանք, թե՛ լուսանկարներով, թե՛ բանավոր պատմություններով, թե՛ պարզապես արհեստի մշակութային ինֆորմացիայի կրողները լինելով, պահպանել են այն:

Հետազոտությունների հիման վրա գրած գրքում Ա. Թադևոսյանը հայտնի դարբիններից վավերագրել է Գյումրիում դարբնության մշակույթին վերաբերող բազմաթիվ հիշարժան պատմություններ: Դրանք ցույց են տալիս ավանդույթի կենսունակությունը Գյումրի քաղաքի անցյալում և ներկայում, արժեքն ու նշանակությունը՝ որպես մշակութային ժառանգություն: Ըստ պատմություններից մեկի՝ Գյումրիի կայարանի հայտնի ջահը դարբնել են Մնոյանները: Մեկ տոննա կշռով ջահը կախելիս վարպետ Օնիկը և նրա 2 տղաները իրենց աշխատանքի որակն ու վստահելիությունը ցույց տալու համար բարձրացել են դրա վրա և ի նշանավորումն գործի հաջողության՝ շամպայն խմել:

Դարբնությունը՝ որպես մշակութային ժառանգություն արժևորելիս կարևորվում է այն հանգամանքը, որ զնդանը ծիսական վայր է համարվել: Զնդանի վրա դարբինները հաց են տվել, և դրա վրա նստելը սրբապղծություն էր: