Ազգային երգ ու պարի փառատոն՝ Դաշտադեմի ամրոցում

Դաշտադեմի ամրոցում տեղի ունեցավ ազգային երգ ու պարի փառատոն՝ համեմված ազգային ուտեստների ու բարիքների հյուրասիրությամբ։

Փառատոնի առանցքում  Սասնա պարերն էին: Միջոցառմանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորներ Արման Եղոյանը, Գևորգ Պապոյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար  Տավրոս Սափեյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, մայրաքաղաքից, այլ մարզերից և արտերկրից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ։

Սերգեյ Մովսիսյանը ողջույնի խոսքում  ընդգծեց, որ մարզում ազգային ոգին բարձր պահելու, հայրենասեր սերունդ դաստիարակելու, ազգային մշակույթը հանրահռչակելու տեսանկյունից նման միջոցառումները չափազանց կարևոր են։

Պատգամավոր Գևորգ Պապոյանը, ողջունելով մշակութային փառատոնների անցկացումը, նշեց, որ Թալինում հաստատված սասունցիները հայի հայրենասեր, խրոխտ տեսակը լավագույնս ներկայացնում են նաև ազգային երգ ու պարի փառատոններում։

Տավրոս Սափեյանն իր ելույթում հավաստիացրեց, որ Թալինը ազգային միջոցառումների շրջանակում հաճախակի է հյուրընկալելու տարբեր տարածաշրջանների բնակիչներին՝ հայկական մշակույթին հաղորդակցվելու գեղեցիկ միջավայր ստեղծելով։

Ելույթ ունեցան Թալինի պարային համույթները, նվագախմբերը, երգիչները։

Փառատոնն ամփոփվեց միասնական շուրջպարով։  Նախաձեռնությունը Արագածոտնի մարզպետարանինն էր, փառատոնի կազմակերպմանը գործուն աջակցություն են ունեցել Թալինի համայնքապետարանը և «Թալին-հույս» մշակութային  ՀԿ-ն:

Comments are closed.