Ս․թ․ մայիսի 11-23-ը, Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ և Ժողովրդական արվեստների թանգարանի մասնակցությամբ Լիբանանի /Բեյրութ, Անթիլիաս, Անճար/ 15 հայկական դպրոցում իրականացվեցին հայկական դարբնության վարպետաց դասեր։
Ծրագիրն անցկացվեց Թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Գայանե Ասլանյանի և գյումրեցի դարբին Հովհաննես Մնոյանի մասնակցությամբ։
Ժողովրդական արվեստների թանգարանն արդեն 3-րդ տարին է Բեյրութի Հայկազյան համալսարանի հրավերով՝ ի դեմս համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանի, Բեյրութի հայկական դպրոցների աշակերտների համար իրականացնում է ժողովրդական արհեստների վարպետաց դասեր։
Ժողովրդական արվեստների թանգարանի և Բեյրութի Հայկազյան համալսարանի համագործակցությամբ իրականացվող վարպետաց դասերն անցկացվում են թանգարանի «Ինքնության դարբնոց» կրթարանի շրջանակում։
Հիշեցնենք, որ «Գյումրիի դարբնության ավանդույթը» 2023 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: