«Համարձակ Խնձորեսկ» ցուցահանդես

«Համարձակ Խնձորեսկ» ցուցահանդես

ԱՀԱ կոլեկտիվը սեպտեմբերի 6-ից 10-ը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում բացում է ժամանակավոր ցուցասրահ` ներկայացնելու Գորիսածին արվեստագետ Դավիթ Քոչունցի «Համարձակ Խնձորեսկ» ժամանակակից գորգերի և կարպետների հավաքածուն։
Հավաքածուի 9 եզակի նմուշները գործել են Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնի կողմից հիմնադրված Վերիշենի արհեստների կենտրոնի կին գորգագործները: «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուն կրում է արվեստագետի հայրենի գյուղի` Հին Խնձորեսկի քարանձավային բնակավայրի դրոշմը։ Հին Խնձորեսկը միջնադարում նաև հայկական գորգագործության կարևոր կենտրոններից մեկն էր, որտեղ ստեղծվեց Սյունիքով ու Արցախով մեկ տարածում գտած, ինչպես նաև Եվրոպայի ու Մետաքսի ճանապարհին գտնվող շուկաներում և այլուր վաճառված «Խնձորեսկ» տիպի գորգը։
Գորգերն ու կարպետներն արտադրվել են «Կենսարար մուտքեր. բնակեցման հյուսվածքները Խնձորեսկից, Տեղ ու Վերիշեն» ցուցադրության շրջանակում (համադրող՝ Նայիրի Խաչատուրեան), որը տեղի ունեցավ 2023 թ. հունիսի 3-ից օգոստոսի 12-ը Վերիշենի մշակույթի տանը և Սբ. Հռիփսիմե եկեղեցում։ Նախագիծը կյանքի կոչվեց «Հայկական գորգերի միության» աջակցության շնորհիվ:
ԱՀԱ կոլեկտիվի թողարկած առաջին հավաքածուի` Դավիթ Քոչունցի 9 եզակի նմուշներից բաղկացած «Համարձակ Խնձորեսկ» ժամանակակից գորգերն ու կարպետներն ամբողջությամբ Հայաստանում են արտադրվել` միմիայն բնական ներկերով։

Comments are closed.