ՀՊԹ-ում կվերաբացվի «Քրիստոնյա Հայաստան» խորագրով մշտական ցուցադրությունը

ՀՊԹ-ում կվերաբացվի «Քրիստոնյա Հայաստան» խորագրով մշտական ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունից սեպտեմբերի 9-ից կվերաբացվի ևս մի հատված՝ «Քրիստոնյա Հայաստան» խորագրով:
Ցուցադրությունն ընդգրկում է 4-10-րդ դարերի հայկական ինքնատիպ մշակույթը։ Ներկայացվելու են թանգարանի հավաքածուներում պահվող հայ ճարտարապետության ամենայուրօրինակ հուշարձանների՝ Դվինի, Քասաղի, Զվարթնոցի քանդակազարդ նմուշները, վաղքրիստոնեության խորհրդանիշներ համարվող հավասարաթև և ծաղկած խաչերը, ինչպես նաև քառանիստ կոթողները, որոնք եզակի են տարածաշրջանի համատեքստում և արևելաքրիստոնեական արվեստում։
Ցուցադրության մեջ տեղ են գտել միջնադարի աշխարհիկ կյանքն ու կենցաղը ներկայացնող խեցեղեն և շքեղ ապակյա իրեր, ակտիվ առևտրական կապերի մասին վկայող դրամներ և բուլլաներ, տվյալ ժամանակաշրջանի զարգացած երկրագործությունը և ժամանակի ամենամիստիկ արհեստներից մեկը՝ ալքիմիան ներկայացնող ցուցանմուշներ։
Նույն օրը՝ մշտական ցուցադրությանը զուգահեռ, կբացվի «Գլուխգործոցներ միջնադարյան Հայաստանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում տեղ են գտել միջնադարյան Հայաստանի 11-16-րդ դդ․ մշակույթի մի շարք ինքնատիպ դրսևորումներ: Կներկայացվեն այդ ժամանակաշրջանի խաչքարային արվեստի նմուշներ, բարձրաքանդակներ, եկեղեցու քարե մանրակերտեր, փայտագործության և մետաղագործության գլուխգործոցներ։

Comments are closed.