Մեկնարկել է «Սևանի հիշողությունը. ձկնորսության մշակույթ» ծրագիրը

Մեկնարկել է «Սևանի հիշողությունը. ձկնորսության մշակույթ» ծրագիրը

Մեկնարկել է «Սևանի հիշողությունը. ձկնորսության մշակույթ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «Սևանի հիշողությունը. ձկնորսության մշակույթ» ծրագիրը։ Այն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի շրջանակում հավանության արժանացած ծրագրերից է։

Ծրագրի նպատակն է՝ բացահայտել և հանրայնացնել Սևանա լճի ավազանի ձկնորսական համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգությունը, պահպանել Սևանի մշակութային «հիշողությունները» և զբոսաշրջային վայրերում տեղեկատվական վահանակների տեղադրման միջոցով դրանք հասանելի դարձնել լայն հանրությանը։

Դրա շրջանակում դաշտային ուսումնասիրությունների միջոցով կհավաքագրվեն ավանդույթներ, կենցաղային պրակտիկաներ, բանավոր պատմություններ և տեղական գիտելիքներ։ Ձեռք բերված նյութերի հիման վրա կստեղծվի կարճ փաստավավերագրական ֆիլմ՝ պրոմո հոլովակներով, որը կներկայացնի Սևանա լճի և համայնքների սոցիոմշակութային կապն ու փոփոխությունները:

Ծրագրի ընթացքում կպատրաստվի նաև թեմատիկ վիդեո փոդքաստ մասնագետների մասնակցությամբ՝ անդրադառնալով ձկնորսական մշակույթի մարդաբանական և բնապահպանական նշանակությանը։ Երիտասարդների ներգրավումը կխթանի համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման գործում նրանց մասնակցությունը:

Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

Օգոստոսի 17-ին լրանում է հայ մշակույթի և ժողովրդական արվեստի նշանավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Դիլիջանի պատվավոր քաղաքացի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հիմնադիր Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակը։

Հոբելյանի կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Դիլիջանի գեղարվեստի մանկական դպրոցում ծաղիկներ է խոնարհել Շարամբեյանի կիսանդրու առջև: Բրոնզե կիսանդրին և հուշատախտակը բացվել են օգոստոսի 16-ին հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ Շարամբեյանի ընտանիքի նախաձեռնությամբ:

Արարողությանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը, Հովհաննես Շարամբեյանի ընտանիքի անդամներ, այդ թվում՝ թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Հոբելյանական միջոցառումների մեկնարկի շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղում՝ Հայկական գործվածքի թանգարանում, տեղի է ունեցել «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսի բացումը: Այն կայացել է ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային կենտրոնի և «Գրին ռոք» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և «Մշակույթի զարգացման» հիմնադրամի համագործակցությամբ։

Նշանավորելով մեծանուն գործչի ժառանգությունը և կարևորելով հոբելյանական տարին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Հովհաննես Շարամբեյանն իր թողած ժառանգությամբ, ուղերձներով և արժեքներով այսօր միավորել է բոլորիս այստեղ: Ուրախալի է տեսնել, թե ինչպես է ամեն անգամ նրա շուրջ համախմբվելը նոր օրակարգ բացում մեզ համար՝ այս անգամ նաև միջազգային համագործակցության հնարավորություններ ընձեռելով և Դիլիջանը դարձնելով միջազգային երկխոսության կենտրոն»:

Նախարարի խոսքով՝ Դիլիջանը դառնում է բազմաթիվ քաղաքացիների ու զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Նա վստահություն է հայտնել, որ այդ փաստն առաջին հերթին կուրախացներ հենց Շարամբեյանին, երբ նա տեսներ՝ Դիլիջանը մշակութային քաղաք է, որտեղ կան մշակութային աշխույժ կյանք և ակտիվ միջավայր:

Նա անդրադարձել է վերջերս պետության ջանքերով վերաբացված թանգարանի գործունեությանը: Նախարարը կարևորել է՝ թանգարանը, որը որպես հուշարձան շենք նոր շունչ է ստացել, այսօր արդեն հյուրընկալում է միջազգային ցուցադրություն՝ գրավելով նոր հորիզոններ: «Ուրախ եմ, որ այսպիսով նաև Հայկական գործվածքի թանգարանը դառնում է տեքստիլի շուրջ երկխոսության միջազգային հարթակ՝ ցույց տալով, որ ստեղծարար մտքի ուժն է նաև մեզ առաջ տանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ առանձնակի շնորհակալություն հայտնելով Շարամբեյանի ընտանիքին, թանգարանի անձնակազմին և համագործակցող բոլոր կողմերին:

Ամփոփելով խոսքը՝ նախարարը հավաստել է՝ հոբելյանական տարին թույլ կտա վայելել Շարամբեյանին նվիրված յուրաքանչյուր միջոցառում՝ ոչ մշակութային ժառանգության միջոցով նյութականացնելով նրա ուղերձները:

Ցուցահանդեսը մեկ հարթակում է համախմբել տեքստիլ մշակույթի վարպետների Հայաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Վրաստանից, Ռումինիայից, Հունաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից՝ ներկայացնելով տարբեր երկրների տեքստիլ ավանդույթները, դրանց պահպանման և փոխանցման փորձն ու ժամանակակից ստեղծագործական մեկնաբանությունները։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կողմերին համագործակցության և Շարամբեյանին ու նրա գործն արժևորելու գաղափարի շուրջ համախմբվելու համար. «Թանգարանի որևէ միջոցառում կազմակերպելիս մեզ համար կարևոր է հասկանալ՝ որն է Հովհաննես Շարամբեյան արվեստագետի ամենաառանցքային գործը, որը, որպես թանգարան, պարտավոր ենք շարունակել. պատասխանը միանշանակ է՝ նրա գաղափարախոսությունը, որի շուրջ նա կառուցել է իր գործունեությունը»:

Ողջունելով ներկաներին և կարևորելով օրվա խորհուրդը՝ Հովհաննես Շարամբեյանի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը, նշել է. «Ժամանակին, երբ Հովհաննես Շարամբեյանն իր ժառանգությունն ու տունը հանձնեց պետությանը, արդեն հասկացել էր, որ պետությունն է իր գործունեության շարունակականության հենքը: Այսօր այստեղ մեր ներկայությունը փաստում է, որ նա ճիշտ էր, և այդ որոշումն ուներ ռազմավարական նշանակություն»:

Նշենք, որ «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսի իրականացումն ուղղված է ոչ նյութական մշակութային ժառանգության արժևորմանն ու հանրահռչակմանը, մասնագիտական նոր կապերի ձևավորմանը, փորձի փոխանակմանը և միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։ Միաժամանակ, նախաձեռնությունը նպատակ ունի նպաստելու Դիլիջան համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը և Հայկական գործվածքի թանգարանի գործունեության հանրահռչակմանը՝ այն զարգացնելով որպես մշակութային երկխոսության, կրթության և ստեղծարար նախաձեռնությունների հարթակ։

Ցուցահանդեսն ուղեցվել է հայ և օտարերկրյա վարպետների ցուցահանդես-վաճառքով, երաժշտական ծրագրով. հանդես է եկել «ԿԱՅԹ» բենդը։

Ցուցահանդեսը կշարունակվի օգոստոսի 18-ին՝ ժամը 15:00-18:00-ը, Հայաստանից և արտերկրից ժամանած վարպետների մասնակցությամբ վարպետաց դասերով։ Այցելուները հնարավորություն կունենան անմիջականորեն ծանոթանալու տարբեր տեքստիլ ավանդույթներին և տեխնիկաներին, հաղորդակցվելու վարպետների հետ, բացահայտելու տարբեր մշակույթների ընդհանրություններն ու առանձնահատկությունները:

Օրվա շրջանակում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակ» փոստային բացիկի շնորհանդեսը, ստորագրվել է համագործակցության հուշագիր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և «Գրին ռոք» հիմնադրամի միջև՝ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված 2026-2027 թվականների ծրագրերի և նախաձեռնությունների համատեղ իրականացման նպատակով։ Հուշագիրը հիմք կդառնա հոբելյանական ծրագրի շրջանակում նախատեսվող մի շարք նախաձեռնությունների իրականացման և հետագա համագործակցության զարգացման համար։

Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ 2026-2027 թվականներին նախատեսվում է իրականացնել մշակութային, կրթական, գիտական և հանրահռչակման մի շարք միջոցառումներ ու նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն Հովհաննես Շարամբեյանի կյանքի և գործունեության, նրա թողած հարուստ մշակութային ժառանգության, ինչպես նաև հայկական ժողովրդական արվեստի պահպանության, զարգացման և հանրահռչակման գործում ունեցած բացառիկ ներդրման արժևորմանը։

Armenian Folk and Decorative-Applied Arts” Conference

«Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» գիտաժողով

Armenian Folk and Decorative-Applied Arts” Conference

2026 թ. հոկտեմբերի 16-18-ը Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանը ժողովրդական արվեստի ջատագով Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի միջոցառումների շրջանակում կկազմակերպի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով, որը կնվիրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։ Գիտաժողովի նպատակն է նորովի ներկայացնել Հայաստանի թանգարաններում պահպանվող ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի ժառանգությունը, թանգարանային հավաքածուների հիմքով քննարկել հայկական ժողովրդական արվեստի պատմությանն ու տեսությանը վերաբերող տարբեր հիմնախնդիրները և առաջադրել դրանց լուծման ուղիները:
Գիտաժողովի ընթացքում տեղի կունենան քննարկումներ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված տարբեր թեմաներով, մասնավորապես հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմությունը, ՀՀ թանգարանների և մասնավոր հավաքածուների, ինչպես նաև Ժողովրդական վարպետների ստեղծագործությունների ուսումնասիրություններ, դեկորատիվ արվեստի տարբեր ժանրերին ու ստեղծագործողներին նվիրված հետազոտություններ և հիմնախնդիրներ: Նախատեսվում է քննարկել նաև ժողովրդական արվեստը դիզայնում, թվայնացում և թվային ժառանգություն, կրթություն, նոր մեթոդներ, ստեղծարար ուսուցում և ստեղծարար արդյունաբերություն թեմաները:

Կոմիտասի թանգարան–ինստիտուտում կստեղծվի հայ ավանդական երգի համույթ

Կոմիտասի թանգարան–ինստիտուտում կստեղծվի հայ ավանդական երգի համույթ

Կոմիտասի թանգարան–ինստիտուտում կստեղծվի հայ ավանդական երգի համույթ

«Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացե՛ք և սովորեցե՛ք նրանից»։ Կոմիտաս Վարդապետ
Կոմիտաս Վարդապետի ազգագրական ժառանգությունը մեծ մասամբ մնացել է ստվերում, և այսօր անհատ կատարողների կամ խմբերի երկացանկերում անհամեմատ փոքր մաս է կազմում։ Ավելին, շատ հաճախ սխալ մեկնաբանման արդյունքում երգը կորցնում է իր բնականությունը, հետևապես՝ ազգային դիմագիծը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Կոմիտասի թանգարան–ինստիտուտը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ստեղծել հայ ավանդական երգի համույթ:
Նախագծի նպատակն է՝ տարածել Կոմիտաս Վարդապետի ազգագրական ժառանգությունը հնարավորինս ամբողջական ծավալով, վերականգնել գեղջկական երգի բնական կատարողականությունը, ասել է թե՝ երգը կատարել այնպես, ինչպես երգում է ինքը՝ ժողովուրդը։
Նախագծին կարող են մասնակցել 18-35 տարեկան բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են հայ ավանդական երաժշտությամբ, պատրաստ են կամավոր հիմունքներով մասնակցել նախագծի իրականացմանը և նպաստել ազգային մշակույթի տարածմանը։

«Վարպետների 7 գաղտնիքները» ամառային դպրոց

«Վարպետների 7 գաղտնիքները» ամառային դպրոց

«Վարպետների 7 գաղտնիքները» ամառային դպրոց

Երբևէ մտածե՞լ եք՝ բնավորության ի՞նչ գծի կամ մարդկային որակի հետ կարող է ասոցացվել յուրաքանչյուր արհեստ կամ էլ նյութ, որից ստեղծագործություն է կերտվում, ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա վարպետը, որպեսզի կարողանա նյութը վերածել մի խոսուն առարկայի, որով հետագայում կհիանան սերունդները։
Ժողովրդական արվեստների թանգարանում մտածել են, և 7-16 տարեկան բոլոր հետաքրքրասերներին առաջարկում են միասին բացահայտել բոլոր գաղտնիքները։
«Վարպետների 7 գաղտնիքները» ամառային դպրոցը վերադառնում է:
Բուրդը կփոխանցի ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ՝ խորհրդանշելով կապը սերունդների միջև՝ կարպետագործության և թաղիքագործության լեզվով։ Այստեղ կարևոր է ուրիշների հետ աշխատելու, միմյանց լսելու և ընդհանուր արդյունք ստեղծելու կարողությունը։ Մետաղը կսովորեցնի ամրապնդել ԿԱՄՔԻ ՈՒԺԸ, կավը կխթանի ստեղծարարությունը, ՊԱՅԾԱՌ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐ ՄԻՏՔԸ։ Ասեղնագործությունը կհիշեցնի ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԵՎ ՆՐԲԱՆԿԱՏ, փայտը՝ ԲԱՐԻ ԵՎ ԱՆԿԵՂԾ, իսկ քարը՝ ԱՄՈՒՐ ԵՎ ԴԻՄԱՑԿՈՒՆ լինելու կարևորության մասին։
Ծրագրում՝ արհեստների ուսուցում խաղային ձևաչափով, ազգային երգ ու պար, այցելություններ թանգարաններ, արվեստանոցներ և ոչ միայն:
Հատուկ մշակված ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2021թ․ Ժողովրդական արվեստների թանգարանի կողմից՝ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի և զբոսաշրջության ոլորտի մասնագետ Նաիրա Մինասյանի հետ համատեղ։ Այժմ ամառային դպրոցի այս ձևաչափը վերադառնում է նոր շնչով՝ վերահաստատելու այն կարևոր արժեքը, որ հայկական մշակույթն ունի սերունդների կյանքում:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇՆՈՐՀՈՒՄ 2026

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇՆՈՐՀՈՒՄ 2026

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇՆՈՐՀՈՒՄ 2026

«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը», շարունակելով իրականացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրեն վստահված առաքելությունը, հայտարարում է 2026թ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԻ վկայական շնորհելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունելություն:

Եթե ստեղծագործում եք դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում՝ պահպանելով հայկական արհեստագործության ավանդույթները, ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ ժողովրդական արվեստի պահպանման, շարունակական զարգացման և հաջորդ սերունդներին փոխանցելու գործում, օգտվել մի շարք արտոնություններից և դառնալ Ժողովրդական արվեստների թանգարանի բարեկամը, ապա շտապեք դիմել:

Կարող եք դիմել, եթե

  • Զբաղվում եք ձեռքի աշխատանքի վրա հիմնված ժողովրդական արվեստով (մետաղի, քարի, փայտի գեղարվեստական մշակում, խեցեգործություն, թաղիքագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, գորգագործություն, կարպետագործություն և այլն)՝ մեքենայական աշխատանքի թույլատրելի չափաբաժնով
  • Տիրապետում եք տվյալ արվեստի համար պահանջվող վարպետության տեխնիկա-տեխնոլոգիական հմտություններին և Ձեր գործունեության մեջ պահպանում եք ժողովրդական արվեստի պատմականորեն ձևավորված ավանդույթները (գեղարվեստական ու ոճական առանձնահատկություններ, կիրառվող նյութեր ու դրանց մշակման տեխնիկական և գեղարվեստական եղանակներ)
  • Ձեր ներկայացրած ստեղծագործություների առնվազն կեսը ստեղծված է հայկական արհեստագործության ավանդույթներին համապատասխան (տեխնիկա, առանձնահատկություն, ազգային դիմագիծ, ավանդույթների պահպանման գեղարվեստական մոտեցում և այլն)։ Մյուս կեսը կարող է լինել նորամուտ արհեստների կատարման եղանակով՝ ներառելով հայկական որոշակի տարրեր
  • Մասնակցել եք առնվազն 2 ցուցահանդեսի
  • ՀՀ քաղաքացի եք կամ Հայկական սփյուռքի ներկայացուցիչ
  • Լրացել է Ձեր 18 տարին:

Անհրաժեշտ փաստաթղթեր.

  • Դիմում
  • Լրացված հարցաթերթիկ
  • Անձը հաստատող փաստաթղթի պատճեն
  • Երկու գունավոր լուսանկար՝ 3×4 չափի
  • Ինքնակենսագրական (ցանկության դեպքում նաև տեսաուղերձի միջոցով. տեսաուղերձը պարտադիր է Սփյուռքում բնակվող վարպետների համար)
  • Առնվազն 20 ստեղծագործության գունավոր լուսանկար՝ կից նկարագրություններով (ներկայացվող լուսանկարները պետք է լինեն առնվազն 1680×1320 չափի և JPG ձևաչափով, տպագրական տարբերակով ներկայացնելու դեպքում՝ առնվազն 13×18 սմ):

Կարգը, դիմումի ձևը և հարցաթերթիկը կարող եք ներբեռնել ստորև․

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ

ԴԻՄՈՒՄ

ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ.փոստին:
 
Ուղարկելու հնարավորություն չունենալու դեպքում կարող եք փաստաթղթերը տպագիր տարբերակով ներկայացնել Ժողովրդական արվեստների թանգարան (ք. Երևան, Աբովյան 64)՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 11:00-17:00:
 
Հարցերի դեպքում նշված ժամերին կարող եք զանգահարել՝ 010 56 93 80:
 
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 20:
 
Վկայականների հանձնումը տեղի կունենա 2026թ․ հոկտեմբերին։
 
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում կարևոր քայլ է կատարվել․ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը ՀՀ կառավարության որոշմամբ համալրվել է նոր տարրերով՝ ընդգծելով ազգային մշակույթի բազմազանությունն ու կենսունակությունը։

Ներկա որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12 նոր արժեքով՝ ընդհանուր թիվը հասցնելով 80-ի։

Նոր ընդգրկված տարրերն են՝

  • «Լուսատուների հետ կապված եղանակի կանխատեսման ժողովրդական գիտելիքներ»
  • «Օրորոցային երգերը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում»
  • «Գաթանախշի պատրաստման և կիրառման ավանդույթը»
  • «Խաբ ու խազ (կաթփոխ)»
  • «Թմբուկի (դհոլ, գոս՝ մեծ թմբուկ) պատրաստման և կիրառման ավանդույթը»
  • «Որսորդներ ու բադեր» գնդակախաղ
  • «Թաք ծաղկեցավ» երգ
  • «Համայնքային փոխօգնության ձևերը Գավառի թաղման ծեսում»
  • «Կանեփով քուֆթայի պատրաստումը և կիրառումը Մարտունի համայնքում»
  • «Ձկով տոլմայի պատրաստումը Սևան համայնքում»
  • «Չորթնե տոլմայի պատրաստումը Վարդենիսի համայնքներում»
  • «Չիլինկի փետ» ավանդական խաղը Ճամբարակ համայնքում

Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված արժեքները հայ ժողովրդի մշակութային ինքնատիպության, պատմական հիշողության և ազգային ինքնության կարևոր արտահայտություններն են։ Դրանց պահպանումը, փոխանցումն ու հանրահռչակումը կարևոր դեր ունեն սերունդների միջև մշակութային շարունակականության ապահովման և միջազգային մշակութային հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։

Այս գործընթացի իրականացման հիմք է հանդիսանում «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հասատատելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշումը։ Նախաձեռնությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023–2027 թվականների ռազմավարությունից, որի շրջանակում իրականացվում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության համակարգված գույքագրում։

Հուշագիր՝ ազգային խոհանոցի և խոհարարական կրթության զարգացման ուղղությամբ

Հուշագիր՝ ազգային խոհանոցի և խոհարարական կրթության զարգացման ուղղությամբ

Հուշագիր՝ ազգային խոհանոցի և խոհարարական կրթության զարգացման ուղղությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ խոհարարության ոլորտի, մասնագիտական կրթության և ուսուցման, հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության մասին:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ոլորտային այլ ներկայացուցիչներ:

Համագործակցության շրջանակում կողմերի համատեղ ներդրումներ կկատարվեն Երևանի արհեստի պետական քոլեջում՝ խոհարարության ոլորտում կրթության և ուսուցման որակի բարձրացման, անհրաժեշտ ուսումնագործնական միջավայրի ապահովման, մանկավարժական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, զարգացման այլ ծրագրերի իրականացման նպատակով:

Ողջունելով հյուրերին և կարևորելով ձևավորվող համագործակցությունը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ խոհարարության մասնագիտության նկատմամբ ձևավորվել է մեծ պահանջարկ՝ պայմանավորված ինչպես զբոսաշրջային հոսքերի աճով, որոնք նախորդ տարվա համեմատ ավելացել են 35 %-ով, այնպես էլ սպասարկման ոլորտի ակտիվ ընդլայնմամբ։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ տարբեր ուսումնական հաստատություններում, որոնցում դասավանդվում է խոհարարություն, արձանագրվում է դիմորդների թվի աճ, ուստի շատ կարևոր է կրթական ծրագրերի բովանդակության որակը։

«Խոհարարական կրթական ծրագրերում ավելի մեծ շեշտադրում կատարելով ազգային խոհանոցի վրա՝ կնպաստենք խոհարարություն մասնագիտության և հայկական խոհանոցի զարգացմանը։ Սա կարևոր եմ համարում նաև մեր երկրում մշակույթի հանրահռչակման տեսանկյունից, որովհետև խոհանոցը մեր ազգային մշակույթի կարևոր բաղադրիչն է։ Երիտասարդ սերունդն իր մասնագիտական գործունեությամբ պետք է կարողանա պահպանել և զարգացնել հայկական խոհանոցը, ինչպես նաև այն ներկայացնել թե՛ Հայաստանի քաղաքացիներին, թե՛ երկիր այցելող զբոսաշրջիկներին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի պատրաստել ազգային խոհանոցին տիրապետող մասնագետներ, որոնք իրենց աշխատանքով կնպաստեն հայկական խոհանոցի զարգացմանն ու ճանաչելիության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ մեկնարկող կրթական ծրագիրը կարող է հիմք դառնալ նաև հետազոտական նոր ծրագրերի և ազգային խոհանոցի շարունակական զարգացման համար։

ԿԳՄՍ նախարարը բարձր է գնահատել Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի ասոցիացիայի ներդրումը հայկական խոհանոցի զարգացման գործում, ինչպես նաև համագործակցությունը ՄԿՈՒ հաստատությունների հետ։

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ այն գնահատելով որպես հայկական խոհարարական կրթության զարգացմանն ուղղված կարևոր քայլ։ Սեդրակ Մամուլյանի դիտարկմամբ՝ հայկական խոհանոցը կարող է դառնալ այն կարևոր հարթակը, որը կկապի կրթությունը, մշակույթը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը՝ նպաստելով նաև ազգային ինքնության պահպանմանն ու միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հույս է հայտնել՝ Արհեստի քոլեջում ձևավորվող փորձն ու մասնագիտական ներուժը հնարավոր կլինի փոխանցել և կիրառել նաև այլ ուսումնական հաստատություններում:

Անդրադարձ է կատարվել նաև հայկական ազգային խոհանոցը որպես ամբողջական մշակութային երևույթ արժևորման և հանրահռչակման հարցին։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է ազգային ուտեստների շտեմարանի ստեղծման և պարբերաբար արդիականացման աշխատանքները, ինչպես նաև հայկական խոհանոցի՝ որպես մշակութային արժեքի ճանաչման հեռանկարները։

Քննարկվել են նաև ազգային խոհանոցի դասավանդման զարգացմանը, ուսումնական հաստատություններում համապատասխան ծրագրերի ընդլայնմանը, վերապատրաստումների և վարպետության դասերի անցկացմանը, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։

Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր

Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր

Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության` ի դեմս Ժաննա Անդրեասյանի և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ որպես կարևոր և խորհրդանշական քայլ Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության և զարգացման ուղղությամբ։

Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Համաձայն հուշագրի՝ բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող անշարժ գույք, ինչպես նաև բարերարի անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգերի թանգարանի ստեղծման նպատակով։

Նախաձեռնությունը բացառիկ նշանակություն ունի, քանի որ այն հնարավորություն է ստեղծում ձևավորելու հայկական գորգարվեստին և մշակութային արժեք ներկայացնող առարկաներին նվիրված նոր մշակութային կենտրոն: Այն կծառայի ոչ միայն որպես թանգարան, այլև որպես կրթամշակութային կարևոր հարթակ, որտեղ կիրականացվեն թեմատիկ ցուցադրություններ, վարպետաց դասեր, կրթական ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանին՝ ազգային մշակութային ժառանգության պահպանության և զարգացման գործում ունեցած բացառիկ ներդրման համար. «Անգնահատելի է Ձեր հայրենանվեր այս նախաձեռնությունը: Այն կարևոր քայլ է հայկական գորգարվեստի պահպանության, հանրահռչակման և ապագա սերունդներին փոխանցելու, ինչպես նաև ստեղծագործական նոր միջավայր ձևավորելու տեսանկյունից: Նախաձեռնությունը կարող է դառնալ մշակութային նոր կարևոր կենտրոնի ձևավորման հիմք՝ խթանելով նաև զբոսաշրջային և կրթական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»։ Նախարարն ընդգծել է, որ գորգի թանգարանի ստեղծումը ամրագրված է նաև ՀՀ մշակույթի պահպանման և զարգացման ռազմավարությամբ:

Բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ ընդգծելով. «Ես շատ խանդավառ եմ այս համագործակցությամբ, որի մասին միշտ մտածել եմ: Վստահ եմ՝ միասնաբար կհաջողենք: Սա նաև կարևոր օրինակ է՝ զարգացնելու Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք հարաբերությունները համատեղ այլ նախաձեռնություններով ևս։ Գորգարվեստը հայկական մշակույթի ինքնատիպ և կարևոր բաղադրիչներից է, որն արտացոլում է ժողովրդի պատմությունը, ավանդույթներն ու գեղարվեստական մտածողությունը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կապահովի թանգարանի մասնագիտական և կազմակերպչական կայացումը՝ ներգրավելով անհրաժեշտ մասնագիտական ներուժ, ապահովելով հավաքածուների պատշաճ պահպանումը և թանգարանի արդյունավետ գործունեությունը։

Նոր թանգարանի ստեղծումը կնպաստի գորգարվետի հարուստ ժառանգության պահպանությանը, ուսումնասիրմանը և հանրահռչակմանը՝ ապահովելով դրա փոխանցումը հաջորդ սերունդներին։

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների ցանկերում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները:

Դրանք ներկայացնում են համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումները՝ բնութագրական ավանդույթները, դրանց հետ կապված գիտելիքներն ու հմտությունները, բարքերը, սովորույթները։

Քննարկման ընթացքում մասնագետները մանրամասն վերլուծել են առաջարկները՝ ներկայացնելով նաև իրենց դիտարկումները: Առանձնակի ընդգծվել է դրանց լրացման, հստակեցման և խմբագրման անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝ շեշտվել են առաջարկներում ներառված տերմինների, պատմական տեղեկությունների և բնութագրերի հստակեցման պահանջը, ոչ նյութական մշակութային ժառանգության տարրի ընդգծումը:

Խորհրդի անդամները կարևորել են ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների և առանձին կազմակերպությունների ջանքերը պահպանման և տարածման ուղղությամբ:

Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն ուղարկել լրամշակման և դիտարկել նոր առաջարկների ստացման հնարավորությունը: