gorgagitutyan-dasyntac

Տեսական ու գործնական դասընթացներ՝ նվիրված գորգագիտությանը

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը վերսկսում է մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը նվիրված եռամսյա դասընթացները:

 

Եռամսյա դասընթացներն այս անգամ նվիրված են գորգագիտությանը, ինչը հնարավորություն կտա գեղարվեստական գործվածքի վերաբերյալ ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ: Ծրագիրն իրականացվում է «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:

 

Դասընթացը նախատեսված է ոլորտի գիտաշխատողների, թանգարանային մասնագետների, մասնագիտական բուհերի ուսանողների (ԵՊՀ, ԵՊԿ, ԳՊԱ, ՀՊՄՀ) և բոլոր շահագրգիռ անհատների համար: Դասընթացներին կարող են գրանցվել նաև փորձաքննության մասին 2019 թ. տեսական գիտելիքներ ստացած մասնակիցները, որոնք ծանոթացել են մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության մի շարք ճյուղերի:

 

Դասավանդման նյութն ընդգրկելու է գեղարվեստական գործվածքի (գորգ, կարպետ) ծագման, աշխարհագրության, գեղազարդման համակարգի, ներկման, ծիսական նշանակության և այլ հարցերի շուրջ մասնագիտական տեսական ու գործնական դասախոսություններ: Դասընթացի ավարտին տրվելու է մասնակցության հավաստագիր:

 

Դասընթացի համակարգողն է պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ, ՄԱՓԿ փորձագետ Աշխունջ Պողոսյանը, դասընթացավարները՝ կենտրոնի հավատարմագրված փորձագետները:

 

Ծրագիրը հոկտեմբերի 6-ից կմեկնարկի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 64՝ Աբովյան պուրակ):

 

Մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է զանգահարել 011-29–71-18 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ. փոստի հասցեին և կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/expertisecentre/:

dzin-ev-dziavory

Ձին և ձիավորը Արցախյան խաչքարային պատկերաքանդակում

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Ձին և ձիավորը Արցախյան խաչքարային պատկերաքանդակում. սպառազինությունը և հանդերձանքը» թեմայով:

Բանախոսությամբ հանդես կգա պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:

evropakan jar orer

Եվրոպական ժառանգության օրերը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում

Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն այս տարի Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով: Կարևորելով մշակութային ժառանգության համամարդկային դերն ու նշանակությունը՝ թանգարանը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին կներկայացնի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ ազգային ավանդույթների, ուտեստների, երգ ու պարի ցուցադրություններով: Նույն օրը թանգարանի Փայտարվեստի ցուցասրահում (հասցե՝ ք. Երևան, Պարոնյան 2) «Միմոս» մարիոնետի թատրոնը փոքրիկ այցելուների համար կցուցադրի տիկնիկային ներկայացում:

 Սեպտեմբերի 26-ին թանգարանում և Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Ժողովրդական հեքիաթի ժամ», որի ընթացքում թանգարանի կրտսեր բարեկամները կունկնդրեն ժողովրդական հեքիաթներ՝ «Միսս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Հարությունյանի և հայտնի արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի ընթերցմամբ:
 
Եվրոպական ժառանգության օրերի այցելուները հնարավորություն կունենան դիտելու թանգարանի ժամանակավոր ցուցասրահում օրերս բացված պրիմիտիվիստ գեղանկարիչների նկարների «ՀԱՅԱՍՏԱՆ. լույսն իմ մեջ» խորագրով ցուցահանդեսը:
taraz

Հայկական ծիսական զգեստի իմաստաբանությունը

05f611_53cc94a398574f0480f90d15c76078a1_mv2

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18:30-ին, «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Հայկական ծիսական զգեստի իմաստաբանությունը» թեմայով: Զեկույցով հանդես կգա գեղանկարչուհի, արվեստաբան Ադա Գաբրիելյանը, ով կներկայացնի ծիսական զգեստների զարդանշանները՝ հիմնված երկրաչափական մարմինների և դրանց հատկությունների վրա:

 

Նույն օրը ցուցահանդեսը կհամալրվի նոր ցուցանմուշներով:

 

Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով:

gyumrium

Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանություն Շիրակի մարզում

Շիրակի մարզում կանանց ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ կամփոփվի «Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանություն Շիրակի մարզում» ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագիրը:

 

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-18:00-ին, Գյումրու Ռիժկով փողոցի ճեմուղիում: Ծրագիրն իրականացրել է «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը:

 

Ծրագրի ընթացքում պատրաստվել են էսքիզներ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի վտանգված, հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող ՀՀ և միջազգային կարմիր գրքերում հայտնված կենդանատեսակների և բուսատեսակների նկարների հիման վրա: Դրանք վերարտադրվել են ասեղնագործ, հելունագործ և թաղիքով ստեղծված ձեռագործ աշխատանքներում:

 

Ծրագրում ընդգրկված են Գյումրի, Ազատան համայնքների, Ախուրյան համայնքի Այգաբաց, Բենիամին բնակավայրերի և Անի համայնքի Սարակապ բնակավայրի 20-55 տարեկան 20 կանայք:

 

Ծրագրի նպատակն է նպաստել ինքնազբաղ ստեղծագործող կանանց մասնագիտական գործունեության խթանմանը, նրանց սոցիալական վիճակի բարելավմանը, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և տարածման միջոցով «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի կենսաբազմազանության հանրային իրազեկմանն ու համայնքների կայուն զարգացմանը:

xorhurd

«Հայկական գորգի խորհրդաբանությունը»

Սեպտեմբերի 7-ին` ժամը 15:00-ին, ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 408 լսարանում, տեղի կունենա Արվեստաբանության ակումբի հերթական դասախոսությունը՝ «Հայկական գորգի խորհրդաբանությունը» թեմայով:

Բանախոս՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյան։

voch-nyutakan-jarangutyan-pahpanutyan-cragir

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագիր ՀՀ Արմավիրի մարզի համայնքներում

05f611_52e164d3e0ec4f2eace582245e1d1564_mv2

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մայիսյան, Մեծամոր, Փշատավան և Սարդարապատ համայնքներում իրականացվում է «Ազգային արժեքների պահպանությունն ու տարածումը Արմավիրի համայնքներում» ծրագիրը՝ մարզում գործող «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության կողմից:

Ծրագրի նպատակն է նպաստել մարզի 5 համայնքների պատանիների շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության իրազեկմանը, այդ ժառանգության արժևորմանն ու տարածմանը: Ծրագրի ընթացքում արդեն իսկ կազմակերպվել են հանդիպումներ թիրախ համայնքների բարձր դասարանների աշակերտների հետ, որոնց ընթացքում ներկայացվել են ոչ նյութական մշակութային ժառանգության` ծեսերի, ծիսակատարությունների, ավանդույթների, սովորույթների մասին տեղեկատվական նյութեր, խոսվել է դրանց տարբերությունների և պահպանության կարևորության մասին: Հանդիպումներից հետո երեխաներին առաջարկվել է աշխատել ոչ նյութական մշակութային ժառանգության մասին պատմող տեսահոլովակների (https://www.facebook.com/huysimetsamor/videos/380020777041695) ստեղծման ուղղությամբ: Հաջողված աշխատանքները մրցանակներ կստանան:

Ծրագրի ավարտին նախատեսվում է այցելություն Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան:

AnyConvdarbnoc

«Ինքնության դարբնոց». կրթամշակութային նոր ծրագիր հասարակության խոցելի խմբերի համար

timthumb

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կիրականացնի «Ինքնության դարբնոց» ծրագիրը:

 

Այն հնարավորություն կընձեռի թանգարանի սոցիալ-կրթական միջավայրում ապահովել մշակութային ժառանգության հետ անհատի հաղորդակցումն ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքների փոխանցմամբ: Ծրագիրը նախատեսված է հաշմանդամություն ունեցող զինվորների, մանկատան սաների, ծերանոցի շահառուների համար և կտևի օգոստոսից նոյեմբեր: «Ինքնության դարբնոցում» դասավանդվելու են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն:

 

Գործնական դասերը, որոնք անցկացնելու են ոլորտի լավագույն վարպետները, կուղեկցվեն տեսական դասախոսություններով, քննարկումներով և այցելություններով այլ մշակութային հաստատություններ ու արվեստանոցներ: «Ինքնության դարբնոցում» սովորող բոլոր անհատները, անկախ իրենց մասնագիտությունից, ժամանակի ընթացքում դառնալու են հայկական հարուստ մշակութային ժառանգության՝ ազգային ինքնության կրողներն ինչպես գաղափարապես, այնպես էլ որոշ գործնական կարողությունների ու հմտությունների առումով:

 

Ծրագրի իրականացման փուլում թանգարանին կամավոր հիմունքներով կաջակցեն հոգեբաններ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, ակումբային ձևաչափով կկազմակերպվեն հանդիպումներ հետաքրքիր և ազդեցիկ մարդկանց հետ, որոնք կներկայացնեն իրենց փորձը: Որպես մեկնարկային նախագիծ, մասնավորապես մանկատան սաների համար, թանգարանը կհամագործակցի մի շարք բարերարների հետ, որոնք կդառնան երեխաների մենթորներ՝ աջակցելով իրենց սաներին և առաջնորդելով դեպի ապագա:

gognocn-u-gotin

Գոգնոցն ու գոտին հայոց ավանդական մշակույթում

Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Գոգնոցն ու գոտին հայոց ավանդական մշակույթում» թեմայով: Զեկույցով հանդես կգա ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանը, ով կներկայացնի, թե ինչ նյութերից և գեղազարդման որ ձևերով են պատրաստվել գոտիներն ու գոգնոցները հայոց ավանդական մշակույթում, կբացահայտի դրանց զարդանախշերի խորհրդանշական իմաստները:

 Նույն օրը «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսը կհամալրվի նոր ցուցանմուշներով:
 Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով:
teler

Պատմում և ներկայացնում են վարպետները․ հայկական գործվածքի արվեստը

05f611_6410776dcd8746edae913b7cd23b0103_mv2

«Իմ Հայատան» ծրագիրը և Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանը, #ՃանաչիրՀայաստանը արշավի շրջանակներում, հրավիրում են բացահայտելու հայկական գործվածքի արվեստը։ Միջոցառման ընթացքում կարող եք ծանոթանալ կարպետագործության, ասեղնագործության և ժանեկագործության ավանդական և ժամանակակից մեթոդներին Հայաստանի մարզերից հրավիրված վարպետների հետ։ Հնարավորություն կունենաք հետևել աշխատանքների պատրաստման ստեղծագործական ընթացքին, անձամբ մասնակցել գործվածքների ստեղծմանը, և իհարկե ձեռք բերել գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ։

 

Մուտքն անվճար է: