Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 18:30-ին, «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) «Դաջազարդությունը և տարազը» թեմայով բանախոսությամբ հանդես կգա ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը:
Լ. Մնեյանը կանդրադառնա դաջելու եւ ներկելու եղանակներին, զարդամոտիվներին եւ հայկական տարազում դրանց արտահայտությանն ու կիրառմանը։
Դասախոսության վերջում կանցկացվի վարպետաց դաս, այցելուները հնարավորություն կունենան իրենց ցանկացած իրի վրա անվճար դաջելու հայկական զարդանախշերից որևէ մեկը:
«ՀայՓոստ»-ը, ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները համատեղ կազմակերպում են ձեռագիր նամակ գրելու համապետական մրցույթ: Համագործակցության նպատակն է դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել նամակ գրելու մշակույթը, հայերեն գիրը և ստեղծագործականությունը:
Ձեռագիր նամակ գրելու մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների իններորդ և տասներորդ դասարանների աշակերտները:
ՀՀ համայնքներում մշակութային ժառանգության պահպանության, ճանաչելիության բարձրացման, դրա նկատմամբ հարգանքի և գնահատանքի ձևավորման, ավանդույթների կենսունակության փոխանցման նպատակով ընտրվել են հետևյալ թեմաները.
Նյութական մշակութային ժառանգություն (պատմաճարտարապետական հուշարձաններ՝ եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ, մատուռներ, սրբատեղիներ, խաչքարեր և այլն),
Ոչ նյութական մշակութային ժառանգություն (ժողովրդական ստեղծագործություն՝ երգարվեստ, պարարվեստ, արհեստներ, հավատալիքներ, ազգային ավանդական սովորույթներ, լեզու, բանահյուսություն, բարբառներ և խոսվածքներ, տոներ, ծեսեր և այլն),
Իմ ընտանիքի ավանդույթը:
Ձեռագիր նամակ գրելու մրցույթն իրականացվելու է երկու փուլով. առաջին փուլում յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից կընտրվեն մեկական նամակ, իսկ երկրորդ փուլում վերջնարդյունքները կամփոփվեն հանձնաժողովի կողմից, նախատեսվում է ամփոփել նոյեմբերին: Մրցույթի հաղթողը կխրախուսվի հատուկ մրցանակով:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Թաղիքը եւ նրա կիրառությունը հանդերձանքում» թեմայով:
Բանախոսությամբ հանդես կգա ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը, ով կխոսի թաղիքագործության, թաղիքի ստացման եղանակի ու տեսակների, տարազում հանդիպող թաղիքե բաղադրիչների` բաճկոնակի, թիկնոցի, գլխարկի եւ այլնի մասին։
Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը վերսկսում է մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը նվիրված եռամսյա դասընթացները:
Եռամսյա դասընթացներն այս անգամ նվիրված են գորգագիտությանը, ինչը հնարավորություն կտա գեղարվեստական գործվածքի վերաբերյալ ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ: Ծրագիրն իրականացվում է «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:
Դասընթացը նախատեսված է ոլորտի գիտաշխատողների, թանգարանային մասնագետների, մասնագիտական բուհերի ուսանողների (ԵՊՀ, ԵՊԿ, ԳՊԱ, ՀՊՄՀ) և բոլոր շահագրգիռ անհատների համար: Դասընթացներին կարող են գրանցվել նաև փորձաքննության մասին 2019 թ. տեսական գիտելիքներ ստացած մասնակիցները, որոնք ծանոթացել են մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության մի շարք ճյուղերի:
Դասավանդման նյութն ընդգրկելու է գեղարվեստական գործվածքի (գորգ, կարպետ) ծագման, աշխարհագրության, գեղազարդման համակարգի, ներկման, ծիսական նշանակության և այլ հարցերի շուրջ մասնագիտական տեսական ու գործնական դասախոսություններ: Դասընթացի ավարտին տրվելու է մասնակցության հավաստագիր:
Դասընթացի համակարգողն է պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ, ՄԱՓԿ փորձագետ Աշխունջ Պողոսյանը, դասընթացավարները՝ կենտրոնի հավատարմագրված փորձագետները:
Ծրագիրը հոկտեմբերի 6-ից կմեկնարկի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 64՝ Աբովյան պուրակ):
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Ձին և ձիավորը Արցախյան խաչքարային պատկերաքանդակում. սպառազինությունը և հանդերձանքը» թեմայով:
Բանախոսությամբ հանդես կգա պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն այս տարի Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով: Կարևորելով մշակութային ժառանգության համամարդկային դերն ու նշանակությունը՝ թանգարանը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին կներկայացնի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ ազգային ավանդույթների, ուտեստների, երգ ու պարի ցուցադրություններով: Նույն օրը թանգարանի Փայտարվեստի ցուցասրահում (հասցե՝ ք. Երևան, Պարոնյան 2) «Միմոս» մարիոնետի թատրոնը փոքրիկ այցելուների համար կցուցադրի տիկնիկային ներկայացում:
Սեպտեմբերի 26-ին թանգարանում և Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Ժողովրդական հեքիաթի ժամ», որի ընթացքում թանգարանի կրտսեր բարեկամները կունկնդրեն ժողովրդական հեքիաթներ՝ «Միսս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Հարությունյանի և հայտնի արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի ընթերցմամբ:
Եվրոպական ժառանգության օրերի այցելուները հնարավորություն կունենան դիտելու թանգարանի ժամանակավոր ցուցասրահում օրերս բացված պրիմիտիվիստ գեղանկարիչների նկարների «ՀԱՅԱՍՏԱՆ. լույսն իմ մեջ» խորագրով ցուցահանդեսը:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18:30-ին, «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) տեղի կունենա դասախոսություն՝ «Հայկական ծիսական զգեստի իմաստաբանությունը» թեմայով: Զեկույցով հանդես կգա գեղանկարչուհի, արվեստաբան Ադա Գաբրիելյանը, ով կներկայացնի ծիսական զգեստների զարդանշանները՝ հիմնված երկրաչափական մարմինների և դրանց հատկությունների վրա:
Նույն օրը ցուցահանդեսը կհամալրվի նոր ցուցանմուշներով:
Շիրակի մարզում կանանց ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ կամփոփվի «Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանություն Շիրակի մարզում» ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագիրը:
Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-18:00-ին, Գյումրու Ռիժկով փողոցի ճեմուղիում: Ծրագիրն իրականացրել է «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը:
Ծրագրի ընթացքում պատրաստվել են էսքիզներ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի վտանգված, հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող ՀՀ և միջազգային կարմիր գրքերում հայտնված կենդանատեսակների և բուսատեսակների նկարների հիման վրա: Դրանք վերարտադրվել են ասեղնագործ, հելունագործ և թաղիքով ստեղծված ձեռագործ աշխատանքներում:
Ծրագրում ընդգրկված են Գյումրի, Ազատան համայնքների, Ախուրյան համայնքի Այգաբաց, Բենիամին բնակավայրերի և Անի համայնքի Սարակապ բնակավայրի 20-55 տարեկան 20 կանայք:
Ծրագրի նպատակն է նպաստել ինքնազբաղ ստեղծագործող կանանց մասնագիտական գործունեության խթանմանը, նրանց սոցիալական վիճակի բարելավմանը, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և տարածման միջոցով «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի կենսաբազմազանության հանրային իրազեկմանն ու համայնքների կայուն զարգացմանը:
Սեպտեմբերի 7-ին` ժամը 15:00-ին, ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 408 լսարանում, տեղի կունենա Արվեստաբանության ակումբի հերթական դասախոսությունը՝ «Հայկական գորգի խորհրդաբանությունը» թեմայով:
Բանախոս՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյան։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մայիսյան, Մեծամոր, Փշատավան և Սարդարապատ համայնքներում իրականացվում է «Ազգային արժեքների պահպանությունն ու տարածումը Արմավիրի համայնքներում» ծրագիրը՝ մարզում գործող «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության կողմից:
Ծրագրի նպատակն է նպաստել մարզի 5 համայնքների պատանիների շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության իրազեկմանը, այդ ժառանգության արժևորմանն ու տարածմանը: Ծրագրի ընթացքում արդեն իսկ կազմակերպվել են հանդիպումներ թիրախ համայնքների բարձր դասարանների աշակերտների հետ, որոնց ընթացքում ներկայացվել են ոչ նյութական մշակութային ժառանգության` ծեսերի, ծիսակատարությունների, ավանդույթների, սովորույթների մասին տեղեկատվական նյութեր, խոսվել է դրանց տարբերությունների և պահպանության կարևորության մասին: Հանդիպումներից հետո երեխաներին առաջարկվել է աշխատել ոչ նյութական մշակութային ժառանգության մասին պատմող տեսահոլովակների (https://www.facebook.com/huysimetsamor/videos/380020777041695) ստեղծման ուղղությամբ: Հաջողված աշխատանքները մրցանակներ կստանան:
Ծրագրի ավարտին նախատեսվում է այցելություն Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան: