Դեկտեմբերի 29-ին և 30-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն անակնկալ էր պատրաստել իր այցելուների համար՝ ցուցադրելով Ստվերների թատրոնի անվճար ներկայացումներ, որոնք նվիրված էին հայկական ավանդական Ամանորին՝ Կաղանդին։ Ներկայացումներով հանդես եկան «Թաթիկներ» և «Էնկի» թատերախմբերը, որոնք ձևավորվել են թանգարանի «Ինքնության դարբնոց» կրթարանում անցկացված Ստվերների թատրոնի դասընթացների արդյունքում։ Ներկայացումներն ուղեկցվեցին երեխաների համար անցկացվող Ստվերների թատրոնի կրթական ծրագրերով։
Դեկտեմբերի 26-ին «Բարձունք»-ում հյուր էր «Տոնացույց» ավանդական տոների և կենցաղային ծեսերի թանգարանի նախագահ, ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանը։ Մասնակիցները երգեցին Ավետիսներ, զրուցեցին ավանդական Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդի, ծեսերի մասին։
Դեկտեմբերի 24-ին «Վարը Վարենկ» նախաձեռնությունը Մեղրաձորում անցկացրեց տարեմուտի միջոցառում, որի ընթացքում մասնակիցները սովորեցին երգել Ավետիսներ, պատրաստել տարեհացի գաթա, ասիլ-վասիլներ, զարդարել ավանդական տոնածառ՝ Կաղանդի ծառ, խաղալ Երկար Հովհաննես, որը իրենից ներկայացնում է հին և նոր տարիների պայքարը, ինչպես նաև պարել ազգային մի շարք պարեր՝ Փափուռի, Էրիշտա, Պոզարե։
Դեկտեմբերի 23-ից կարող եք մասնակիցը դառնալ մի յուրիօրինակ տոնավաճառ-փառատոնի, որի հիմքում ազգային Ամանորի տոնածիսական գաղափարն է։ Միջոցառումը բաղկացած է երեք մասից՝ տոնավաճառ, աշխատարաններ, Ամանորի ազգային միջոցառումների շարք։ Տոնավաճառային մասում ներկայացվելու են արվեստի և ժողովրդական արհեստների տեղացի վարպետների ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվող տարբեր աշխատարաններ (վարպետության դասեր)։ Մշակութային մասում ներկայացվելու են ազգային տոնածիսական երգ ու պար, խաղեր, ներկայացումներ, բազմապիսի միջոցառումներ։ Իսկ Ամանորի գիշերը կարող եք նշել տարեմուտի ազգային ծեսերը։ Վայրը՝ Մանկական այգի /Զաքյան փողոցի կողմից, ամֆիթատրոնի տարածքում տեղակայված «Be Happy» վրանի տարածքում/։ Բացումը՝ 23.12.2023 ժամը 12։00, փակումը՝ 13.01.2024 ժամը 21։00։ Տոնավաճառային օրակարգը՝ ամեն օր 12։00-21։00։ Կազմակերպիչներ՝ «Հայը կա», «Կենաց տուն», «Միհր վոյաժ»։
Դեկտեմբերի 21-ին «Seasons Park Station»-ում անցկացվեցին վարպետության դասեր «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» հետ համատեղ․ ասեղնագործություն, կարպետագործություն, խեցեգործություն,ուլունքագործություն, նկարչություն։ Բացի այդ, «Seasons Park Station»-ում այդ օրը ցուցադրված էին կենտրոնի աշակերտների աշխատանքները։
«Today Art Initiative» կազմակերպությունը ս/թ հոկտեմբերին կազմակերպել էր հանդիպում-քննարկում Սիրիայից կամ Լիբանանից հայրենիք վերադարձած հայերի հետ, ում նախնիները սերում են Կիլիկյան Հայաստանից ու ունեն հիշողություններ արտագաղթի տարիների և Կիլիկիայի ասեղնագործության ու ժանեկագործության մոռացվող ձևերի մասին: Մասնակիցները եկել էին Կիլիկիայի տարբեր քաղաքներից (Այնթապ, Մարաշ, Ուրֆա և այլն): Նրանք բերել էին հիշողություններ, հետաքրքիր պատմություններ անցյալից, լուսանկարներ, ձեռագործ աշխատանքների նմուշներ նախնիներից, որոնք անցել էին արտագաղթի դժվարին ու երկար ճանապարհը: Նաև ցուցադրվեցին մասնակիցների աշխատանքները, որոնք կրում էին Կիլիկայի ասեղնագործության ու ժանեկագործության ավանդույթները և առանձնահատկությունները: Նրանք այս տեխնիկաները փոխանցում են նոր սերնդին՝ պահպանելով հայկական մշակույթի կարևորագույն ձևերից մեկը: Հանդիպմանը առցանց տեսակապով միացավ նաև նախագծի միջազգային հետազոտող Էֆֆի Սամարան (Գլասգոյի համալսարան)՝ հիշողությունների բացահայտման իր մեթոդաբանությամբ ու զրուցեց գրեթե բոլոր մասնակիցների հետ` ուսումնասիրելով նաև ներկայացված նյութերը: Համայնքային հանդիպման ավարտին, նախագծի ղեկավար Լիլիթ Ստեփանյանը բոլոր մասնակիցներին հանձնեց շնորհակալագրեր՝ մասնակցության, հայկական մշակույթի պահպանման ու տարածման համար : Քննարկումը տեղի ունեցավ «Պարիաներ. իրագործելով Եվրոպայի պատմական հիշողությունը» նախագծի շրջանակներում՝՝ համաֆինանսավորված Creative Europe ծրագրի կողմից։ Նախաձեռնության աջակիցն է «Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն:
Հին ժամանակներից ի վեր հայերը Ամանորին զարդարել են Ծառ խնկենի (տոնածառ, կենաց ծառ, կաղանդի ծառ, տիեզերական ծառ, նավասարդի ծառ)։ Ըստ հավատալիքների խնկենին տիեզերական պարտեզի՝ դրախտի գլխավոր ծառն է, և յուրաքանչյուր ընտանիքի համար այն բարիքի աղբյուր է։ Ծառ խնկենին, ի տարբերություն ժամանակակից տոնածառի, մնում է տանը ողջ տարին, քանի որ այն հաջողություն, դրական լիցքեր և օրհնություն է բերում ձեր տուն, ամեն տոնի հետ փոփոխելով իր զարդարանքը (Զատիկին՝ գունավոր ձվեր, Վարդավառին՝ վարդեր, և այդպես կլոր տարի): Միջոցառումն անցկացրեց «Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավար, «Հեքիաթի տուն» կենտրոնի հիմնադիր, երաժիշտ-երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանը:
«Ավետիս» թերթի 57-րդ համարում լույս է տեսել «Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացված վարպետաց դասերի վերաբերյալ տեղեկատվություն: Նոյեմբերի 18-20-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենի տեղակալ Գայանե Ասլանյանը և վարպետներ՝ Սյուզաննա Ավետիսյանը, Արմինե Խաչատրյանը, Անի Մարտիրոսյանը Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում, մի շարք այլ կրթամշակութային կազմակերպություններում անցկացրել են կարպետագործություն և գորգագործության դասընթացներ, առանձին դասախոսություններ տարբեր տարիքի մասնակիցների համար: «Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Լեհ-հայկական հիմնադրամի, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի, Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո Սփյուռքի գործերի հանձնակատարի հետ:
Դեկտեմբերի 12-ին Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից անցկացվող եռամսյա դասընթացի վերջին դասախոսությունը: Դասախոսության թեման էր՝ «Գորգագործությունը իբրև ծես, գորգը՝ սրբազնացված տարածք»: Դասախոսության բանախոսն էր Փորձագիտական կենտրոնի փորձագետ, գորգագետ, պ.գ.թ. Աշխունջ Պողոսյանը, ով այս անգամ խոսեց գորգի ծիսապաշտամունքային դրսևորումների մասին:
Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվել է «Հայ օգնության միություն» բարեգործական կազմակերպության Հայաստանի «Կռունկ» մասնաճյուղի հետ համատեղ։ Ներկայացված են ասեղնագործ ինքնատիպ նմուշներ Արևմտյան Հայաստանից, այդ թվում՝ սեղանի և անկողնու ծածկոցներ, ասեղնագործ օձիքներ, ժանյակներ, սրբիչներ և այլն։ Ցուցադրության բացումից հետո երկու կառույցների միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ստեղծագործական-կրթական նախագծերի, կրթամշակութային միջոցառումների, ցուցադրությունների համատեղ իրականացում։ ՀՕՄ Հայաստան-ի «Կռունկ» մասնաճյուղի նվիրած մի շարք ինքնատիպ նմուշներ համալրեցին Հայաստանի պատմության թանգարանի ազգագրական հավաքածուն։