«Վիշապագորգ․ ծագումնաբանություն և խորհրդաբանություն» բանախոսություն

«Վիշապագորգ․ ծագումնաբանություն և խորհրդաբանություն» բանախոսություն

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայ ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տեղի ունեցավ «Վիշապագորգ ծագումնաբանություն և խորհրդաբանություն» խորագրով բանախոսություն բանախոս՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխունջ Պողոսյան։

«Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդես

«Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդես

Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի»-ն ներկայացնող գրքի շնորհանդեսը։

Գիրքը  տպագրվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի մասնակցությամբ և աջակցությամբ։

Գրքում ներկայացված են պատմական Հայաստանի բոլոր նահանգների գորգագործական կենտրոններում հազարամյակների ընթացքում ձևավորված հայոց գորգարվեստի ավանդույթները, ինչպես նաև՝ հայ գաղթօջախներում ստեղծված գորգեր։

Հավաքածուն ունի պատմամշակութային բացառիկ նշանակություն՝ ներառելով 17-19-րդ դարերով թվագրվող նմուշներ, հայատառ թվակիր հիշատակարաններով գորգեր։ Առավել հարուստ ու ամբողջական են ներկայացված Արցախի, Սյունիքի, Լոռի-Գուգարքի, Ուտիքի ու Տավուշի, հարավարևելյան Կովկասի գորգագործական հայաշատ կենտրոնների, Վասպուրականի, Խոյ-Սալմաստի, Ուրմիա լճի ավազանի, ինչպես նաև՝ հարավարևելյան Պարսկաստանի գորգագործական հայաշատ կենտրոնների գորգեր։

«Տոներն Ախալցխայում» ծրագիր

«Տոներն Ախալցխայում» ծրագիր

«Տոներն Ախալցխայում» ծրագիր

Մայիսի 27-ին «Տոներն Ախալցխայում» ծրագրի շրջանակում «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ ծրագրում ներգրավված կամավորների համար։ «Ջավախք» հբհկ նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը ողջունեց կամավորներին ծրագրում ներգրավվելու նրանց պատրաստակամության համար և ներկայացրեց ծրագրի կարևորությունը ոչ միայն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու տարածման,  այլև ներգրավված մասնակիցներին գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ու փորձ փոխանցելու, արժեքային համակարգի ձևավորման տեանկյունից։ Ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը ներկայացրեց դաշտային հետազոտություններ իրականացնելու մեթոդաբանությունը, մեթոդները, հետազոտական էթիկայի հիմնական մոտեցումները, դաշտային այցելությունների, հարցազրույցների, տվյալների մշակման, պատմությունների հավաքագրման ու ներկայացման ձևերը։ Նա մանրամասն բացատրեց նաև մշակված հարցաշարի կառուցվածքը և կիրառման առանձնահատկությունները։ Ն. Սիրականյանը ներկայացրեց նաև ծրագրի իրականացման փուլերը, հերթական գործողությունները և արդյունքների ամփոփման ու ներկայացման ձևաչափը։ Վերլուծվեց նաև նախորդ տարիների ծրագրերի իրականացման ընթացքում բանահավաքներին հանդիպած խնդիրները և դրանց հաղթահարմանը միտված լուծումները։ Ծրագրի համակարգող Մարինե Այվազյանը ներկայացրեց առաջիկա աշխատանքների ժամանակացույցը, թիմային աշխատանքի մոդելները և կամավորների միջև արդյունավետ հաղորդակցության միջոցները։ Սեմինարին տեղացի կամավորները մասնակցեցին առցանց ձևաչափով։

Ծրագիրը կօգնի ներգրավված կամավորներին դառնալ մշակութային ժառանգության փոխանցողներ՝ նպաստելով նրանց քննադատական մտածողության, հաղորդակցության, ինչպես նաև մեդիագրագիտության զարգացմանը։

Հիշեցնենք, որ «Տոներն Ախալցխայում» ծրագիրն իրականացվում է  «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Համբարձման տոնը Սոլակում

Համբարձման տոնը Սոլակում

Համբարձումը շատ մոտ ա,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Մեր ճամփեքը քարոտ ա,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն․․․
Հնուց ի վեր Համբարձումը նշվել է բնության գրկում՝ տարատեսակ խաղիկներով, երգերով, վիճակով և այլ ավանդույթներով։ Այս տարի «Վարը Վարենկ»-ը հրավիրում է տոնը նշելու Սոլակում՝ մայիսի 31-ին, Սբ․ Աստվածածին եկեղեցու մոտ, որտեղ մասնակից կդառնաք Համբարձման տոնակատարության՝ վիճակի արարողություն, ազգային պարուսուցում, տոնին բնորոշ երգերի ուսուցում, ազգային խաղեր։

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

Վերականգնելով սիրելի ավանդույթը՝ ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր: Պարային հանդիպումը տեղի կունենա մայիսի 30-ին՝ ժամը 18:30-ից մինչև 21:00, «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ): Մուտքն ազատ է բոլորի համար:

Մարաշի ասեղնագործության դասընթացներ Ալավերդիում

Մարաշի ասեղնագործության դասընթացներ Ալավերդիում

Ալավերդի համայնքում «Արևածին» կրթամշակութային ՀԿ-ն հունիսի 10-ից մեկնարկում է Մարաշի ասեղնագործության դասընթացներ՝ 15 տարեկանից բարձր անձանց համար։
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։
Հեռ․՝ 041061012, 077189074։

«Սասնա ծռեր»․ բանախոսություն

«Սասնա ծռեր»․ բանախոսություն

«Սասնա ծռեր» («Սասնա տուն», «Քաջանց տուն», «Ջոջանց տուն», «Դավիթ և Մհեր», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»…) էպոսի համահավաք նոր պատումի կազմման աշխատանքի վերաբերյալ հետաքրքիր բանախոսություն տեղի ունեցավ մայիսի 22-ին ՀԱԻ ընթերցասրահում՝ ամենամսյա Բանագիտական քննարկումների շրջանակում։
Էպոսագետ Հայկ Համբարձումյանը ներկայացրեց իր կազմած նոր համահավաքի սկզբունքները, կատարած աշխատանքի խութերն ու վայելքները։ Նոր համահավաք տեքստը հյուսված է մինչ այժմ տպագրված շուրջ 90 պատումների հիման վրա, ինչպես նաև օգտագործվել են Հովսեփ Օրբելու գլխավոր խմբագրությամբ կազմված առաջին համահավաքի (Երևան, 1939 թ.), Տիգրան Չիթունու  հյուսած երկրորդ՝ «Սասունական» տարբերակի (Փարիզ, 1943 թ.) և Գրիգոր Գրիգորյանի ու իր գործընկերների պատրաստած վերջին տարբերակի (Երևան, 1993 թ.) տվյալները։
Բանախոսութան ավարտին ծավալվեց աշխույժ և օգտակար քննարկում, կարծիքների ու տեսակետների փոխանակում։

Համբարձման տոնը Ջրվեժում

Համբարձման տոնը Ջրվեժում

Համբարձում է, գարուն է,
Մեր վիճակը սիրուն է․․․
Մայիսի 22-ին Ջրվեժի համայնքապետարանի հարակից տարածքում տեղի ունեցավ Համբարձման տոնին նվիրված միջոցառում՝ կազմակերպված «Անանենց արվեստանոցի» կողմից։ Միջոցառման հատուկ հյուրն էր Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի պարի համույթը։

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի ամառային դպրոց

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի ամառային դպրոց

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը մշակել է արհեստով, արվեստով, ազգային տարրերով հագեցված ամառային դպրոցի ծրագիր երեխաների համար՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Հնգօրյա դպրոցի ընթացքում երեխաները ծանոթանալու են կավագործության, կարպետագործության, գորգագործության, նկարչության, թաղիքագործության, ծղոտագործության արհեստներին, սովորելու են ավանդական մոռացված խաղեր, երգեր ու պարեր։ Ծրագիրը նախատեսված է 6-ից բարձր տարիքային խմբի երեխաների համար։ Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077031195 հեռախոսահամարով։

«Կայթ» նվագախումբը Հայաստանի պատմության թանգարանում

«Կայթ» նվագախումբը Հայաստանի պատմության թանգարանում

Մայիսի 17-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում, Հայաստանի պատմության թանգարանում համերգային ծրագրով հանդես եկավ «Կայթ» նվագախումբը: Երեկոյի ընթացքում հնչեցին պատմական Հայաստանի տարբեր գավառներից պահպանված երգեր՝ նոր մշակումներով, այդ թվում՝ «Գորանի», «Հավկունք վըր ծովունը», «Թագպարը» և այլն: Խմբի կատարումներում համադրված են ժողովրդական և ժամանակակից հնչողությունները՝ նոր երանգներ բացահայտելով ազգային երաժշտության մեջ: