tearnyndarajy-garnium

Տյառնընդառաջը նշվել է «Գառնի» արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» արգելոցում

Փետրվարի 13-ին «Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գառնի» պատմամշակութային  արգելոց-թանգարանում  և  «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում  նշվել է  Տյառնընդառաջը: 

Տերունի այս տոնը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը  Տաճարին։ Հայաստանյաց  Առաքելական Սուրբ  եկեղեցին  Տյառնընդառաջը  կամ 40 օրական Հիսուսի ընծայումը  Տաճարին տոնում է Աստվածահայտնությունից  40 օր հետո։ Տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակ է կատարվում։ Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը։ Եկեղեցու կանթեղներից  վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։  

«Գառնի» արգելոց-թանգարանում միջոցառումը մեկնարկել է Գառնի համայնքի Սուրբ  Խաչ  եկեղեցուց: Մասնակիցները  եկեղեցու  կանթեղներից  վերցված  կրակով ու  «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի կատարմամբ հնչող ազգային երգ-երաժշտության ուղեկցությամբ, շարժվել են դեպի արգելոց-թանգարան, որտեղ քրիստոնեական սուրբ  Սիոն  եկեղեցու ավերակների դիմաց /խոտածածկ հատվածում/ վառվել է Տյառընդառաջի խարույկը: 

ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում միջոցառումը մեկնարկել է նորապսակների օրհնության կարգով, որը կատարել է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մամբրե քահանա Ոսկանյանը։

Լույս_է_տեսել_«Անկախության_«Սասնա_ծռերը»_էպոսը_հայ_արդի_գրականության

Լույս է տեսել «Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս է տեսել Հայկ Համբարձումյանի «Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը:

Անկախության շրջանում հայ գրական ու հանրային միտքն ընդգծված հետաքրքրություն է դրսևորում հայ վիպական բանահյուսության, մասնավորապես՝ հին առասպելների ու «Սասնա ծռեր» էպոսի նկատմամբ: Այդ հետաքրքրությունն արտահայտվում է ոչ միայն գեղարվեստական բնագրերում, այլև գրական-հանրային տարբեր քննարկումներում ու հասարակական-քաղաքական կյանքում:

«Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրության մեջ ներկայացվում, քննարկվում և վերլուծվում են էպոսի գրական, մշակութաբանական, փիլիսոփայական ու քաղաքական ընթերցումները: Այս անդրադարձները թեև տարբեր են իրենց բնույթով ու նպատակներով, սակայն ընդհանուր ժամանակի ծնունդ լինելով՝ արտացոլում են անկախության շրջանի հայ իրականության գաղափարական հիմնական միտումները:

hayastany-expo-2020-dubai

Հայաստանը՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» ցուցահանդեսում

«ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում հունվարի 30-ին նշվել է Հայաստանի ազգային օրը:

ՀՀ վարչապետի որոշմամբ կազմվել է պատվիրակություն՝ ցուցադրության շրջանակում Հայաստանի ազգային օրվան նվիրված տոնական հանդիսությանը մասնակցելու նպատակով: Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Վեց ամիս տևողությամբ այս մեծածավալ ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։ Սա հիանալի առիթ է Հայաստանը, հայկական մշակույթն ու պատմությունն առավել լայն լսարանի ներկայացնելու ու հասանելի դարձնելու առումով։

Ազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակի բեմից Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությամբ, որին հաջորդել է ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների գլխավոր հանձնակատար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթը։

«Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարևոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման և դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից»,- ընդգծել է նախարարը։

Պաշտոնական բացման արարողությունից հետո՝ ողջ օրվա ընթացքում, կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ։ Մշակութային երեկոն բացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը բազմաթիվ հյուրերի և ցուցահանդեսի՝ տարբեր երկրներից ժամանած այցելուների համար փայլուն ներկայացրել է «Խաչատուրյան ջազ» համերգային ծրագիրը։

«Բարեկամություն» պարի պետական ​​համույթի կատարմամբ կայացել է հայկական էթնիկ պարային համերգը՝ «Հայկական գույներ» պարային ներկայացումը, որից հետո հյուրերն այցելել են հայկական տաղավար՝ ծանոթանալու ներկայացված մշակութային ժառանգությանը, պատմությանը և մեր երկրի մտավոր ներուժին։

Օտարազգի հանդիսականի համար ցուցադրվել է նաև «Օլիմպիկոս» հայկական անիմացիոն մուլտֆիլմը: Մշակութային միջոցառումները եզրափակվել են հայկական էթնիկ ջազ երաժշտության՝ Արտո Թունջբոյաջյանի և Դավիթ Սուքիասյանի կատարումներով։

Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել նաև Հայաստան-ԱՄԷ պատվիրակությունների երկկողմ հանդիպումներ, քննարկումներ:

hayhastani-patmutyan-tangaran

Հայաստանի պատմության թանգարանի դիմաց տեղի ունեցավ ռազմապարերի ուսուցման բաց դաս

Հունվարի 29-ին Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ցուցադրության բացումը՝ «Բանակի ակունքներում» խորագրով: Ցուցադրության բացմանը հաջորդեց ռազմապարերի ուսուցման բաց դասը, որն անցկացրեց «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։

dilijani-hamn-u-hoty

Տպագրվել է «Դիլիջանի համն ու հոտը» խոհանոցային գրքույկը

«Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ի «Դիլիջանի արխիվ» ծրագրի շրջանակում հավաքագրվել են դիլիջանյան խոհանոցը ներկայացնող մի շարք ուտեստների բաղադրատոմսեր՝ նպատակն է վերածնունդ տալ և  պահպանել դիլիջանյան խոհանոցի առանձնահատկությունները։ Ծրագրի ընթացքում բաղադրատոմսերը հավաքագրվել են հիմնականում տատիկներից և սարվորներից, որոնք մինչև այսօր պահպանում են ավանդական բաղադրատոմսերը: Նունե Զաքարյանը, որը ծրագրի շրջանակում հավաքագրել է բաղադրատոմսերը, նշեց, որ երբ ձևակերպվում էր նպատակը, հասկացան, որ այն շատ ընդարձակ և անծայրածիր թեմա է, քանի որ ամեն սերունդ իր ձևով է ներկայացնում բաղադրատոմսերը «Որոշեցինք, որ բաղադրատոմսերը հիմնականում հավաքագրվելու են մեծ սերնդից՝ այն տատիկներից, ովքեր իրենց տներում հիմնական խոհարարներն են և կարող են պատմել Դիլիջանում ավանդական ուտեստների իրական բաղադրատոմսերը: Շատ յուրահատուկ օրինակներ գտանք ծրագրի ընթացքում և անգամ Դիլիջանի տարբեր թաղամասերում նույն ուտեստը տարբեր կերպ են պատրաստում: Գտանք Դիլիջանում ամենահամեղ թթու պատրաստող տատիկին, ով փոխանցեց իր բաղադրատոմսը»: Նունե Զաքարյանը նաև ընդգծեց, որ իրենց նպատակը չի եղել ցույց տալ, որ դրանք միայն Դիլիջանին են հատուկ, քանի որ Հայաստանի բոլոր տարածքներում բաղադրատոմսերը շատ նման են և պատրաստման եղանակներն են տարբերվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

darbnuyan-ancyalln-u-nerkan

Դարբնության անցյալն ու ներկան, մշակութային արժեքն ու նշանակությունը ներկայացրել է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Աղասի Թադևոսյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրել է «Գյումրու դարբնոցային մշակույթի արհեստագործական և համայնքային ավանդույթները» ծրագիրը, որի հիմնական գաղափարն էր Գյումրիի դարբնության ավանդույթները ներկայացնող և մշակութային ժառանգության արժեք ունեցող ազգագրական նյութի գրանցումը, պահպանումն ու հանրայնացումը։

Չնայած դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ այն իր լիարժեք արտահայտությունը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում:

Ինչպես Աղասի Թադևոսյանն է ներկայացնում, շուրջ 5 ամիս տևած գիտարշավների ընթացքում գրանցած նյութի հիման վրա շարադրվել են դարբնոցային տեխնիկատեխնոլոգիական աշխատանքի և քաղաքային ֆոլկլորում դարբնության ու դարբինների դերի ու տեղի հետ կապված համառոտ պատմություններ, որոնք ամփոփվել են էլեկտրոնային գրքի և շտեմարանի ձևով: Բացի դրանից՝ իրականացվել է Գյումրիի դարբնոցային մշակութային ժառանգության նմուշների տեղակայման քարտեզագրում՝ դրանց գտնվելու վայրերի մասին ցանկերի ուղեցույցով և լուսանկարներով, ինչպես նաև համառոտ տուրիստական խորհրդատու Գյումրիում դարբնոցային մշակութային ժառանգության ցուցադրմանը նվիրված շրջայցի կազմակերպման վերաբերյալ:

Ծրագրի իրականացումը կարևորվում է Գյումրիի արհեստների գույքագրման, արհեստագործների համայնքի արժևորման և գնահատման, ինչպես նաև տեղական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ու կենսունակության շարունակականության ապահովման նպատակով:

Ըստ Ա. Թադևոսյանի՝ մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված այս հետազոտական ծրագրին գործուն աջակցություն է ցուցաբերել «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրենությունը. ազգագրագետն ասում է. «Անգնահատելի է հատկապես թանգարանի գիտաշխատող Պարույր Զաքարյանի մասնագիտական խորհրդատվությունը հետազոտության իրականացման գործընթացում»։ Ծրագրին աջակցել են նաև ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը և Գյումրու ժողովրդական ճարտարապետությունը, քաղաքային կենցաղը և մշակույթը ներկայացնող Ձիթողցոնց տուն-թանգարանը։

Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել թե՛ գյուղական, թե՛ քաղաքային բնակավայրերում: Եթե գյուղերում միայն կենցաղային իրեր են պատրաստվել, ապա քաղաքում շատ ավելի լայն պահանջարկ է եղել. կիրառվել են տան արտաքին ձևավորման տարրեր՝ դռների, պատուհանների ճաղավանդակներ, բազրիքներ։ Որպես քաղաք՝ Գյումրին ձևավորվել է 1840-ականներին, երբ այստեղ է տեղափոխվել քաղաքային բնակչություն՝ ձևավորելով տարբեր խավեր: Դա ենթադրում էր մրցակցություն ոչ միայն տարրական կարիքների, այլև գեղագիտական պահանջմունքների բավարարման տիրույթում: Իսկ մրցակցության մեջ վարպետներն ավելի էին հմտանում:

Քաղաքային արհեստները ունեին համքարություններ՝ որոշակի կանոններով ու արհեստի որակական չափանիշներով, և եթե որևէ արհեստագործ չէր բավարարում այդ չափանիշները կամ խախտում էր դրանք, համքարությունը կարող էր զրկել նրան առևտրական շարքում կրպակ ունենալու հնարավորությունից:

Ըստ Աղասի Թադևոսյանի՝ «Ցանկացած նյութական մշակույթ առարկայանում է ոչ նյութական մշակույթի՝ մտքի ու գաղափարի հաշվին. նյութականը վերջնական արդյունքն է: Այս համատեքստում պետք է տարբերել երկաթագործությունը ավանդական դարբնությունից: Այսօր էլ Գյումրիում կան երկաթային դեկորներով տներ: Դրանց պատրաստման ավանդական եղանակներին փոխարինում է տեխնիկական՝ եռակցման եղանակը: Գործից հասկացող մարդը տարբերությունը միանգամից կզգա. արտաքին տեսքը, որակը այլ են: Դարբնությամբ արված գործերի սիմետրիկ շարքերը, բացի կիրառականությունից, նաև գեղագիտական նշանակություն են ձեռք բերել. հենց սա է դարձել ոչ նյութական մշակութային ժառանգություն»:

Հետազոտությունների ընթացքում Ա. Թադևոսյանը զրուցել է գյումրեցի մերօրյա դարբինների՝ այդ ավանդույթը իրապես կրողների հետ: Նա պատմում է, որ դարբնության ամենածաղկուն շրջանում Գյումրին ունեցել է մոտ 96 վարպետ դարբին. այսօր նրանց թիվը քաղաքում մատների վրա կարելի է հաշվել. վեցն են: Մի քանի ընտանիք կա, որ սերնդեսերունդ պահպանում է արհեստը՝ հասնելով արդեն 7-րդ սերնդին: Նա հիշատակում է հատկապես Պապոյանների, Մնոյանների, Մարտիրոսյանների ընտանիքների մասին: Նրանք, թե՛ լուսանկարներով, թե՛ բանավոր պատմություններով, թե՛ պարզապես արհեստի մշակութային ինֆորմացիայի կրողները լինելով, պահպանել են այն:

Հետազոտությունների հիման վրա գրած գրքում Ա. Թադևոսյանը հայտնի դարբիններից վավերագրել է Գյումրիում դարբնության մշակույթին վերաբերող բազմաթիվ հիշարժան պատմություններ: Դրանք ցույց են տալիս ավանդույթի կենսունակությունը Գյումրի քաղաքի անցյալում և ներկայում, արժեքն ու նշանակությունը՝ որպես մշակութային ժառանգություն: Ըստ պատմություններից մեկի՝ Գյումրիի կայարանի հայտնի ջահը դարբնել են Մնոյանները: Մեկ տոննա կշռով ջահը կախելիս վարպետ Օնիկը և նրա 2 տղաները իրենց աշխատանքի որակն ու վստահելիությունը ցույց տալու համար բարձրացել են դրա վրա և ի նշանավորումն գործի հաջողության՝ շամպայն խմել:

Դարբնությունը՝ որպես մշակութային ժառանգություն արժևորելիս կարևորվում է այն հանգամանքը, որ զնդանը ծիսական վայր է համարվել: Զնդանի վրա դարբինները հաց են տվել, և դրա վրա նստելը սրբապղծություն էր:

habetnak

Հաբեթնակ Բաբայանի 135-ամյակը

Միգուցե քչերը գիտեն, որ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ստեղծման պատմության հետ անմիջականորեն կապված է ոլորտի նվիրյալ Հաբեթնակ Բաբայանի անունը: 

Ծնվել է Շուշիում, 1886 թ. հունվարի 6-ին,  դարբին Առաքելի ընտանիքում: Սովորել է Շուշիի դպրոցում, որտեղ նկարչության դասեր է ստացել քանդակագործ Հակոբ Գյուրջյանի եղբոր՝ Գրիգոր Գյուրջյանի արվեստանոցում: Նրա աշխատանքները ցուցադրվել են Նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներին, ինչպես նաև 1933 թ.-ին Փարիզում կայացած ամենամյա միջազգային ցուցահանդեսին: Կրթությունը շարունակելու նպատակով Բաբայանը մեկնել է Պետերբուրգ և ստացել կենսաբանի մասնագիտություն: Վերադառնալով հայրենիք՝ աշխատել է որպես ուսուցիչ Սյունիքի մարզի համայնքներում:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բաբայանը նշանակվել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գլխավոր ադմինիստրատոր: Զուգահեռ մասնակցել է Նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներին՝ ներկայացնելով «Գուսան Աշոտի դիմանկարը», «Գուսան Հավասու դիմանկարը»,  «Ժող.վարպետ Վահան Հացագործյանի դիմանկարը», «Սայաթ Նովա», «Սասունցի Դավիթ» աշխատանքները:

1934 թ.-ից Բաբայանը նվիրվել է էթնիկ մշակույթի վերածննդին՝ ստանձնելով Հայաստանի  ժողովրդական ստեղծագործության հանրապետական տան ղեկավարի պարտականությունները: Հակոբ Կոջոյանի, Արա Սարգսյանի, Եփրեմ Սավայանի, Բաբկեն Քոլոզյանի հետ սկսել է իրականացնել հավաքչական գործունեություն՝ համալրելով  ժողովրդական  վարպետների ստեղծագործությունների հավաքածուն:  Այդ հավաքածուի հենքի վրա էլ 1978 թ.-ին ժողովրդական արվեստի մեկ այլ նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի ջանքերով և Մշակույթի նախարարության աջակցությամբ ստեղծվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը:

Հունվարի 6-ին կլրանար Հաբեթնակ Բաբայանի 135-ամյակը:

arcati-ev-zardanaxchi-simfonian

«Արծաթի և զարդանախշի սիմֆոնիա»

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի պատմության թանգարանում տեղի կունենա «ԱՐԾԱԹԻ ԵՎ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ» խորագրով ցուցադրությունը: ______________________________________________________

Երևան քաղաքի պատմության թանգարանում 90 տարիների ընթացքում հավաքվել և պահպանվում են հայ արծաթագործ վարպետների գործերը, որոնք այսօր էլ հիացնում են իրենց նրբությամբ ու կատարելությամբ: Ցուցահանդեսում ներկայացված արծաթե առարկաների մեջ առանձնանում են 19-20-րդ դարերով թվագրվող գոտիները, որոնց նախշազարդերը բարձրարվեստ կատարումներից զատ, հայ ժողովրդի ինքնության արտահայտման յուրօրինակ վավերագրերն են: Դրանք պատրաստված են տեխնիկական տարբեր եղանակներով՝ մանրարուք, դրվագում, արծնակիտում, սևադ: Ընդ որում, սևադի տեխնիկան ծագումով հայկական է: Գոտիների մի մասը կրում է արծաթագործ վարպետի կնիքը: Հավաքածուների մեջ ստվար խումբ են կազմում սպասքը և ծիսական առարկաները: Վերջիններս ՀՀ Ֆինանսների նախարարության գանձապետարանի, ինչպես նաև թանգարանի նվիրատու Ռոստոմ Ոսկանյանի հարուստ ֆոնդից են: Ըստ ծագման՝ դրանք լայն շրջանակ են ընդգրկում՝ Հայաստան, Իրան, Հնդկաստան, Չինաստան: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ Ֆինանսների նախարարության և Երևան քաղաքի պատմության թանգարանի նախաձեռնությամբ։ Այն կգործի մինչև 2022թ. փետրվարի 28-ը:

qnnarkum

Քննարկում.ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները: Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկություններով, մասնագիտական դիտողություններով: Նշենք, որ ՀՀ տարբեր համայնքներից, հասարակական և մշակութային կազմակերպություններից ներկայացվել են ոչ նյութական մշակութային արժեքների 13 առաջարկներ.

  1. Մանրանկարչության արվեստ,
  2. «Անանա նան քյե ղուրբան» երգ,
  3. «Սև սար» երգ,
  4. Տոլմա
  5. Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ
  6. Տավուշի մարզի համայնքներում
  7. Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ
  8. Տավուշի մարզում,
  9. Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում,
  10. Տոմաստ
  11. Քյավառի փախլավա
  12. ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի պանրագործությունը
  13. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ժողովրդական ճարտարապետությունը
  14. Ասեղնագործություն
  15. Տնկարանային տնտեսություն (տնկարանի արտադրանքի տեխնոլոգիա և իրացում):

Առանձին-առանձին անդրադառնալով ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման առաջարկներին՝ ամփոփվել են ներկայացված առաջարկները, լրամշակման, խմբագրման ենթակա կետերը, արժեքներին վերաբերող մասնագիտական առանձնահատկությունները: Առաջարկները քննարկելիս խորհուրդը հատկապես կարևորել է դրանց լրամշակումը, մանրամասն նկարագրությունը, կենսունակ և կիրառելի մշակութային տարր լինելու հանգամանքը:

ajapnyak

Ցուցադրություն՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացված «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության›› ծրագրի շրջանակում նոյեմբերի 4-ին «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ում բացվել է կարպետագործության և գորգագործության ցուցադրություն:

Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու նախապայմաններից է երեխաների և դեռահասների համակողմանի կրթության ապահովումը, որն առավել առաջնային է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար. նրանք հասարակական կյանքում սոցիալական ներառման խնդիր ունեն:

Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցման (կարպետագործություն, գորգագործություն) ծրագիրն ուղղված էր 6-18 տարեկանների ներուժը բացահայտելուն, նրանց կրթական, ստեղծագործական ունակությունների ու ինքնադրսևորման հնարավորությունների զարգացմանը նպաստելուն։

Ծրագրի շրջանակում ցերեկային կենտրոն հաճախող և սոցիալ-հոգեբանական աջակցություն ստացող երեխաների համար ստեղծվել է յուրահատուկ ստեղծագործական միջավայր, որը նպաստել է նրանց արտադպրոցական զբաղվածությանը և արհեստագործական գիտելիքների ձեռքբերմանը։