1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բարբառներ
Լեռնային Ղարաբաղի բարբառային միավորները վեցն են՝ Ղարաբաղի, Հադրութի, Լուսաձորի (Մեհտիշեն), Շաղախ-Խծաբերդի, Մարաղայի բարբառներ, Ուրմիայի /Չայլուների/ խոսվածքներ: Սրանցից ավելի տարածված են Ղարաբաղի և Հադրութի բարբառները, որոնք և համարվում են տարածաշրջանի հիմնական և բնիկ բարբառները: Ղարաբաղի բարբառը պատկանում է հայերենի բարբառների Ում ճյուղին, ունի երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ, ըստ բազմահատկանիշ դասակարգման՝ ընդգրկված է Ղարաբաղ-Շամախիի միջբարբառախմբում: Հադրութի բարբառը պատկանում է բարբառների Ս ճյուղին, Ղարաբաղի բարբառի պես ունի երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ: Գ. Ջահուկյանը Հադրութը ընդգրկել է Ղարաբաղի բարբառի մեջ: Երկու բարբառներն ունեն բավականին շատ ընդհանրություններ, որոնցից են.
- Ընդհանուր հայերենյան ձայնավորներից բացի՝ քմայնացած ա (լավ), ու (տուս), օ (ծօր) ձայնավորների, ըէ խառը տիպի ձայնավորի (վըէղ – հող, վըէտ – հոտ) և վերին բարձրացման ը (ի՝. ավելի փափուկ ի) ձայնավորի (ի՝րփի-՝վէ-րի՝ որբևայրի) առկայություն.
- Հին հայերենյան բ,գ,դ,ձ,ջ ձայնեղների դիմաց համապատասխան պ,կ,տ,ծ,ճ խուլերի դրսևորում (բան->պէն, գլուխ>կըլօխ, դու>տու, ձրի->ծըրի, ջիլ>ճիլ).
- Բաղաձայնների մեծ մասի քմայնացած տարբերակների առկայություն (գյ, կյ, քյ, դյ, տյ, թյ, ձյ, ծյ, ցյ, ճյ, չյ, լյ և այլն).
- Ֆ շրթնատամնային խուլի բացակայություն.
- Վերջընթեր շեշտ (ըզա՛դէլ, ըղա՛ման).
- Միավանկ բառերի ո ձայնավորից առաջ հ>վ անցում (վըէտ <հոտ, վըէր <հոր, վըէղ /<հող).
- Բառավերջի ըն-ի դիմաց՝ նը (ակնը, մաննը, մուկնը, ծուկնը).
- Հոգնակի ուղղականում -նէր մասնիկի բացակայություն (ականջ-ներ>ունգուճնէ).
- Բացառական, գործիական, ներգոյական հոլովների պարզ և վերլուծական ձևերի առկայություն (մարթա /բցռ./, տըղավ /գործ./, տըղըմ /ներգ./, տըղէն անա /բցռ./, տըղէն անավ /գործ./, տըղէն անըմ /ներգ./).
- «Չորս» թվականի դիմաց ք-ով ձևի առկայություն (չօրք).
- Անձներական թվականների առկայություն (Հադրութ՝ ուրկօքան-//ուրկօքէն /երկուսն էլ/ իրէքան-//իրէքէն /երեքն էլ/, չուրսէքյան /չորսն էլ/, Ղարաբաղ ըրկօքան, չուրսէքան).
- Հին հայերենյան հարցական «ո» դերանվան արտացոլում «հու» ձևով.
- -ալ վերջավորությամբ վաղակատար դերբայ.
- Ապառնի դերբայի կազմություն անորոշից՝ -ական մասնիկով (նըստըլական, ուտըլական).
- Ժխտական խոնարհման դեպքում ժխտման ձևերի հետադասություն (կիրթըցնէլ մէ, կիրթըցնէլ մէքյ, կյիրիս չըմ, կյիրիլական չըմ, կյիրալ չըմ, կյիրէցէ վէչ, կյիրիմ վէչ) և այլն:
Ջահուկյանի աղյուսակներում տեղ չեն գտել Վերին և Ներքին Չայլուների խոսվածքները, որոնք, պատկանելով Ս ճյուղին և ունենալով երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ, քիչ են տարբերվում Ուրմիայի բարբառից, որը ևս Ջահուկյանի դասակարգմամբ ընդգրկված է Խոյ-Մարաղայի բարբառում:
Ղարաբաղի բարբառը հայերենի ամենահին բարբառներից է, որի մասին ակնարկներ ունեն Խորենացին, Կորյունը, Կաղանկատվացին, 8-րդ դարի քերական Ստեփանոս Սյունեցին (Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972 թ., էջ 16-17): Ա. Ղարիբյանը նշում է, որ Ղարաբաղում անցյալում եղել են երկու բարբառներ՝ հյուսիսային՝ Ղարաբաղի, և հարավային՝ Հադրութի: Ժամանակի ընթացքում Ղարաբաղի բարբառը գերակշռություն է ստացել, Հադրութի բարբառին հաղորդել իր հիմնական գծերից շատ շատերը, և դրա հետևանքով ստացվել է այժմյան Հադրութի բարբառը, որը, այնուամենայնիվ, պահպանել է իր առանձնահատկությունները (Ա. Ղարիբյան, Հայ բարբառագիտություն, Երևան, 1953 թ., էջ 232): Ղարաբաղի և Հադրութի բարբառների տարբերություններից են. Ղարաբաղի բարբառում «ես» դերանվան հոգնակի ուղղականն է՝ մունք, Հադրութի բարբառում՝ մուք, Ղարաբաղում ներկան կազմվում է ըմ վերջավորությամբ անկատարով /կարթըմ ըմ/, Հադրութում՝ ս կազմիչ ունեցող դերբայով /կյիրիս ըմ/. ի տարբերություն Ղարաբաղի բարբառի՝ Հադրութում օժանդակ բայի ներկայի հոգնակի 1-ին և 2-րդ դեմքերը նույն ձևն ունեն /ըմ, ըս, ա, ըք, ըք, ըն/. Հադրութում նէր հոգնակերտը բացակայում է նաև թեք հոլովներում (քիշըրնէ, քիշըրնու) և այլն:
Մեհտիշենի բարբառի կրողների նախնիները Լեռնային Ղարաբաղ են գաղթել Պարսկաստանից 1829 թ.: Բարբառային նոր միջավայրում խոսվածքը ենթարկվել է զգալի փոփոխությունների, որի պատճառով էլ լեզվաբաններն ընդունել են Ոմ ճյուղի նոր բարբառի գոյությունը: Մեհտիշենի բարբառը Ում ճյուղի միավոր է, ունի երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ, ըստ բազմահատկանիշ դասակարգման՝ ընդգրկված է Ղարաբաղ-Շամախիի միջբարբառախմբում: Ունի ընդհանրություններ Ղարաբաղի բարբառի հետ, բայց և՝ էական տարբերություններ: Մեհտիշենի բարբառում շեշտը վերջնավանկային է, սեռական հոլովը որոշիչ հոդ չի ստանում, բացառականի վերջավորությունն է –ից, գործիականինը՝ -օվ:
Շաղախ-Խծաբերդի բարբառը կրողների նախնիները գաղթել են Ղարադաղից: Բարբառը կրել է Հադրութի և Ղարաբաղի բարբառների ազդեցությունը: Շաղախ-Խծաբերդի բարբառը Հադրութի բարբառի պես պատկանում է Ս ճյուղին, տարածքի մյուս բարբառների պես ունի երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ: Գ. Ջահուկյանը բարբառային այս միավորն ընդգրկել է Ղարաբաղի բարբառի կազմում: Այս բարբառը իր հատկանիշներով նմանվում է և՛ Հադրութի, և՛ Ղարաբաղի բարբառներին, բայց ունի նաև առանձնահատկություններ:
Մարաղայի բարբառի, ինչպես և Չայլուների խոսվածքների կրողների նախնիները նույնպես գաղթել են 1829 թ. Պարսկաստանից: Այս երկու բարբառները համեմատաբար քիչ են ազդվել բնիկ բարբառներից: Ղարաբաղյան Մարաղայի բարբառը պատկանում է բարբառների Լ ճյուղին, ունի երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ, Գ. Ջահուկյանի աղյուսակներում չի արտացոլված, որովհետև Խոյ-Մարաղայի բարբառի կազմում ընդգրկված Մարաղայի տարբերակից էական տարբերություններ հանդես չի բերում:
2. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ավանդական երաժշտական մշակույթը
Պատմական Արցախի ավանդական երաժշտական մշակույթը (ժողովրդական ու ժողովրդապրոֆեսիոնալ արվեստների ճյուղեր), համահայկական լինելով հանդերձ, առանձնահատուկ է, հարուստ ու բազմաժանր։ Այն ընդգրկում է անհատի և հասարակության կյանքը կազմակերպող բոլոր ոլորտները՝ աշխատանքային, առտնին, ծիսական, մանկական, քնարական, պատմական, հայրենասիրական երգեր, կատակերգեր, պարերգեր, աշուղական երգեր ու սիրավեպեր, մեծ և փոքր ժանրերի նվագարանային եղանակներ: Ավանդական նվագարաններից առավել տարածված էին թառը, սազը, քամանչան, դուդուկը, զուռնան, դհոլն ու դափը, որոնք հանդես էին գալիս մենանվագային կամ անսամբլային տարբերակներով։ Ավանդական երգամտածողության մեջ հատկապես առանձնանում են հորովելները, կատակային զուգերգերը, աշուղական երգերն ու նվագարանային ստեղծագործությունները:
Այս երաժշտական մշակույթը բնորոշվում է յուրահատուկ մեղեդայնությամբ, որի առանձնահատկություններից է տերցիային օժանդակ հենակետով փռյուգիական ձայնակարգը: Պատմական Արցախի ավանդական երաժշտական (գեղջկական, աշուղական, նվագարանային, հոգևոր) մշակույթից միայն առանձին նմուշներ են գրառվել: Երաժշտական ժառանգության գրանցմանը խոչընդոտում էին թե՛ պատմաքաղաքական հանգամանքները, թե՛ ձայնագրող սարքերի բացակայությունն ու մասնագետների պակասը։
Ավանդական տոների և ծեսերի, ժողովրդական երաժշտության, գուսանական երգարվեստի և տարածաշրջանում մեծ համբավ ունեցող նվագարանային երաժիշտների մասին 19-20-րդ դդ. ուշագրավ տեղեկություններ են հաղորդել Ե. Լալայանն (Երկեր, հատոր 2, Արցախ, Երևան, 1988 թ.) ու Ս. Լիսիցյանը (Լեռնային Ղարաբաղի հայերը, Ազգագրական ակնարկ, Հայ ազգագրություն և բանահյուսություն, հատոր 12, Երևան, 1981 թ.):
Դեռևս 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբներին Կոմիտասն Էջմիածնում գրանցել է արցախյան հորովելներ: Նույն շրջանում, Շուշիի ուսումնարանում դասավանդելու տարիներին, երաժշտագետ-բանահավաք Ս. Դեմուրյանը ձայնագրել է երեք ժողովրդական երգ (ընդգրկվել են «Քնար» ժողովածուում, որը լույս է տեսել 1907 թ. Ս. Պետերբուրգում)։
Ավանդական նվագարանային ու աշուղական հարուստ մշակույթի մասին են վկայում նաև Խորհրդային տարիներին հավաքված և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ձայնադարաններում պահվող գործիքային նվագները։ Հիշյալ կառույցների ֆոնդային հավաքածուներում պահվում են տեղի ճանաչված երաժիշտ-կատարողների ձայնագրությունները։ 1957-1958 թթ. գիտարշավների ընթացքում (երաժշտագետներ Ռոբերտ Աթայան և Մաթևոս Մուրադյան), ձայնագրվեցին գեղջկական, աշուղական երգերի և նվագարանային եղանակների 70 օրինակ, որոնց ձայնագրությունները պահվում են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանում: Հետագայում երաժշտագետ Աշոտ Մուրադյանի կողմից վերծանվել և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի «Հայ ավանդական երաժշտության մատենաշարի» հատորներում հրատարակվել են Մ. Մուրադյանի «Ղարաբաղ-58» գիտարշավի նվագարանային օրինակները:
1986 թ. Լեռնային Ղարաբաղում գիտարշավ է կազմակերպել նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, կատարվել են նաև մի շարք կաբինետային ձայնագրություններ (1974-1988 թթ.):
3. Կաճապով ապուրի պատրաստման ավանդույթը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հադրութցիների մշակույթում
Կաճապը (ճերմակ բանջար, սպիտակաբանջար) տանձաձև երկար տերևներով բույս է, որ հյուսելով չորացնում են ձմռան համար: Հայկական տարանուններն են՝ նվիկ արևելյան, դանիկ, հայոց բանջար, նվիճ, օձաբարձ, օձադանակ։ Տարածված է Լեռնային Ղարաբաղում, հանդիպում է նաև ՀՀ Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում։ Հիմնականում լինում է 2 տեսակ, որոնք ունեն բուժական և սննդային նշանակություն։
Կաճապը կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ։ Ըստ ավանդույթի քաղում են գարնանային առաջին կայծակից հետո: Օձի խայթոցից առաջացած վերքին կաճապով պատրաստված սպեղանի են դնում: Արմատը թունավոր է, սակայն եփելիս վերանում է թունավոր հատկությունը: Կաճապից կարելի է ստանալ նուրբ օսլա, որը պիտանի է խոհարարական պրակտիկայում։ Սարից քաղված կաճապը հյուսում են ավելուկի պես կամ կտրատում, չորացնում և ձմռան ընթացքում ապուր պատրաստում։ Կրակը պետք է մարմանդ լինի, մեկ բաժնի համար պղնձե տարայի մեջ լցնում են 1 բաժակ եռացրած ջուր, որ բույսը չդեղնի և մի բուռ կտրատած, չորացրած կաճապ ու դանդաղ խառնում կավե շերեփով։ Երբ սկսում է եռալ, ավելացնում են նախապես եփած ու աղացած ցորենը (1 բաժնին՝ 1 ճաշի գդալ), խառնում ու թողնում մարմանդ կրակին։ Դրան զուգահեռ պղնձե թավայի մեջ մեկ բաժակ եռացրած ջուր են լցնում, ավելացնում նախապես մանր կտրատած թթու լավաշը, որ եփվի ու դառնա միատարր զանգված, ապա մեկ թեյի գդալ աղ, չորացրած և աղացած պղպեղ, չոր կամ թարմ կանաչի, խառնում, եռացնում ևս մի քանի րոպե: Մատուցում են բաժակով կամ ապուրամանի մեջ։
Պատրաստման եղանակի մասին առավել մանրամասն կից հղումով:
Կաճապը սնձաձև, երկար, նեղ տերևներով լեռնային բանջար է, որը հյուսելով չորացնում են ձմեռվա համար և պահոց կերակուր պատրաստում (Հայոց լեզվի բարբառային բառարան, Երևան, 2001 թ., հատոր 3, էջ 26):
Վկայություն կա, որ Պահքի օրերին նաև կաճապ են օգտագործել (Դավիդբեկով Ի., Ջեբրայիլի շրջանի Ելիսավետպոլի գավառի Հադրութ գյուղ, Կովկասի տեղանքների ու ցեղերի նկարագրության նյութերի ժողովածու, հատոր 6, Թիֆլիս, 1888 թ., էջ 183, ռուսերեն):
«Նուիկ կամ Նուիճ կոչուած բոյսն է, զոր տես ի կարգին. և զոր ինչուան հիմայ այն անուամբ կաճապ բանջար կոչեն ի կողմանս Հայ-Աղուանից, ըստ Շէհրիման» (Ղ. Ալիշան, Հայբուսակ կամ Հայկական բուսաբառութիւն, Վենետիկ, 1895 թ., էջ 298)։
Կաճապը որակվում է նաև որպես անորոշ տեսակի բույս, որը նույնականացվում է սպիտակա բանջարի հետ, իսկ Հայբուսակը նույնացնում է նուիկի կամ նուիճի հետ, որոնք բոլորովին տարբեր բոյսեր են (Ս. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, Երևան, 1944 թ., էջ 1006)։
Մեկ այլ տվյալով կաճապը ավելուկանման բույս է, որը չորացնելով և թթու լավաշի, չորացրած հոնի, բրնձի, սխտորի ու կծու համեմունքների հետ եփելով՝ ջրալի կերակուր են պատրաստում։
«Կաճապը Հուդրութա շինիթկընէրումըն ըն շատ օտում» (բանավոր խոսք), (Ա. Սարգսյան, Ղարաբաղի բարբառի բառարան, Երևան, 2013 թ., էջ 330)։
Սնձաձև, երկար, նեղ տերևներով լեռնային այս բանջարը հյուսում և չորացնում են ձմեռվա համար, պահոց կերակուրի պատրաստում (Վ. Ադամյան, Ժ. Բաբայան, Հայկական խոհանոցի բառարան, Երևան, 2015 թ., էջ 184)։
4. Շաթալ գուլպա գործելու ավանդույթը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հադրութցիների մշակույթում
Գուլպան հայկական ավանդական տարազի պարտադիր մաս հանդիսացող ագանելիքի տարր է։ Ավանդական նախշազարդ գուլպաներ գործել են Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում: Նախշազարդ այս գուլպան պատկանում է կանանց կարճ ճտքով գուլպաների տիպին: 20-րդ դարում և 21-րդ դարասկզբին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի հայ կանայք շարունակել են գործել նախշազարդ գուլպայի շաթալ տարբերակը, որի անվանումը հավանաբար կապվում է այն գործելու տեխնիկայի հետ: Այն հայտնի էր նաև այլ անվանումներով՝ «հիլի գյուլբա»-հայելի բառից, երբ գուլպայի երեսին հայելու նման ուղղանկյունաձև շերտ է գործվել, «մըչավոր-քթավեր»՝ նախշուն, շաթալ զարդանախշերով նախշազարդվել է ինչպես գուլպայի քիթը՝ թաթը, այնպես էլ՝ կրունկը։
Այս գուլպան ուներ գործելու առանձնահատուկ տեխնիկա և բարդ զարդանախշեր, ինչի արդյունքում այն շատ բարձր էր գնահատվում։ Արժեքավոր նվեր էր համարվում՝ ներառվելով հարսին ուղարկվող նվերների և օժիտի մեջ։ Մինչև ամուսնանալը աղջիկները սովորել և գործել են նման գուլպաներ՝ օժիտի մեջ դնելու և ամուսնու ընտանիքի անդամներին նվիրաբերելու համար։ Այն հիմնականում կիրառվել է տոնական, հանդիսավոր պահերին, ուստի գեղազարդվել է բավական բարդ նախշազարդերով։ Տարազի մաս հանդիսացող այս գուլպան Հադրութում գործում են թաթից՝ սկսելով երկու շյուղով: Թաթը հարդարվել է կենաց ծառի պատկերներով: Գործվածքը ստացվել է հավասարաչափ և նուրբ։ Ի տարբերություն մյուս գուլպաների, որոնք մաշվելիս կարելի էր քանդել և նորից գործել, այս գուլպաները ավելի ամուր էին, քանի որ գործվում էին թաթից։ Ավանդական կենցաղում գուլպան գործել են իլիկով մանած բրդյա թելերից, շյուղերով և հելունով: Թելերը ավանդաբար ներկում էին պղնձե կաթսաներում՝ բնական ներկանյութերով՝ սոխի կճեպով, տորոնի արմատներով, կանաչ ընկույզի կեղևով, ծիծեռնախոտով և այլ բույսերով։ Խորհրդային շրջանում ներկում էին գործարանային արտադրության քիմիական ներկերով, իսկ ներկայում գնում են պատրաստի գունավոր բրդյա թելեր։ Լեռնային Ղարաբաղի հայերի գուլպա գործելու ավանդույթի մասին հիշատակություններ կան տարբեր ուսումնասիրություններում։ Սյունիք-Արցախ տարազախմբի նկարագրություններին վերաբերող նյութերում հաճախ է ներկայացվում նախշազարդ գուլպան։ Նշվում է, որ կանայք գուլպա գործել են նստած, քայլելիս, զրուցելիս, ինչը վկայում է զարգացած հմտության մասին։ Մի շարք ազգագրագետներ հայկական տարազի զարդամոտիվներին նվիրված իրենց ուսումնասիրություններում անդրադարձել են գուլպայի զարդանախշերի և գույների խորհրդին, գործելու տեխնիկային և տարածման շրջաններին (Ա. Ստեփանյան, Հայ ժողովրդական տարազի զարդանախշերը (ծիսային, գունային և նշանային համակարգերը), Հայ ազգագրություն և բանահյուսություն, պրակ 22, Երևան, 2007 թ., Ն. Ավագյան «Հայկական ժողովրդական տարազը», Երևան, 1983 թ. և «Հայկական գուլպաներն ու սռնապանները և նրանց զարդանախշերը», Պատմաբանասիրական հանդես, 1967 թ., թիվ 4, էջ 250-257): Ազգագրագետ Ս. Պողոսյանը «Արցախի կանանց ավանդական տարազի գեղազարդման առանձնահատկություններ» խորագրով հոդվածում (Արցախի պետական համալսարանի Գիտական տեղեկագիր, թիվ 1, 2022 թ., էջ 341) անդրադարձել է շաթալ գուլպային՝ նշելով, որ Զանգեզուրում և Լեռնային Ղարաբաղում դրանք հարդարվել են կեռազարդ և Տ-աձև զարդանախշերով։ Կանանց գուլպաները կարճաճիտք էին՝ լայն շերտ և նեղ գծանախշերով։ Երկարաճիտք գուլպաներ կրել են տղամարդիկ։ Թաթի տակ և երեսին գործել են սպիտակ քառանկյուն նախշ։ Հաճախ գուլպայի երեսի կողմից գործվել են կտուց կտցի երկու թռչնակ և ծաղկանախշ։ Գուլպայի երեսի նախշը ստորինից անջատելու համար կատարվել է ասեղնագործ ճյուղակար։ Գուլպայի երեսին չորս կողմը նախշազարդ շրջանակ է արվել։ Երբեմն կրունկի և թաթի մասերը հարդարվել են թռչնանախշերով, իսկ շրջանակը զարդարվել է հավերժանախշով։ Գուլպայի վերնամասը հարդարվել է շեղ և ոլորուն նախշերով։ Թաթի ծաղկանախշը եզրագործվել է ասեղնակարով։ Մի տարբերակում սպիտակ շրջանակի փոխարեն գործել են հյուսեր, իսկ թռչնանախշերը ասեղնագործվել են ծաղկանախշերով։ Նման շաթալ գուլպաները գործվել են շյուղերով և հելունով։ Եղել են բրդյա, բամբակի թելերից, այծի մազից, մետաքսաթելից (շերամի թելից)՝ «կազի գուլպա» անվամբ։ Կիրառված նախշանկարները հայտնի էին «շաթալ», «ծտեր», «իրեքպտանե», «օխտըպտանե» անուններով։