Ժողովրդական արվեստների թանգարանում՝ «ՖՈԼԿԱՆԻՎ» կրթական նախագծի շրջանակում, անցկացվեց Վարդավառի տոնին նվիրված կրթական ծրագիր։
Ծրագրի շրջանակում մասնակիցները պատրաստեցին խաչբուռ և սովորեցին Վարդավառին նվիրված ժողովրդական երգ։
Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշվում է Սուրբ Հարության տոնից 98 օր անց։ Այն հնագույն արմատներ ունի։ Տոնը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին։ Վարդավառին գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի՝ խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան։ Հենց այստեղ էլ առաջ էին գալիս խաչբուռերը, որոնք ցորենի հասկից հատուկ վարպետությամբ հյուսված փնջեր էին։ Դրանք, ընդհանուր առմամբ, հիշեցնում էին կնոջ արտաքինը։ Խաչբուռերը սովորաբար հնձվորներն էին պատրաստում՝ արտերում հունձը սկսելուց առաջ կամ ավարտին, և նվիրում էին արտատիրոջը։ Որպես օրվա գլխավոր զարդ՝ այն դնում էին ցորենի կամ ալյուրի ամբարի վրա ու պահում մինչև հաջորդ Վարդավառ։ Խաչբուռերի տեսակները կախված էին հյուսող մարդկանց վարպետությունից, ճաշակից։ Դրանք երբեմն իսկական արվեստի գլուխգործոցներ էին դառնում։