Հայաստանը՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» ցուցահանդեսում

«ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում հունվարի 30-ին նշվել է Հայաստանի ազգային օրը:

ՀՀ վարչապետի որոշմամբ կազմվել է պատվիրակություն՝ ցուցադրության շրջանակում Հայաստանի ազգային օրվան նվիրված տոնական հանդիսությանը մասնակցելու նպատակով: Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Վեց ամիս տևողությամբ այս մեծածավալ ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։ Սա հիանալի առիթ է Հայաստանը, հայկական մշակույթն ու պատմությունն առավել լայն լսարանի ներկայացնելու ու հասանելի դարձնելու առումով։

Ազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակի բեմից Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությամբ, որին հաջորդել է ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների գլխավոր հանձնակատար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթը։

«Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարևոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման և դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից»,- ընդգծել է նախարարը։

Պաշտոնական բացման արարողությունից հետո՝ ողջ օրվա ընթացքում, կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ։ Մշակութային երեկոն բացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը բազմաթիվ հյուրերի և ցուցահանդեսի՝ տարբեր երկրներից ժամանած այցելուների համար փայլուն ներկայացրել է «Խաչատուրյան ջազ» համերգային ծրագիրը։

«Բարեկամություն» պարի պետական ​​համույթի կատարմամբ կայացել է հայկական էթնիկ պարային համերգը՝ «Հայկական գույներ» պարային ներկայացումը, որից հետո հյուրերն այցելել են հայկական տաղավար՝ ծանոթանալու ներկայացված մշակութային ժառանգությանը, պատմությանը և մեր երկրի մտավոր ներուժին։

Օտարազգի հանդիսականի համար ցուցադրվել է նաև «Օլիմպիկոս» հայկական անիմացիոն մուլտֆիլմը: Մշակութային միջոցառումները եզրափակվել են հայկական էթնիկ ջազ երաժշտության՝ Արտո Թունջբոյաջյանի և Դավիթ Սուքիասյանի կատարումներով։

Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել նաև Հայաստան-ԱՄԷ պատվիրակությունների երկկողմ հանդիպումներ, քննարկումներ:

Comments are closed.