Հայկական արհեստների ցուցահանդես Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում

Սեպտեմբերի 13-ին` ժամը 16:00-ին, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում կբացվի հայկական արհեստների ուսուցման և հուշանվերների պատրաստման դասընթացի մասնակիցների ցուցահանդեսը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արգինա» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվող կարպետագործության, կավագործության և նկարչության դասընթացներին մասնակցում են Լոռի Բերդ խոշորացված համայնքից և Ստեփանավան քաղաքից շուրջ 60 պատանի և երիտասարդ։

Կարպետագործության դասընթացներին մասնակցել են նաև միջին տարիքի կանայք և օտարերկրացիներ` ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորներ, իսկ կավագործության դասընթացներին` Ռուսաստանի Դաշնությունից իրենց ամառային արձակուրդները Լոռի Բերդում անցկացնող երիտասարդներ։

Լոռի Բերդ համայնքային կենտրոնում, որը ներառում է 9 համայնք (Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան, Կողես, Բովաձոր, Ուղուտ, Սվերդլով, Հովնանաձոր) և հայտնի է «Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց թանգարանով, պատանիների և երիտասարդների շրջանում իրականացվող մշակութային կարողությունների զարգացման՝ կարպետագործության, կավագործության, նկարչության և հուշանվերների պատարաստման դասընթացները հիմք կհանդիսանան համայնքում մշակութային դաստիարակության, նոր հմտությունների և գիտելիքների ձեռք բերման համար։

Comments are closed.