Մայրենի լեզվի միջազգային օր. ամփոփվել է «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» տեսանյութերի մրցույթը

Մայրենի լեզվի միջազգային օր. ամփոփվել է «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» տեսանյութերի մրցույթը

Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է պարգևատրել օրվա շրջանակում կազմակերպված «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթում հաղթած 12 ուսումնական հաստատություններին:

Միջոցառմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ և ընդգծել բարբառների պահպանման ու հանրահռչակման կարևորությունն այդ համատեքստում. «Սա առիթ է՝ անդրադառնալու մեր լեզվի հարստությանն ու բազմաշերտությանը և այն դարձնելու առավել տեսանելի նաև հանրային լայն շրջանակների համար»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունները հետևողական քայլեր են ձեռնարկում՝ պահպանելու Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգությունը: «Բարբառը դրա կարևորագույն դրսևորումն է, և բոլորս պետք է հետևողական լինենք՝ պատշաճորեն պահպանելու ոչ նյութական ժառանգության բոլոր տարրերը: Կարևորում ենք, որ ուսումնական հաստատությունները ևս մաս կազմեն այս գործընթացին, առավել ևս, որ բարբառների ուսումնասիրությունը կրթական ծրագրի մաս է: Շատ ենք կարևորում այն արժեքային դրսևորումը, որ ձեռք եք բերել այս մրցույթի համար նախապատրաստվելու ընթացքում»,- ասել է նախարարը և ընդգծել ուսումնական հաստատությունների բարձր մասնակցայնությունը:

Մրցույթն անցկացվել է դպրոցների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող էր ուղարկել մինչև մեկ րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում Արցախի բարբառով ներկայացվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրեր պարունակող /խոհանոց, ծեսեր, ավանդույթներ, երգ, պար և այլն/ բեմականացում: Ներկայացվել է շուրջ 600 տեսանյութ, որից չափանիշներին համապատասխանել են 300-ը: Հաղթող են ճանաչվել 12 տեսանյութ, որոնք կհրապարակվեն ԿԳՄՍ նախարարության սոցիալական հարթակներում:

Գնահատումն իրականացրել է մրցութային հանձնաժողովը, որում ընդգրկված էին ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարությունից, Լեզվի կոմիտեից, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից և ԿԶՆԱԿ-ից:

Հաղթող ուսումնական հաստատություններն են.

ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց,

Հայ-չինական բարեկամության դպրոց,

ՀՀ Սյունիքի մարզի Կապանի արվեստի պետական քոլեջ,

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջ,

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ,

ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի միջնակարգ դպրոց,

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Վ. Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոց,

Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց,

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց,

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 6 հիմնական դպրոց,

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց,

«Երևակ» կրթահամալիր:

Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել Հայ-չինական բարեկամության դպրոցի և Կապանի արվեստի պետական քոլեջի սովորողները:

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է նաև Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Մեր ու բոլորի Փարաջանովը» մրցույթի հաղթողներին:

«ԿԳՄՍ նախարարությունում լավ ավանդույթ է ձևավորվել անվանի մարդկանց հոբելյանների շրջանակում անցկացնել մրցույթներ: Այս տարի այդ առիթները բազմաթիվ են: Հատկանշական է, որ սովորողների շրջանում մրցույթները լայն տարածում են գտնում՝ մեծացնելով մասնակիցների շրջանակը: Սա յուրօրինակ կրթական գործընթաց է, որով նոր գիտելիք եք ձեռք բերում՝ զուգահեռ արժևորելով մեր նշանավոր հայրենակիցներին և սովորելով նրանցից»,- ասել է նախարարը: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսումնական հաստատություններին և սովորողների ընտանիքներին՝ արդյունավետ աշխատանք իրականացնելու և համապատասխան արժեհամակարգ ձևավորելու համար:

Իրենց ելույթներում մրցույթի հաղթողները կիսվել են իրենց տպավորություններով՝ նշելով, որ հետաքրքրված են Փարաջանովի արվեստով: Իրազեկվելով մրցույթի մասին՝ մասնակիցները նախապես ուսումնասիրել են նրա կենսագրությունն ու ստեղծագործական ուղին, հաճախել թանգարան՝ ավելի մոտիկից ճանաչելու արվեստագետին:

Comments are closed.