Իտալացի ալտահար Մարկո Միշանիայի մենահամերգը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մարտի 28-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա իտալացի ալտահար Մարկո Միշանիայի մենահամերգը:

Կհնչի Մ. Միշանիայի՝ ՀՀ պետական օրհներգի «Մեր հայրենիք» թեմայով «Ինտրոդուկցիա, թեմա և վարիացիաներ» ստեղծագործությունը:

Ծրագրում ընդգրկված են նաև Իսահակ Ալբենիսի, Ֆրանցիսկո Տարրեգայի, Աստոր Պիացոլայի ստեղծագործությունների՝  մենակատարի կողմից կատարած մշակումները, ինչպես նաև Հենրի Էքլզի, Ալեսանդրո Ռոլլայի, Նիկոլո Պագանինիի ստեղծագործությունները:

Դաշնամուրի մոտ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:

Իտալացի ջութակահար և ալտահար Մարկո Միշանիան համարվում է իր սերնդի տաղանդավոր երաժիշտներից մեկը: Նա բազում միջազգային մրցույթների և փառատոների մրցանակակիր և դափնեկիր է:

Ծավալելով մենակատարի գործունեություն, ելույթներ ունենալով իտալացի և արտերկրի բազմաթիվ երաժիշտների հետ՝ արժանացել է հանդիսատեսի և քննադատների ճանաչմանն ու ընդունելությանը:

Համատեղ ելույթներով հանդես է եկել այնպիսի անվանի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Էնթոնի Փեյը, Ֆրանկո Պետրաքին, Նատալիա Լոմեյկոն և այլն:

Comments are closed.