Կբացվի ֆրանսահայ նկարիչ Ասիլվայի անհատական ցուցահանդեսը

ՀՀ մշակույթի նախարարության և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի ֆրանսահայ նկարիչ Ասիլվայի անհատական ցուցահանդեսը: Ցուցադրությունը կրում է «Ոսկե հատման ինքնաբուխ մտահղացմամբ» խորագիրը և նվիրվում Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: Կներկայացվի նկարչի տարբեր տարիների ստեղծած շուրջ 40 աշխատանք

Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 4-ը: 

Արմատներով հայ Ասիլվան (Սիլվա Առաքելյան) ծնվել է Ստամբուլում, ավարտել է տեղի Հինդլյան դպրոցը, ապա տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ ուսումը շարունակել է «Նոտր Դամ դը Սիոն» դպրոցում, այնուհետև՝ Սորբոնի համալսարանում մաթեմատիկա և փիլիսոփայություն է ուսումնասիրել: Նկարել  սկսել է արդեն հասուն տարիքում: Հեղինակ է մի քանի աշխատության, որտեղ ուսումնասիրել է «ոսկե հատման» սկզբունքի օգտագործումը Ռեմբրանդտի և Սյորայի կտավներում: Ստեղծագործում է հիմնականում աբստրակտ գեղանկարչության բնագավառում: Գործերին բնորոշ են արդիական ազատ ձևերի ճարտարապետական դինամիկ կառույցն ու գունային ներդաշնակությունը: Նկարիչը փոխկապակցում է մաթեմատիկական և փիլիսոփայական հայացքները: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում և այլուր: Նրա աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում և համարվում ձեռքբերումներ՝ պետությունների և թանգարանների համար: 

Զգալի է Ասիլվայի վաստակը արվեստի բնագավառում. նա տարբեր տարիների ղեկավարել և ղեկավարում է Փարիզում գործող մի շարք մշակութային կազմակերպություններ, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության» հիմնադիրն է:

Comments are closed.