Հայկական քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից ընդգրկվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այդ մասին հայտնում է կազմակերպությունը Twitter-ի իր էջում:
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը հանդիպում է ամեն տարի՝ գնահատելու համար առաջարկվող թեկնածությունները և ցանկում դրանք ներառելու մասին որոշում կայացնելու համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանը, որի ընթացքում նախատեսված է 34 նոր հայտի դիտարկումը: Ներկայացված հայտերի թվում է եղել Հայաստանից քոչարի պարը, Ադրբեջանից՝ տոլմայի պատրաստման բաղադրատոմսը: