Օգոստոսի 16-18-ը Դիլիջանում տեղի ունեցան հայ մշակույթի և ժողովրդական արվեստի նշանավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Դիլիջանի պատվավոր քաղաքացի, Ժողովրդական արվեստների թանգարանի հիմնադիր Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված մի շարք հանդիսություններ, կարևոր նախաձեռնություններ և պաշտոնական այցելություններ․
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Դիլիջանի գեղարվեստի մանկական դպրոցում ծաղիկներ խոնարհեց Շարամբեյանի բրոնզե կիսանդրու առջև, որը հուշատախտակի հետ միասին բացվել էր օրեր առաջ՝ արվեստագետի ընտանիքի նախաձեռնությամբ:
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի դիլիջանյան մասնաճյուղում՝ Հայկական գործվածքի թանգարանում, տեղի ունեցավ «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսը (Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Վրաստան, Մոլդովա)՝ ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային կենտրոնի և «Գրին Ռոք» հիմնադրամի աջակցությամբ։
Կայացավ «Մեծանուն հայեր. Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակ» փոստային բացիկի շնորհանդեսը:
Թանգարանի և «Գրին Ռոք» հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ 2026-2027 թվականներին նախատեսվող մշակութային, կրթական և գիտական ծրագրերի համատեղ իրականացման նպատակով:
Հոբելյանական տարվա միջոցառումները շարունակական կլինեն։