Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սիրիահայ մշակույթի ձեռարվեստ» ծրագիրը՝ սիրիահայ կանանց ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ:
Ծրագրի ընթացքում շուրջ 70 սիրիահայ և տեղաբնակ կանայք մասնակցել են ձեռարվեստի տարբեր ուղղությունների դասընթացների, այդ թվում՝ Ուրֆայի, Վանի, Մարաշի ասեղնագործություն, ժանեկագործություն, թաղիքագործություն, գոբելեն, տիկնիկագործություն և այլն:
Ծրագիրն իրականացվել է «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության և «Սիրիահայ տիկնանց միության» նախաձեռնությամբ՝ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» դրամաշնորհային մրցույթի շրջանակում:
Նշենք, որ 2019-2023 թթ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 5 մշակութային ծրագրեր են իրականացվել՝ համագործակցելով Հայաստան տեղափոխված սիրիահայ կանանց համայնքի և «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի հետ: Շուրջ 300 սիրիահայ և տեղացի կանայք մասնակցել են առկա և առցանց դասընթացների, որոնց ընթացքում ձեռք են բերել հայկական ավանդական ձեռագործ աշխատանքների, կարուձևի, ուտեստների պատրաստման գիտելիքներ և հմտություններ: Դրանք նպաստում են սիրիահայ կանանց կողմից սեփական բիզնեսի ստեղծմանը, ձեռարվեստի հմտությունների գործնական կիրառման, հուշանվերային արտադրանքի և վաճառքի միջոցով խթանում նրանց տնտեսական բարեկեցությունն ու սիրիահայ համայնքի տնտեսական կայունությունը: