«Չպատմված պատմություններ» ծրագիրն ամփոփվել է երեխաների նկարչական ցուցահանդեսով

«Չպատմված պատմություններ» ծրագիրն ամփոփվել է երեխաների նկարչական ցուցահանդեսով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Չպատմված պատմություններ» ծրագիրն ամփոփվել է երեխաների նկարչական ցուցահանդեսով:
Ծրագիրն իրականացվել է ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան և հարակից Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ խոշորացված համայնքներում կազմակերպության երիտասարդները բանահյուսական նյութեր են գրանցել համայնքի 44 տարեցներից: Գրանցված բանահյուսական նյութերից 10-ը (հեքիաթներ, ավանդազրույցներ, պատմություններ) տեղ են գտել էլեկտրոնային գրքույկում՝ https://tinyurl.com/38wppytn:
Ծրագրի բաղկացուցիչ մասն էր Սևանի, Գավառի, Սարուխանի, Վարդենիսի ու Ճամբարակի արվեստի դպրոցների տարբեր տարիքի 41 սաների նկարչական աշխատանքերի ցուցահանդեսը: Միջոցառումն անցկացվել է Սևանի Սուրեն Զաքարյանի անվան համայնքային մշակույթի կենտրոնի սրահում: Մինչ ցուցահանդեսը սաները ծանոթացել էին հեքիաթներին, ավանդազրույցներին ու պատմություններին, բանավոր ներկայացրել դրանք, այնուհետև վերարտադրել նկարազարդումներում: Երեխաների բանավոր պատմություններին կարելի ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/ymt626ey:
Ծրագրի նպատակն էր բացահայտել, գրի առնել, հանրայնացնել և ժամանակակից թվային միջոցներով հանրահռչակել Գեղարքունիքի տարածաշրջանին հատուկ բանահյուսության նմուշները: Այն միտված էր ապահովելու Սևանի ավազանի համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակությունն ու փոխանցումը, համայնքային համագործակցությունը, սերունդների միջև փոխադարձ կապն ու ժառանգության արժևորումը:

Comments are closed.