Արդեն մի քանի ամիս է՝ «Հիշողության թելեր» ծրագիրը հայկական ավանդական ձեռարվեստի շուրջ միավորում է տարեցներին և երիտասարդներին՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ մշակութային ժառանգությունը ոչ միայն պահպանվում է, այլև շարունակում է ապրել։
Ծրագրի շրջանակում տարեց կանայք սովորում և կատարելագործում են ասեղնագործության ու կարպետագործության հմտությունները, իսկ փորձառու մասնակիցներն իրենց գիտելիքն ու փորձը փոխանցում են երիտասարդներին։
Դասընթացները վարում է ՀՀ ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանը, որը երկար տարիներ հայկական մշակույթը պատվով ներկայացրել է նաև միջազգային հարթակներում։ Նրա դասերին սովորում են ոչ միայն տեխնիկա․ գույները, նախշերն ու թելերը դառնում են արմատները ճանաչելու, պատմություններ լսելու և մշակույթը զգալու միջոց։
«Հիշողության թելերին» միացել են նաև Birthright Armenia – Դեպի Հայք ծրագրի կամավորները։
Սփյուռքից Հայաստան եկած երիտասարդները տարեց մասնակիցների հետ նույն սեղանի շուրջ սովորում են ասեղնագործել ու կարպետ գործել, բացահայտում հայկական նախշերն ու դրանց պատմությունները և կենդանի շփման միջոցով ավելի մոտենում իրենց մշակութային արմատներին։
Այստեղ փոխանցումը երկկողմանի է․ երիտասարդը վերագտնում է մշակույթի և ինքնության հետ իր կապը, իսկ տարեց մարդը տեսնում է, որ իր գիտելիքը պահանջված է, արժեքավոր և շարունակություն ունի։
Այս մոտեցումը համահունչ է նաև մշակույթի, բարեկեցության և առողջ ծերացման վերաբերյալ միջազգային ժամանակակից ընկալումներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումներում արվեստին և մշակութային գործունեությանը մասնակցությունը դիտարկվում է որպես առողջության և բարեկեցության խթանման հնարավոր ռեսուրս, իսկ UNESCO-ի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մոտեցման առանցքում է կենդանի գիտելիքի և հմտությունների փոխանցումը սերնդից սերունդ։
«Հիշողության թելեր» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանու ներքո։
Երևան, Վ. Աճեմյան 225 Ա
+374 60 903 103