Աշխատաժողով Գորիսում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակում

Աշխատաժողով Գորիսում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակում

Գորիսի «Իմպաքտ Հաբ Սյունիք» ակումբում «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել աշխատաժողով:
Ծրագրին մասնակցել են կրթական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գորիսի պետական համալսարանի, Գորիսի պետական քոլեջի ուսանողները, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական և Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների աշակերտները, Գորիսի քաղաքային պատկերասրահի, Ակսել Բակունցի տուն֊թանգարանի աշխատակիցները, Վերիշեն, Խնձորեսկ, Տաթև, Տեղ, Բրուն համայնքների, ինչպես նաև «Հայաստանի գրողների միություն. Սյունիքի մարզային մասնաճյուղ», «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» Գորիսի մասնաճյուղ և «Գորիսի ստեղծագործողներ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի հիմնադրույթների իրագործումը Հայաստանում» և «Համայնքի ներգրավումը մշակութային ժառանգության պաշտպանության գործընթացում» թեմաներով զեկուցումներ:

Աշխատաժողովի գործնական հատվածում ուսանողները ֆոկուս խմբերում քննարկել են «Բանահյուսական ժառանգության կենցաղավարումը ՀՀ Սյունիքի մարզում», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերում» և «Ոչ նյութական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները ոչ խաղաղ պայմաններում» թեմաները:

Աշխատաժողովի նպատակն էր մեկ հարթակում համախմբել Սյունիքի մարզի համայնքների, խմբերի, հասարակական կազմակերպությունների և մշակութային ժառանգության կրողների ներուժը՝ ներկայացնելով ոչ միայն վերոնշյալ ծրագիրը, այլև իրազեկելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտությունը կայուն համայնքների ձևավորման և զարգացման արդի գործընթացներում:

Նշենք, որ 2022 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից միջազգային աջակցություն անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (US$ 74,855.00)՝ «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի շրջանակում երկու տարի ժամկետով ծրագիր իրականացնելու համար:
Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խորհրդատվական աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է գույքագրել, պահպանել և խթանել ՀՀ Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ որպես տարածաշրջանի տեղական առանձնահատկությունների ու ինքնության դրսևորում, քանի դեռ այն կենսունակ է և շրջանառվում է ժողովրդական հեքիաթների, առասպելների, լեգենդների, ավանդույթների, ասացվածքների, ծիսական երգերի և այլ ձևերով: Ներկայում անհրաժեշտություն է այս ամենի գրանցումը՝ կապված սերնդափոխության և ժառանգության փոխանցման ապահովման հետ:

Comments are closed.