Գաթայի պատրաստումը և մշակութային դրսևորումները

07-ARMENIAN-ROUND-GATA

Գաթայի պատրաստումը և մշակութային դրսևորումները Քաղցր թխվածք, որը պատրաստվում է յուղով, կաթով, ձվով, մեջը խորիզ դրած կամ անխորիզ խմորից, իսկ պաս օրերին՝ ձեթով: Գաթան պատրաստվում է խմորի շերտերով եւ ունի պատրաստման մի շարք փուլեր: Գյուղական համայնքներում մեծ կարեւորություն է տրվում գաթայի խմորի հունցմանը, թոնիրը վառելուն: Դրանց մասնակցում են ոչ միայն տվյալ տան, այլեւ հարեւան կանայք: Գաթայի պատրաստման ընթացքում կարեւոր գործառույթ ունի շրջանաձեւ, տափակ, հարթ մակերեսով փայտե զարդանախշիչը (գաթանախշիչ): Դրանով գաթայի վրա հիմնականում պատկերում են արեւի եւ լուսնի նշաններ: Գոյություն ունեն գաթայի ամենատարբեր բաղադրատոմսեր, որոնք տարբերվում են խմորի ու խորիզի տեսակով եւ ձեւով՝ կլոր, քառակուսի, ուղղանկյուն, շեղանկյուն, մեծ, փոքր եւ նախշազարդ:

Գաթան տոնածիսական համակարգի ուտեստ է, որի կլոր ձեւն առնչվում է արեւի պաշտամունքի հետ: Հայաստանում հանդիսավոր եւ տոնական օրերին (մկրտություն, հարսանիք, հուղարկավորություն եւ այլն) թխել են ու մինչեւ օրս էլ շարունակում են տարբեր տեսակի գաթաներ պատրաստել։ Վերջին շրջանում հասարակության մեջ գաթան ավելի լայն կիրառություն է ստացել: Այն մատուցվում է ոչ միայն ժողովրդական եւ ընտանեկան տոնակատարությունների ժամանակ, այլեւ դարձել է ամենօրյա ուտեստ: Հարսանիքների ընթացքում գաթայով պարի կատարումն ամուսնացողների ընտանիքին բախտավորություն ապահովելու խորհուրդն ունի: Կլոր գաթայի մեջ ընդեղեն կամ մետաղադրամ են դնում եւ հավատում, որ այդ կերպ եւս նպաստում են ընտանիքի բարօրությանն ու հաջողությանը, իսկ մետաղադրամը գտնելը հաջողություն է բերում:

Comments are closed.