Հայկական արժեքները՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» փառատոնում

7 (1)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Սախայի Հանրապետության (Յակուտիա) մշակույթի և հոգևոր զարգացման նախարարության ու տեղի հայ համայնքի համագործակցությամբ Հայաստանը մասնակցել է Յակուտսկ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի ունեցող «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» չորրորդ միջազգային փառատոնին։
Այն նվիրված էր Ռուսաստանի և աշխարհի տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգությանը։ Մասնակցում էին Հայաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների՝ Կալմիկիայի, Ալթայի, Տիվայի, Բուրյաթիայի, Յակուտիայի շուրջ 100 ներկայացուցիչներ։
Փառատոնին Հայաստանը ներկայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցված «Քոչարի» պարի և «Սասունցի Դավիթ» էպոսի հանրահռչակմամբ։
Փառատոնին «Քոչարի» պարը ներկայացնելու պատիվը «Արդվին» ազգագրական երգ ու պարի անսամբլինն էր, որը հանդես է եկել «Քոչարու» 5 տարբերակների ընդհանրացված բեմադրությամբ, իսկ «Սասունցի Դավիթ» էպոսը ներկայացրել է «Կայթ» կրթամշակութային հանգույցի հիմնադիր-ղեկավար Կորյուն Դավթյանը:
Յակուտսկի օպերայի և բալետի պետական թատրոնում տեղի ունեցած ամփոփիչ համերգը եզրափակվել է «Արդվին» ազգագրական երգ ու պարի անսամբլի հայկական «Քոչարի» պարի կատարմամբ։

Comments are closed.