ԳՅՈՒՄՐԻ. վարպետաց քաղաք

293238297_5630242320339838_1757295896770032231_n

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գյումրու համայնքապետարանի և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ ս. թ. հուլիսի 16-ին, Գյումրիում տեղի կունենա «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնը:
Փառատոնին կմասնակցեն ժողովրդական ստեղծագործության վարպետներ Հայաստանի մի շարք համայնքներից և ԱՊՀ երկրներից, որոնք կներկայացնեն իրենց գեղարվեստական աշխատանքները և կիրականացնեն վարպետաց դասեր:
Հուլիսի 16-ին Գյումրին կդառնա արհեստների, ազգային երգ ու պարի, ավանդական զրույցների, համեղ ուտեստների և անմոռանալի զգացողությունների կենտրոն: Գորգագործության, ասեղնագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության հարուստ մշակույթը ներկայացնող տաղավարներում այցելուները կծանոթանան Հայաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների արհեստագործական յուրօրինակ ավանդույթներին, կմասնակցեն վարպետաց դասերին, արհեստների շուրջ քննարկումներին, հնարավորություն կունենան ձեռք բերել ինքնատիպ հուշանվերներ:
Կենտրոնական հրապարակում կազմակերպված միջոցառումներին զուգահեռ փառատոնին կմիանան Գյումրու տարբեր մշակութային և արհեստագործական կազմակերպություններ ու անհատներ՝ ամենուրեք տարածելով վարպետաց քաղաքի շունչը։
Փառատոնն անցկացվում է 2022 թ․ հայտարարված ԱՊՀ ժողովրդական ստեղծագործության և մշակութային ժառանգության տարվա միջոցառումների շրջանակում:
Նպատակն է՝ մշակութային մեկ հարթակում միավորել արդի շրջանի ժողովրդական արհեստները, բարձրացնել դրանց ճանաչելիությունը և նպաստել այդ ժառանգությունը կրող ու փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը։