Համբարձում է, գարուն է, Մեր վիճակը սիրուն է․․․ Մայիսի 22-ին Ջրվեժի համայնքապետարանի հարակից տարածքում տեղի ունեցավ Համբարձման տոնին նվիրված միջոցառում՝ կազմակերպված «Անանենց արվեստանոցի» կողմից։ Միջոցառման հատուկ հյուրն էր Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի պարի համույթը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Հայաստանի համայնքներից, գիտամշակութային հաստատություններից և հասարակական կազմակերպություններից ստացված նոր առաջարկներ:
Ներկայացված առաջարկները վերաբերել են տարբեր համայնքներում առկա կենսունակ, ինչպես նաև անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին։ Դրանցում ներկայացվում են համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումները՝ բնութագրական ավանդույթները, արհեստագործական հմտություններն ու սովորույթները։
Քննարկման ընթացքում մասնագետները մանրամասն վերլուծել են առաջարկները՝ կարևորելով դրանց լրացման, հստակեցման և խմբագրման անհրաժեշտությունը։ Համապատասխանեցված և լրացված տեղեկատվության հիման վրա ներկայացված արժեքները կգրանցվեն ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների կենսունակ և անհապաղ պաշտպանության ցանկերում։
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գույքագրման անհրաժեշտությունը՝ ընդգծելով համայնքների, ստեղծագործական խմբերի և անհատ կրողների մասնակցության կարևորությունը։ Այդ գործընթացին առնչվող առաջարկները կարող են ներկայացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ համապատասխան ձևաթղթերը ներբեռնելով հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/29nf3sm9 ։
«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը մշակել է արհեստով, արվեստով, ազգային տարրերով հագեցված ամառային դպրոցի ծրագիր երեխաների համար՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Հնգօրյա դպրոցի ընթացքում երեխաները ծանոթանալու են կավագործության, կարպետագործության, գորգագործության, նկարչության, թաղիքագործության, ծղոտագործության արհեստներին, սովորելու են ավանդական մոռացված խաղեր, երգեր ու պարեր։ Ծրագիրը նախատեսված է 6-ից բարձր տարիքային խմբի երեխաների համար։ Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077031195 հեռախոսահամարով։
Մայիսի 17-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում, Հայաստանի պատմության թանգարանում համերգային ծրագրով հանդես եկավ «Կայթ» նվագախումբը: Երեկոյի ընթացքում հնչեցին պատմական Հայաստանի տարբեր գավառներից պահպանված երգեր՝ նոր մշակումներով, այդ թվում՝ «Գորանի», «Հավկունք վըր ծովունը», «Թագպարը» և այլն: Խմբի կատարումներում համադրված են ժողովրդական և ժամանակակից հնչողությունները՝ նոր երանգներ բացահայտելով ազգային երաժշտության մեջ:
Մայիսի 16-ին կայացավ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի` «Տորքի որդեգրում» ծրագրի ամենամյա ամփոփիչ ցուցահանդեսը, որտեղ համաձուլվել էին նրանց արդեն վաղեմի և նոր որդեգրված համայնքներում ստեղծված ձեռագործ աշխատանքներ: Ցուցադրությունը ներկայացնում էր «Տորքի որդեգրում» ծրագրի համայնքների` անցած տարում կատարած աշխատանքները: Մինչ միջոցառման ավարտը ժյուրիի անդամները՝ ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը, ասեղնագործության վարպետ Արմինե Խաչատրյանը և գործվածքի վերականգնման մասնագետ Նարինե Մարտիրոսյանը, պարգևատրեցին չորս անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքներին: Վերջին՝ հինգերորդ անվանակարգի հաղթողին այս անգամ ընտրեցին մասնակից համայնքները: Այս տարի հաղթող ճանաչված հինգ համայնքներն են. «Լավագույն դիզայն»- Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոն, «Յուրահատուկ Ստեղծագործություն»- Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը, «Լավագույն աշխատանք»- Արագածի գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոց, «Լավագույն համայնք»- Ծաղկունք համայնք, «Հատուկ մրցանակ»-Մարտունու արվեստի մանկական դպրոց: Ամեն տարի «Տորքի որդեգրման» ամփոփիչ ցուցահանդեսով է տրվում մեկնարկը նոր համայնքներում ծրագիրն իրականացնելու: Ծրագիրը շարունակվում է ընդլայնվել՝ ներառելով նոր մարզեր ու համայնքներ:
Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն անցկացվեց մայիսի 17-ին, իսկ մայիսի 18-ին ավանդաբար նշվեց Թանգարանների միջազգային օրը՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո։ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, որ զբաղվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությամբ և հանրահռչակմամբ, մշակութային երկօրյա տոնին բացեց իր դռները բազմաթիվ այցելուների առջև՝ վերանորոգման աշխատանքներից հետո։ Թանգարանում նաև անցկացվեցին հայկական ավանդական խաղեր՝ «Վարը վարենկ» նախաձեռնության հետ համատեղ։
Այս տարի նշվում է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակը։ Եվ «Բարձունք»-ի «Ձայնիկ ունիմ» շարքի առաջին հանդիպումը նվիրված էր հենց իրեն՝ Հայոց երգի հայրիկին։ Օրվա հյուրն էր բանահավաք, էթնոերաժշտագետ, պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը։ Հայրիկ Մուրադյանի երգացանկը (ավելի քան 150 գեղջկական և քաղաքային երգեր) նոտագրվել և «Հայրենի երգեր» կոչվող ժողովածուի տեսքով լույս է տեսել հենց շնորհիվ Ալինա Փահլևանյանի։
«Երգատեղ ստուդիան» մեկնարկում է «Երգում ենք ԿՈՄԻՏԱՍ» դասընթացների չորրորդ շրջանը մեծահասակների համար: Սկիզբը՝ մայիսի 3-ին, ժամը 19:30-ին։ Դասընթացը վարում է Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը։ 6 հանդիպման վճարը՝ 12.000 դրամ։
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում մայիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, տեղի կունենա հերթական դասախոսությանը՝ «Հայկական տոնացույցի գարնանային տոները» թեմայով․ բանախոս՝ Կարինե Բազեյան։ Մուտքն ազատ է: