Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Հասմիկ Սիմոնյանի բանախոսությունը՝ «Հացուտիք և գրականություն. սննդային միջադեպերը հին հայոց մեջ» թեմայով։
Հետազոտելով հայ պատմիչների ու հեղինակների գրավոր վկայությունները՝ Հասմիկ Սիմոնյանը ներկայացրեց սննդային ավանդույթների ձևավորումն ու զարգացումը հայկական միջավայրում: Սա փորձ էր՝ կարևորելու առօրեականությունը՝ որպես պատմական գործընթացի արժեքավոր բաղադրիչ:
Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում, Հայաստանի պատմության թանգարանի դահլիճում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ պատմաբան, ազգագրագետ, թանգարանագետ, մշակույթի ոլորտի կառավարման մասնագետ Սուսաննա Մելիքյանի «Մայրության և մանկության ազգագրություն» գրքի շնորհանդեսը։
«Ակտուալ արվեստ» հրատարակչության այս գրքում ներկայացված են մայրությանն ու մանկությանն ուղեկցող սովորույթներն ու ծեսերը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Առավել հանգամանալից ներկայացվում է ավանդութային ժամանակաշրջանի սովորութածիսային համակարգը։ Քննարկվում են նաև ժողովրդական պատկերացումները, հավատալիքները և պրակտիկ ռացիոնալ գիտելիքները։ Աշխատանքի նպատակն է ներկայացնել նշված համակարգի տեղական առանձնահատկությունները, համահայկական բնույթը, հետևել փոխակերպումների հիմնական միտումներին ու զարգացումներին՝ ընդհուպ մինչև ժամանակակից ծիսակարգի կայացումը։
2025թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայրիկ Մուրադյան – 120» գիտական կոնֆերանսը՝ նվիրված հայ ժողովրդական երաժշտության երախտավոր, անվանի երգիչ-բանահավաք, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանի (1905-1999) ծննդյան 120-ամյակին:
Գիտական կոնֆերանսը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունը:
Մեկօրյա գիտական կոնֆերանսի ընթացքում, հայկական ակադեմիական երաժշտագիտության մեջ առաջին անգամ, բանախոսները բացահայտեցին Հայրիկ Մուրադյանի նշանակալի ներդրումը հայ երաժշտության մեջ:
Կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցավ «Հայրիկ Մուրադյան․ Հոդվածների ժողովածու»-ի շնորհանդեսը, որտեղ ներառված են Հայրիկ Մուրադյանի 15 (այդ թվում 2-ը՝ անտիպ) հոդվածները։
Սեպտեմբերի 1-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Շահէ Հարությունեանի «Մեղեդային ակնթարթներ» խորագրով խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը։ Շահէն Հալեպում ծնված սիրիահայ խեցեգործ է։ Նախնական ուսումնառությունն արվեստագետը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում (1983-1986), իսկ բարձրագույն կրթությունը շարունակել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (1986-1991)։ Հետագայում ապրել և ստեղծագործել է Բեյրութում, որտեղ ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ։ Այժմ արվեստագետը ապրում, ստեղծագործում և ցուցադրվում է Հայաստանում։ Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 12-ը։
2013 թ.-ից ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ավանդաբար կազմակերպվում է «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնը։ Օգոստոսի 31-ին տեղի ունեցած փառատոնի շրջանակում բոլոր մարզերը ներկայացրին դեկորատիվ-կիրառական արվեստի բացառիկ նմուշներ՝ գորգարվեստ, ասեղնագործություն, փայտարվեստ, դարբնագործություն, ազգային տարազներ, տիկնիկագործություն, կերպարվեստ, զարդեր և այլն։ Անցկացվեցին վարպետության դասեր, գարեջրի տոն, գինու համտես, լավաշի թխման արարողակարգ, ներկայացվեց աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների մշակույթը և խոհանոցը։ Իսկ տոնական երգն ու պարը և դիլիջանյան բնաշխարհը ներկաների օրը դարձրին անմոռանալի։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Օգոստոս ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը հրավիրել էր բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր՝ Ազատության հրապարակում։ Պարային հանդիպումը տեղի ունեցավ օգոստոսի 29-ին և նվիրված էր Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին:
Օգոստոսի 29-ին Հայաստանի պատմության թանգարանի «Դրվագներ ինքնության․ գորգ» խորագրով ցուցադրության սրահում տեղի ունեցավ թանգարանի գործընկեր «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի հետ համագործակցությամբ ամիսներ շարունակ վերոնշյալ ցուցասրահում գործված գորգի կտրման և նվիրատվության հանդիսավոր արարողությունը։ Գորգը գործվել է 17-րդ դարով թվագրվող, Արցախի մետաքսե ծածկոցի նմանությամբ։ Գորգի կտրման հանդիսավոր արարողությանը հաջորդեց Հայաստանի պատմության թանգարանի Ազգագրության բաժնի գիտաշխատող, պ․գ․թ․ Լիլիա Ավանեսյանի բանախոսությունը։
Օգոստոսի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ գյումրեցի խեցեգործ, ՀՀ ժողովրդական վարպետ Գոհար Պետրոսյանի «Իմ աշխարհը» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Գոհար Պետրոսյանը ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարի բաժինը։ Մասնագիտական գործունեության ընթացքում զբաղվել է մանկավարժությամբ, 2014-2016թթ․ Իտալիայի հյուպատոսարանին կից խեցեգործական արվեստանոցում աշխատել է որպես վարպետ։ Ունեցել է բազմաթիվ ցուցադրություններ Հայաստանում և արտասահմանում, որոնցից առավել նշանակալի են 2002թ․ Տորոնտոյի անհատական ցուցահանդեսը, 2006թ․ Ավստրիայում կայացած Մոցարտի 250-ամյակին նվիրված ցուցահանդեսը, 2013թ․ Մյունխենի UAMO փառատոնը, 2021թ․ ԱՄՆ դեսպանատան կազմակերպած ցուցահանդես-վաճառքը, 2024թ․ Շպիտելբերգի «Սուրբ Ծննդյան» տոնավաճառը։
Քաղենք խաղողը, լցնենք կողովը… Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ… Օգոստոսի 17-ին «Երազ» այգում տոնեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Տոնական ծրագիրը հագեցած էր․ խաղողի օրհնության կարգ, հին հայկական ծիսական հարսանիք, ազգային երգեր ու պարեր, վարպետաց դասեր, թատերականացված ներկայացում՝ տարազներով, երգ-պարով, հարս ու փեսայով, «ՏԱՐԱԶՖեստ», համերգային ծրագիր՝ Ethno Colors-ի մասնակցությամբ։ Տոնակատարության առանցքային իրադարձությունը հայկական ծիսական հարսանիքի ներկայացումն էր՝ «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնի և «ՄԱՍՈՒՆՔ» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ։ Տեղի ունեցավ նաև ՏԱՐԱԶՖեստ-ը, որի շրջանակում ցուցադրվեցին ազգային տարազներ՝ հայ դիզայներների հեղինակությամբ։ Անցկացվեցին տիկնիկագործության, կարպետագործության, գորգագործության, խաչբուռի հյուսման վարպետաց դասեր։ Տոնական օրը եզրափակվեց ավանդական գեղեցիկ շուրջպարով։