Հունվարի 23-ին «Բարձունք» կենտրոնում տեղի ունեցավ Հասմիկ Բաղրամյանի առաջին գրքի շնորհանդեսը՝ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի մեկնաբանությունը։ Գիրքը միասին մտածելու ու զրուցելու առիթ է՝ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել հեքիաթների, առասպելների ու խորհրդանշանների խորքային շերտերը։ Շնորհանդեսի ընթացքում խոսվեց գրքի գաղափարի, ստեղծման ճանապարհի և Թումանյանի հայտնի բալլադի գաղտնիքների մասին։
Հունվարի 20-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ մշտական ցուցադրության «Հայաստանը 19-րդ դարում» խորագրով հատվածի վերաբացումը: Ցուցահանդեսի շրջանակներում նորովի ներկայացված են հարյուրավոր ցուցանմուշներ պատմական Հայաստանի տարբեր պատմազգագրական շրջաններից՝ ազգային տարազներ, նրբաճաշակ զարդեր, ձեռագործ գորգեր, բազմատեսակ աշխատանքային գործիքներ, ավանդական կենցաղային իրեր, ուշագրավ վավերագրեր, դրամներ, մեդալներ և այլն, որոնց մի մասն առաջին անգամ է ներկայացվում թանգարանի մշտական ցուցադրությունում։
Հունվարի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Պարենք, երգենք միասին» միջոցառումը։ Ծրագրում՝ հայ ավանդական պարերի ուսուցում «Արեգ» ազգային պարի խմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար, պարուսույց՝ Արտավազդ Այվազյան) և հայ ժողովրդական երգերի ուսուցում՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ։
Հունվարի 13-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» պետական ազգագրական համույթի մենահամերգը՝ «Հայկական Հին Նոր Տարին» խորագրով։ Համերգային ծրագրի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց հայկական այն ազգագրական երգն ու պարը, որ արտացոլում է հայկական հին նոր տարվա խորհրդանշական իմաստը։ Համույթի մենահամերգը ևս մեկ անգամ կարևորեց ազգային ավանդույթների պահպանման ու փոխանցման նշանակությունը՝ համադրելով անցյալը, ներկան և մշակութային շարունակականությունը։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի առաջիկա համերգներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ folkmusicdance.am
Սիրո խորհուրդը և հայկական ավանդույթները մեկ հարկի տակ․ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ «Արարվեստը» հրավիրում է միանալու ցերեկույթի, որտեղ միահյուսվում են ազգային երաժշտությունը, պատմությունն ու հայկական համն ու հոտը։ Միասին կբացահայտեք Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանը, որտեղ ամեն անկյուն պատմություն է շնչում։ Երաժշտական հյուրեր՝ «Սերումերան» բենդ։ Սպասվում է նաև գաթայի պատրաստման վարպետաց դաս։ 091000327
(Հոդվածի հեղինակ՝ ՀԱԻ Ազգագրության բաժնի գիտաշխատող Անժելա Ամիրխանյան) Մասուրի հավաքչությունը մարդու՝ շրջակա միջավայրին հարմարվելու, հազարավոր տարիների ընթացքում ձևավորված մարդ-բնություն փոխազդեցության ուշագրավ երևույթներից է: Այն արտացոլվել է մասրենու, մասուրի և դրանից պատրաստված կերակրատեսակների ժողովրդական անվանումներում (վայրի վարդ, սուտ վարդ, փշավարդ, շան վարդ, արջի մասուր, մասրամածուն, մասրաթան, մասրաթթու, մասուրի սպաս և այլն), որոնք պահպանել են հնագույն մշակութային իրողությունների շերտեր: Դարերի ընթացքում կուտակված փորձի շնորհիվ մասրենին լայնորեն կիրառվել է ժողովրդական բժշկության մեջ բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար: Ուտեստի ավանդական համակարգում մասրենու պտուղներից պատրաստված կերակուրները միաժամանակ եղել են սննդաբուժության բաղկացուցիչ մաս: Դեղաբույս, ինչպես նաև փշոտ թուփ լինելու պատճառով մասրենուն հավատալիքներում վերագրվում են հիվանդությունները վանող և չարխափան գործառույթներ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/sPiW1, (Ամիրխանյան Ա., Մասրենին հայոց ավանդական մշակույթում, Լրաբեր հասարակական գիտությունների, 2025, № 2, էջ 246-262)
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ» թեմային:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Կնյազյանը, «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի քարտուղար Տուսեն Տիենդրեբիոգոն, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Միջոցառումն իրականացվել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկներ» երևանյան միջազգային համաժողովի շրջանակում:
500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են աշխատող դարբիններ, ինչպես նաև մուրճի ու շիկացած մետաղի հպումից առաջացող կայծեր։ Նամականիշի վրա տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանը, քանի որ Գյումրու դարբնության ավանդույթը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Նամականիշի վրա առկա է նաև «ԳՅՈՒՄՐՈՒ ԴԱՐԲՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ» գրառումը՝ հայերենով և անգլերենով:
Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ իր լիարժեք արտահայտումը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում:
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր Տավուշի մարզի Իջևան, Աչաջուր, Գանձաքար և Խաշթառակ համայնքների կանանց շրջանում ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր ուղղություններից մեկի՝ շուլալ կարպետի պատրաստման գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը:
«Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Շուլալ կարպետ» մշակութային արժեքը գրանցվել է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում:
Green Rock Հիմնադրամը դեկտեմբերի 6-7-ին Դիլիջանում կանցկացնի ամանորյա տոնավաճառ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնակցությամբ։ Սպասվում են տոնական մթնոլորտ, ձեռագործ աշխատանքներ և յուրահատուկ ուտեստներ։
Նոյեմբերի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Մշակութային կամուրջների կառուցում» խորագրով կարպետագործության և ասեղնագործության դասընթացների ամփոփիչ ցուցահանդեսը։
«Նարեկացի» արվեստի միությունը «Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության» (WISE) ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին իրականացրել է կարպետագործության և ասեղնագործության անվճար դասընթացներ, որոնց մասնակցել են սոցիալապես անապահով, արցախցի և հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ։
Ծրագրին մասնակից 25 շահառուները ուսումնասիրել են Մարաշի ասեղնագործության և Արցախի կարպետագործության նրբությունները։
Հայաստանում ծրագիրն իրականացվում է «ԻՄԻՆ Նախաձեռնություններ» Հիմնադրամի՝ Safe YOU-ի կողմից։