Տեղի ունեցավ «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսը

Տեղի ունեցավ «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսը 

Տեղի ունեցավ «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսը

Օգոստոսի 16-18-ը Դիլիջանում տեղի ունեցան հայ մշակույթի և ժողովրդական արվեստի նշանավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Դիլիջանի պատվավոր քաղաքացի, Ժողովրդական արվեստների թանգարանի հիմնադիր Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված մի շարք հանդիսություններ, կարևոր նախաձեռնություններ և պաշտոնական այցելություններ․

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Դիլիջանի գեղարվեստի մանկական դպրոցում ծաղիկներ խոնարհեց Շարամբեյանի բրոնզե կիսանդրու առջև, որը հուշատախտակի հետ միասին բացվել էր օրեր առաջ՝ արվեստագետի ընտանիքի նախաձեռնությամբ:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի դիլիջանյան մասնաճյուղում՝ Հայկական գործվածքի թանգարանում, տեղի ունեցավ «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսը (Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Վրաստան, Մոլդովա)՝ ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային կենտրոնի և «Գրին Ռոք» հիմնադրամի աջակցությամբ։

Կայացավ «Մեծանուն հայեր. Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակ» փոստային բացիկի շնորհանդեսը:

Թանգարանի և «Գրին Ռոք» հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ 2026-2027 թվականներին նախատեսվող մշակութային, կրթական և գիտական ծրագրերի համատեղ իրականացման նպատակով:

Հոբելյանական տարվա միջոցառումները շարունակական կլինեն։

Մեկնարկել է «Սևանի հիշողությունը. ձկնորսության մշակույթ» ծրագիրը

Մեկնարկել է «Սևանի հիշողությունը. ձկնորսության մշակույթ» ծրագիրը

Մեկնարկել է «Սևանի հիշողությունը. ձկնորսության մշակույթ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «Սևանի հիշողությունը. ձկնորսության մշակույթ» ծրագիրը։ Այն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի շրջանակում հավանության արժանացած ծրագրերից է։

Ծրագրի նպատակն է՝ բացահայտել և հանրայնացնել Սևանա լճի ավազանի ձկնորսական համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգությունը, պահպանել Սևանի մշակութային «հիշողությունները» և զբոսաշրջային վայրերում տեղեկատվական վահանակների տեղադրման միջոցով դրանք հասանելի դարձնել լայն հանրությանը։

Դրա շրջանակում դաշտային ուսումնասիրությունների միջոցով կհավաքագրվեն ավանդույթներ, կենցաղային պրակտիկաներ, բանավոր պատմություններ և տեղական գիտելիքներ։ Ձեռք բերված նյութերի հիման վրա կստեղծվի կարճ փաստավավերագրական ֆիլմ՝ պրոմո հոլովակներով, որը կներկայացնի Սևանա լճի և համայնքների սոցիոմշակութային կապն ու փոփոխությունները:

Ծրագրի ընթացքում կպատրաստվի նաև թեմատիկ վիդեո փոդքաստ մասնագետների մասնակցությամբ՝ անդրադառնալով ձկնորսական մշակույթի մարդաբանական և բնապահպանական նշանակությանը։ Երիտասարդների ներգրավումը կխթանի համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման գործում նրանց մասնակցությունը:

«Հիշողության թելեր» ծրագիր

«Հիշողության թելեր» ծրագիր

«Հիշողության թելեր» ծրագիր

Արդեն մի քանի ամիս է՝ «Հիշողության թելեր» ծրագիրը հայկական ավանդական ձեռարվեստի շուրջ միավորում է տարեցներին և երիտասարդներին՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ մշակութային ժառանգությունը ոչ միայն պահպանվում է, այլև շարունակում է ապրել։

Ծրագրի շրջանակում տարեց կանայք սովորում և կատարելագործում են ասեղնագործության ու կարպետագործության հմտությունները, իսկ փորձառու մասնակիցներն իրենց գիտելիքն ու փորձը փոխանցում են երիտասարդներին։

Դասընթացները վարում է ՀՀ ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանը, որը երկար տարիներ հայկական մշակույթը պատվով ներկայացրել է նաև միջազգային հարթակներում։ Նրա դասերին սովորում են ոչ միայն տեխնիկա․ գույները, նախշերն ու թելերը դառնում են արմատները ճանաչելու, պատմություններ լսելու և մշակույթը զգալու միջոց։

«Հիշողության թելերին» միացել են նաև Birthright Armenia – Դեպի Հայք ծրագրի կամավորները։

Սփյուռքից Հայաստան եկած երիտասարդները տարեց մասնակիցների հետ նույն սեղանի շուրջ սովորում են ասեղնագործել ու կարպետ գործել, բացահայտում հայկական նախշերն ու դրանց պատմությունները և կենդանի շփման միջոցով ավելի մոտենում իրենց մշակութային արմատներին։

Այստեղ փոխանցումը երկկողմանի է․ երիտասարդը վերագտնում է մշակույթի և ինքնության հետ իր կապը, իսկ տարեց մարդը տեսնում է, որ իր գիտելիքը պահանջված է, արժեքավոր և շարունակություն ունի։

Այս մոտեցումը համահունչ է նաև մշակույթի, բարեկեցության և առողջ ծերացման վերաբերյալ միջազգային ժամանակակից ընկալումներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումներում արվեստին և մշակութային գործունեությանը մասնակցությունը դիտարկվում է որպես առողջության և բարեկեցության խթանման հնարավոր ռեսուրս, իսկ UNESCO-ի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մոտեցման առանցքում է կենդանի գիտելիքի և հմտությունների փոխանցումը սերնդից սերունդ։

«Հիշողության թելեր» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանու ներքո։

Երևան, Վ. Աճեմյան 225 Ա
+374 60 903 103

Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

Օգոստոսի 17-ին լրանում է հայ մշակույթի և ժողովրդական արվեստի նշանավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Դիլիջանի պատվավոր քաղաքացի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հիմնադիր Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակը։

Հոբելյանի կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Դիլիջանի գեղարվեստի մանկական դպրոցում ծաղիկներ է խոնարհել Շարամբեյանի կիսանդրու առջև: Բրոնզե կիսանդրին և հուշատախտակը բացվել են օգոստոսի 16-ին հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ Շարամբեյանի ընտանիքի նախաձեռնությամբ:

Արարողությանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը, Հովհաննես Շարամբեյանի ընտանիքի անդամներ, այդ թվում՝ թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Հոբելյանական միջոցառումների մեկնարկի շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղում՝ Հայկական գործվածքի թանգարանում, տեղի է ունեցել «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսի բացումը: Այն կայացել է ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային կենտրոնի և «Գրին ռոք» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և «Մշակույթի զարգացման» հիմնադրամի համագործակցությամբ։

Նշանավորելով մեծանուն գործչի ժառանգությունը և կարևորելով հոբելյանական տարին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Հովհաննես Շարամբեյանն իր թողած ժառանգությամբ, ուղերձներով և արժեքներով այսօր միավորել է բոլորիս այստեղ: Ուրախալի է տեսնել, թե ինչպես է ամեն անգամ նրա շուրջ համախմբվելը նոր օրակարգ բացում մեզ համար՝ այս անգամ նաև միջազգային համագործակցության հնարավորություններ ընձեռելով և Դիլիջանը դարձնելով միջազգային երկխոսության կենտրոն»:

Նախարարի խոսքով՝ Դիլիջանը դառնում է բազմաթիվ քաղաքացիների ու զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Նա վստահություն է հայտնել, որ այդ փաստն առաջին հերթին կուրախացներ հենց Շարամբեյանին, երբ նա տեսներ՝ Դիլիջանը մշակութային քաղաք է, որտեղ կան մշակութային աշխույժ կյանք և ակտիվ միջավայր:

Նա անդրադարձել է վերջերս պետության ջանքերով վերաբացված թանգարանի գործունեությանը: Նախարարը կարևորել է՝ թանգարանը, որը որպես հուշարձան շենք նոր շունչ է ստացել, այսօր արդեն հյուրընկալում է միջազգային ցուցադրություն՝ գրավելով նոր հորիզոններ: «Ուրախ եմ, որ այսպիսով նաև Հայկական գործվածքի թանգարանը դառնում է տեքստիլի շուրջ երկխոսության միջազգային հարթակ՝ ցույց տալով, որ ստեղծարար մտքի ուժն է նաև մեզ առաջ տանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ առանձնակի շնորհակալություն հայտնելով Շարամբեյանի ընտանիքին, թանգարանի անձնակազմին և համագործակցող բոլոր կողմերին:

Ամփոփելով խոսքը՝ նախարարը հավաստել է՝ հոբելյանական տարին թույլ կտա վայելել Շարամբեյանին նվիրված յուրաքանչյուր միջոցառում՝ ոչ մշակութային ժառանգության միջոցով նյութականացնելով նրա ուղերձները:

Ցուցահանդեսը մեկ հարթակում է համախմբել տեքստիլ մշակույթի վարպետների Հայաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Վրաստանից, Ռումինիայից, Հունաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից՝ ներկայացնելով տարբեր երկրների տեքստիլ ավանդույթները, դրանց պահպանման և փոխանցման փորձն ու ժամանակակից ստեղծագործական մեկնաբանությունները։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կողմերին համագործակցության և Շարամբեյանին ու նրա գործն արժևորելու գաղափարի շուրջ համախմբվելու համար. «Թանգարանի որևէ միջոցառում կազմակերպելիս մեզ համար կարևոր է հասկանալ՝ որն է Հովհաննես Շարամբեյան արվեստագետի ամենաառանցքային գործը, որը, որպես թանգարան, պարտավոր ենք շարունակել. պատասխանը միանշանակ է՝ նրա գաղափարախոսությունը, որի շուրջ նա կառուցել է իր գործունեությունը»:

Ողջունելով ներկաներին և կարևորելով օրվա խորհուրդը՝ Հովհաննես Շարամբեյանի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը, նշել է. «Ժամանակին, երբ Հովհաննես Շարամբեյանն իր ժառանգությունն ու տունը հանձնեց պետությանը, արդեն հասկացել էր, որ պետությունն է իր գործունեության շարունակականության հենքը: Այսօր այստեղ մեր ներկայությունը փաստում է, որ նա ճիշտ էր, և այդ որոշումն ուներ ռազմավարական նշանակություն»:

Նշենք, որ «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսի իրականացումն ուղղված է ոչ նյութական մշակութային ժառանգության արժևորմանն ու հանրահռչակմանը, մասնագիտական նոր կապերի ձևավորմանը, փորձի փոխանակմանը և միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։ Միաժամանակ, նախաձեռնությունը նպատակ ունի նպաստելու Դիլիջան համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը և Հայկական գործվածքի թանգարանի գործունեության հանրահռչակմանը՝ այն զարգացնելով որպես մշակութային երկխոսության, կրթության և ստեղծարար նախաձեռնությունների հարթակ։

Ցուցահանդեսն ուղեցվել է հայ և օտարերկրյա վարպետների ցուցահանդես-վաճառքով, երաժշտական ծրագրով. հանդես է եկել «ԿԱՅԹ» բենդը։

Ցուցահանդեսը կշարունակվի օգոստոսի 18-ին՝ ժամը 15:00-18:00-ը, Հայաստանից և արտերկրից ժամանած վարպետների մասնակցությամբ վարպետաց դասերով։ Այցելուները հնարավորություն կունենան անմիջականորեն ծանոթանալու տարբեր տեքստիլ ավանդույթներին և տեխնիկաներին, հաղորդակցվելու վարպետների հետ, բացահայտելու տարբեր մշակույթների ընդհանրություններն ու առանձնահատկությունները:

Օրվա շրջանակում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակ» փոստային բացիկի շնորհանդեսը, ստորագրվել է համագործակցության հուշագիր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և «Գրին ռոք» հիմնադրամի միջև՝ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված 2026-2027 թվականների ծրագրերի և նախաձեռնությունների համատեղ իրականացման նպատակով։ Հուշագիրը հիմք կդառնա հոբելյանական ծրագրի շրջանակում նախատեսվող մի շարք նախաձեռնությունների իրականացման և հետագա համագործակցության զարգացման համար։

Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ 2026-2027 թվականներին նախատեսվում է իրականացնել մշակութային, կրթական, գիտական և հանրահռչակման մի շարք միջոցառումներ ու նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն Հովհաննես Շարամբեյանի կյանքի և գործունեության, նրա թողած հարուստ մշակութային ժառանգության, ինչպես նաև հայկական ժողովրդական արվեստի պահպանության, զարգացման և հանրահռչակման գործում ունեցած բացառիկ ներդրման արժևորմանը։

«Մատնահետք» փառատոն

«Մատնահետք» փառատոն 

«Մատնահետք» փառատոն

Օգոստոսի 15-ին Սևանի Մշակույթի պալատում անցկացվեց «Մատնահետք» փառատոնը՝ հագեցած ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքով, վարպետաց դասերով և համերգային ծրագրով։
Նախաձեռնությունն իրականություն դարձավ ABCD ինովացիոն կենտրոնի կողմից՝ «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, և Սևանի համայնքապետարանի աջակցությամբ:

Գաթայի վարպետության դաս

Գաթայի վարպետության դաս 

Գաթայի վարպետության դաս

Օգոստոսի 14-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում անցկացվեց գաթայի պատրաստման վարպետության դաս։ Ներկաները բացահայտեցին հայկական ամենասիրելի քաղցրավենիքի պատրաստման ավանդույթները, մասնակցեցին գաթայի թխման գործընթացին և վայելեցին իրենց իսկ պատրաստած թարմ գաթան։

Վարդավառին նվիրված կրթական ծրագիր

Վարդավառին նվիրված կրթական ծրագիր

Վարդավառին նվիրված կրթական ծրագիր

Ժողովրդական արվեստների թանգարանում՝ «ՖՈԼԿԱՆԻՎ» կրթական նախագծի շրջանակում, անցկացվեց Վարդավառի տոնին նվիրված կրթական ծրագիր։
Ծրագրի շրջանակում մասնակիցները պատրաստեցին խաչբուռ և սովորեցին Վարդավառին նվիրված ժողովրդական երգ։
Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշվում է Սուրբ Հարության տոնից 98 օր անց։ Այն հնագույն արմատներ ունի։ Տոնը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին։ Վարդավառին գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի՝ խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան։ Հենց այստեղ էլ առաջ էին գալիս խաչբուռերը, որոնք ցորենի հասկից հատուկ վարպետությամբ հյուսված փնջեր էին։ Դրանք, ընդհանուր առմամբ, հիշեցնում էին կնոջ արտաքինը։ Խաչբուռերը սովորաբար հնձվորներն էին պատրաստում՝ արտերում հունձը սկսելուց առաջ կամ ավարտին, և նվիրում էին արտատիրոջը։ Որպես օրվա գլխավոր զարդ՝ այն դնում էին ցորենի կամ ալյուրի ամբարի վրա ու պահում մինչև հաջորդ Վարդավառ։ Խաչբուռերի տեսակները կախված էին հյուսող մարդկանց վարպետությունից, ճաշակից։ Դրանք երբեմն իսկական արվեստի գլուխգործոցներ էին դառնում։

Armenian Folk and Decorative-Applied Arts” Conference

«Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» գիտաժողով

Armenian Folk and Decorative-Applied Arts” Conference

2026 թ. հոկտեմբերի 16-18-ը Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանը ժողովրդական արվեստի ջատագով Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի միջոցառումների շրջանակում կկազմակերպի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով, որը կնվիրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։ Գիտաժողովի նպատակն է նորովի ներկայացնել Հայաստանի թանգարաններում պահպանվող ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի ժառանգությունը, թանգարանային հավաքածուների հիմքով քննարկել հայկական ժողովրդական արվեստի պատմությանն ու տեսությանը վերաբերող տարբեր հիմնախնդիրները և առաջադրել դրանց լուծման ուղիները:
Գիտաժողովի ընթացքում տեղի կունենան քննարկումներ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված տարբեր թեմաներով, մասնավորապես հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմությունը, ՀՀ թանգարանների և մասնավոր հավաքածուների, ինչպես նաև Ժողովրդական վարպետների ստեղծագործությունների ուսումնասիրություններ, դեկորատիվ արվեստի տարբեր ժանրերին ու ստեղծագործողներին նվիրված հետազոտություններ և հիմնախնդիրներ: Նախատեսվում է քննարկել նաև ժողովրդական արվեստը դիզայնում, թվայնացում և թվային ժառանգություն, կրթություն, նոր մեթոդներ, ստեղծարար ուսուցում և ստեղծարար արդյունաբերություն թեմաները:

Կոմիտասի թանգարան–ինստիտուտում կստեղծվի հայ ավանդական երգի համույթ

Կոմիտասի թանգարան–ինստիտուտում կստեղծվի հայ ավանդական երգի համույթ

Կոմիտասի թանգարան–ինստիտուտում կստեղծվի հայ ավանդական երգի համույթ

«Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացե՛ք և սովորեցե՛ք նրանից»։ Կոմիտաս Վարդապետ
Կոմիտաս Վարդապետի ազգագրական ժառանգությունը մեծ մասամբ մնացել է ստվերում, և այսօր անհատ կատարողների կամ խմբերի երկացանկերում անհամեմատ փոքր մաս է կազմում։ Ավելին, շատ հաճախ սխալ մեկնաբանման արդյունքում երգը կորցնում է իր բնականությունը, հետևապես՝ ազգային դիմագիծը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Կոմիտասի թանգարան–ինստիտուտը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ստեղծել հայ ավանդական երգի համույթ:
Նախագծի նպատակն է՝ տարածել Կոմիտաս Վարդապետի ազգագրական ժառանգությունը հնարավորինս ամբողջական ծավալով, վերականգնել գեղջկական երգի բնական կատարողականությունը, ասել է թե՝ երգը կատարել այնպես, ինչպես երգում է ինքը՝ ժողովուրդը։
Նախագծին կարող են մասնակցել 18-35 տարեկան բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են հայ ավանդական երաժշտությամբ, պատրաստ են կամավոր հիմունքներով մասնակցել նախագծի իրականացմանը և նպաստել ազգային մշակույթի տարածմանը։

«Ռուբեն Շահվերդյան․ հողի հիշողությունները»

«Ռուբեն Շահվերդյան․ հողի հիշողությունները»

«Ռուբեն Շահվերդյան․ հողի հիշողությունները»

Ազգային ակունքներ, ծիսականություն և հողի հետ ունեցած անքակտելի կապ. հուլիսի 10-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանում բացվեց «Ռուբեն Շահվերդյան․ հողի հիշողությունները» ցուցահանդեսը։
Ռուբեն Շահվերդյանը հայ ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստի, մասնավորապես՝ խեցեգործության ամենատաղանդավոր, ինքնատիպ և խորը վարպետներից է։
Շահվերդյանի արվեստը սնվում է հայկական հնագույն մշակույթից։ Նրա աշխատանքներում ակնհայտորեն զգացվում է Վանի (Ուրարտուի), Կարմիր բլուրի, Դվինի և Անիի խեցեգործական ավանդույթների ազդեցությունը։
Կժերը, սափորները, ձևավոր ամաններն ու քանդակներն այստեղ պարզապես կենցաղային առարկաներ չեն․ դրանք կրում են խորհրդանշական պատկերներ՝ կենաց ծառ, թռչուններ, աստվածուհիներ և տոհմային նշաններ:
Նրա գործերում հաճախ է հանդիպում մայրության, պտղաբերության և հավերժության թեման։
Ռուբեն Շահվերդյանը վերականգնել է հայկական ավանդական խեցեգործության «մութ», երբեմն անփայլ (անգոբապատ կամ ծխահարված) էսթետիկան, որը խորհրդավորություն է հաղորդում աշխատանքներին։
Բացի փոքր կլոր քանդակներից և սափորներից, Ռուբեն Շահվերդյանը հայտնի է նաև իր մոնումենտալ-դեկորատիվ աշխատանքներով՝ խճանկարներ, կերամիկական պաննոներ, որոնք զարդարել են տարբեր հանրային շենքեր ու միջավայրեր Հայաստանում և նրա սահմաններից դուրս։
Ցուցահանդեսը կհամալրի թանգարանի մշտական ցուցադրության` դեկորատիվ-կիրառական արվեստի հատվածը։
Թանգարանի հասցեն՝ Արմավիրի մարզ, գ․ Արաքս, Դանիել Բեկ-Փիրումյան 1։