Կարպետագործության վարպետության դաս Դիլիջանում

Կարպետագործության վարպետության դաս Դիլիջանում  

Կարպետագործության վարպետության դաս Դիլիջանում

Green Rock հիմնադրամը, նպատակ ունենալով պահպանել և տարածել հայկական մշակութային ժառանգությունը,Հայկական գործվածքի թանգարանի հետ համագործակցությամբ, մեկնարկում է արվեստի տարբեր ճյուղերին նվիրված վարպետության դասերի շարք Դիլիջանում։

Այս վարպետության դասերը «Ամառային ծրագրի» մի մասն են, որը շարունակվելու է ամբողջ ամառվա ընթացքում՝ համախմբելով մշակույթի, ստեղծագործության և ավանդույթների սիրահարներին։

Շարքի առաջին հանդիպումը նվիրված է հայկական կարպետագործության արվեստին՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու հայկական արհեստագործական մշակույթի կարևորագույն ավանդույթներից մեկին։

Ժամը և օրը՝ 11.06.2026, 15:30–17:30

Վայրը՝ Հայկական գործվածքի թանգարանի պատշգամբ, Կալինինի փողոց 1, Դիլիջան

Ժողովրդական արվեստների թանգարանի «ՖՈԼԿԱՆԻՎ» կրթական ծրագիրը Գորիսում

Ժողովրդական արվեստների թանգարանի «ՖՈԼԿԱՆԻՎ» կրթական ծրագիրը Գորիսում 

Ժողովրդական արվեստների թանգարանի «ՖՈԼԿԱՆԻՎ» կրթական ծրագիրը Գորիսում

Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանը «ՖՈԼԿԱՆԻՎ» ծրագրի շրջանակներում Հրանտ Բաղդագյուլյան արվեստանոցի հետ համատեղ հայտարարում է ընդունելություն ժանեկագործության խմբակում։

Դասընթացը լիովին անվճար է, կարող են գրանցվել 14-100 տարեկան բոլոր ցանկացողները։

– Մեկնարկը՝ հունիսից

– Շաբաթվա օրեր՝ շաբաթ և կիրակի

– Տևողությունը՝ 3 ամիս

– Դասընթացավար՝ Իրինա Գրիգորյան

– Վայր՝ Գորիսի Հրանտ Բաղդագուլյանի արվեստանոց (Սյունիքի 14):

Գրանցվելու համար կարող եք զանգահարել +374 94 943053 հեռախոսահամարով։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Հանրապետության (1)

Հանրապետության տոնը Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանում

Հանրապետության (1)

Մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում թանգարանին նվիրաբերվեցին «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, պարագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի անձնական իրերը, որոնք համալրեցին նորաբաց «Հայկական ժողովրդական պարարվեստ» մշտական ցուցադրությունը։

Կազմակերպվեց նաև հայ ավանդական պարերի բաց դաս՝ «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի կողմից։

Լուսանկարը՝ Տիգրան Մադոյանի։

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում կարևոր քայլ է կատարվել․ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը ՀՀ կառավարության որոշմամբ համալրվել է նոր տարրերով՝ ընդգծելով ազգային մշակույթի բազմազանությունն ու կենսունակությունը։

Ներկա որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12 նոր արժեքով՝ ընդհանուր թիվը հասցնելով 80-ի։

Նոր ընդգրկված տարրերն են՝

  • «Լուսատուների հետ կապված եղանակի կանխատեսման ժողովրդական գիտելիքներ»
  • «Օրորոցային երգերը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում»
  • «Գաթանախշի պատրաստման և կիրառման ավանդույթը»
  • «Խաբ ու խազ (կաթփոխ)»
  • «Թմբուկի (դհոլ, գոս՝ մեծ թմբուկ) պատրաստման և կիրառման ավանդույթը»
  • «Որսորդներ ու բադեր» գնդակախաղ
  • «Թաք ծաղկեցավ» երգ
  • «Համայնքային փոխօգնության ձևերը Գավառի թաղման ծեսում»
  • «Կանեփով քուֆթայի պատրաստումը և կիրառումը Մարտունի համայնքում»
  • «Ձկով տոլմայի պատրաստումը Սևան համայնքում»
  • «Չորթնե տոլմայի պատրաստումը Վարդենիսի համայնքներում»
  • «Չիլինկի փետ» ավանդական խաղը Ճամբարակ համայնքում

Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված արժեքները հայ ժողովրդի մշակութային ինքնատիպության, պատմական հիշողության և ազգային ինքնության կարևոր արտահայտություններն են։ Դրանց պահպանումը, փոխանցումն ու հանրահռչակումը կարևոր դեր ունեն սերունդների միջև մշակութային շարունակականության ապահովման և միջազգային մշակութային հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։

Այս գործընթացի իրականացման հիմք է հանդիսանում «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հասատատելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշումը։ Նախաձեռնությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023–2027 թվականների ռազմավարությունից, որի շրջանակում իրականացվում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության համակարգված գույքագրում։

«Պարենք, երգենք միասին»

«Պարենք, երգենք միասին»

«Պարենք, երգենք միասին»

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հունիսի 5-ին՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա ավանդական դարձած «Պարենք, երգենք միասին» միջոցառումը։
Ի՞նչ է սպասվում․

– հայ ավանդական պարերի ուսուցում՝ «Արեգ» ազգային պարի խմբի հետ (գեղարվեստական ղեկավար, պարուսույց՝ Արտավազդ Այվազյան),

-հայ ժողովրդական երգերի ուսուցում՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ։

Մասնակցության արժեքը՝ 1000 դրամ։
—
Երևան, Արշակունյաց 28
+374 11 570 570

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք» 

«Մեր պարերը և մենք»

Մայիսի 29-ին՝ ամսվա վերջին ուրբաթ օրը, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ միասին տեղի ունեցավ «Մեր պարերը և մենք» սիրված միջոցառումը՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ):

«Հիշողության թելեր» ծրագիր

Անդրադարձ «Հիշողության թելեր» ծրագրին

Անդրադարձ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ․ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի «Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի 11-րդ թողարկման մեջ տեղ է գտել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանի անդրադարձը «Հիշողության թելեր» ծրագրին։

Ծրագիրը միավորում է սերունդներին՝ պահպանելու և փոխանցելու հայկական մշակութային ժառանգությունը։ Այն նպաստում է տարեցների սոցիալական ներառմանը և սփյուռքահայ երիտասարդների կապի ամրապնդմանը հայրենիքի հետ։

Դասերը վարում է ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից։

«Կոմիտասական» ամառային դպրոց

«Կոմիտասական» ամառային դպրոց 

«Կոմիտասական» ամառային դպրոց

Սիրված ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ ամառային դպրոցը վերադառնում է։

Ե՞րբ | Հուլիսի 6-11-ը

Որտե՞ղ | Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (Երևան, Արշակունյաց 28)

Ովքե՞ր կարող են մասնակցել | 7-14 տարեկանները

Ի՞նչ է սպասվում․

  • ծանոթացում Կոմիտաս Վարդապետի կյանքին ու գործունեությանը,
  • երաժշտական գիտելիքների զարգացում,
  • Կոմիտաս Վարդապետի կերպարի բացահայտում՝ գրականության, քանդակագործության և արվեստի այլ ճյուղերում,
  • նվագարանների առանձնահատկությունների ու հնարավորությունների ուսումնասիրում,
  • ստեղծագործական աշխատանք, երգ ու պար,
  • մասնակցություն թիմային աշխատանքների,
  • նոր ծանոթություններ և ընկերներ։

Մասնակցության համար երաժշտական կրթություն չի պահանջվում։ Մասնակիցներն ավարտին կստանան վկայականներ։ Արժեքը՝ 35․000 ՀՀ դրամ (սնունդը ներառյալ)։

Մասնակցության համար լրացրե՛ք դիմում-հայտը․ https://tinyurl.com/avuc7szh

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հունիսի 30։

+374 (11) 570 570
[email protected]

Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը Մեղրիում

Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը Մեղրիում

Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը Մեղրիում

Մայիսի 16-17-ին ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք Մեղրիում հաջողությամբ կայացավ Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը, որն այս տարի կրում էր «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը։

Երկօրյա տոնական մթնոլորտը համախմբել էր արհեստագործ վարպետների աշխարհի 11 երկրներից (Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Բելառուս, Տաջիկստան)։ Փառատոնի այցելուները հնարավորություն ունեցան ոչ միայն հիանալու ավանդական արհեստների բազմազանությամբ, այլև անձամբ մասնակցելու խեցեգործության, թաղիքագործության, կարպետագործության և այլ մասնագիտացված վարպետաց դասերի։

Միջոցառման մշակութային բաղադրիչը հարստացրին լարախաղաց Մամիկոնի ավանդական ելույթը, «ԼՈՖԹ-ՄԵՂՐԻ» կենտրոնի «Փնտրելով արևին» ինտերակտիվ քվեստը, «Պահպանի՛ր ակնթարթը» ֆոտոգոտին և «Կաթիլ» բենդի, «Մանել» երգչախմբի ու «Վարը Վարենկ» նախաձեռնության համերգային ծրագրերը։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Մեղրիի համայնքապետարանին, Մշակույթի զարգացման հիմնադրամին, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամին, ինչպես նաև բոլոր գործընկերներին, աջակիցներին և այցելուներին՝ այս կարևոր մշակութային տոնը համատեղ ուժերով իրականություն դարձնելու համար:

Հուշագիր՝ ազգային խոհանոցի և խոհարարական կրթության զարգացման ուղղությամբ

Հուշագիր՝ ազգային խոհանոցի և խոհարարական կրթության զարգացման ուղղությամբ

Հուշագիր՝ ազգային խոհանոցի և խոհարարական կրթության զարգացման ուղղությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ խոհարարության ոլորտի, մասնագիտական կրթության և ուսուցման, հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության մասին:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ոլորտային այլ ներկայացուցիչներ:

Համագործակցության շրջանակում կողմերի համատեղ ներդրումներ կկատարվեն Երևանի արհեստի պետական քոլեջում՝ խոհարարության ոլորտում կրթության և ուսուցման որակի բարձրացման, անհրաժեշտ ուսումնագործնական միջավայրի ապահովման, մանկավարժական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, զարգացման այլ ծրագրերի իրականացման նպատակով:

Ողջունելով հյուրերին և կարևորելով ձևավորվող համագործակցությունը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ խոհարարության մասնագիտության նկատմամբ ձևավորվել է մեծ պահանջարկ՝ պայմանավորված ինչպես զբոսաշրջային հոսքերի աճով, որոնք նախորդ տարվա համեմատ ավելացել են 35 %-ով, այնպես էլ սպասարկման ոլորտի ակտիվ ընդլայնմամբ։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ տարբեր ուսումնական հաստատություններում, որոնցում դասավանդվում է խոհարարություն, արձանագրվում է դիմորդների թվի աճ, ուստի շատ կարևոր է կրթական ծրագրերի բովանդակության որակը։

«Խոհարարական կրթական ծրագրերում ավելի մեծ շեշտադրում կատարելով ազգային խոհանոցի վրա՝ կնպաստենք խոհարարություն մասնագիտության և հայկական խոհանոցի զարգացմանը։ Սա կարևոր եմ համարում նաև մեր երկրում մշակույթի հանրահռչակման տեսանկյունից, որովհետև խոհանոցը մեր ազգային մշակույթի կարևոր բաղադրիչն է։ Երիտասարդ սերունդն իր մասնագիտական գործունեությամբ պետք է կարողանա պահպանել և զարգացնել հայկական խոհանոցը, ինչպես նաև այն ներկայացնել թե՛ Հայաստանի քաղաքացիներին, թե՛ երկիր այցելող զբոսաշրջիկներին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի պատրաստել ազգային խոհանոցին տիրապետող մասնագետներ, որոնք իրենց աշխատանքով կնպաստեն հայկական խոհանոցի զարգացմանն ու ճանաչելիության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ մեկնարկող կրթական ծրագիրը կարող է հիմք դառնալ նաև հետազոտական նոր ծրագրերի և ազգային խոհանոցի շարունակական զարգացման համար։

ԿԳՄՍ նախարարը բարձր է գնահատել Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի ասոցիացիայի ներդրումը հայկական խոհանոցի զարգացման գործում, ինչպես նաև համագործակցությունը ՄԿՈՒ հաստատությունների հետ։

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ այն գնահատելով որպես հայկական խոհարարական կրթության զարգացմանն ուղղված կարևոր քայլ։ Սեդրակ Մամուլյանի դիտարկմամբ՝ հայկական խոհանոցը կարող է դառնալ այն կարևոր հարթակը, որը կկապի կրթությունը, մշակույթը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը՝ նպաստելով նաև ազգային ինքնության պահպանմանն ու միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հույս է հայտնել՝ Արհեստի քոլեջում ձևավորվող փորձն ու մասնագիտական ներուժը հնարավոր կլինի փոխանցել և կիրառել նաև այլ ուսումնական հաստատություններում:

Անդրադարձ է կատարվել նաև հայկական ազգային խոհանոցը որպես ամբողջական մշակութային երևույթ արժևորման և հանրահռչակման հարցին։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է ազգային ուտեստների շտեմարանի ստեղծման և պարբերաբար արդիականացման աշխատանքները, ինչպես նաև հայկական խոհանոցի՝ որպես մշակութային արժեքի ճանաչման հեռանկարները։

Քննարկվել են նաև ազգային խոհանոցի դասավանդման զարգացմանը, ուսումնական հաստատություններում համապատասխան ծրագրերի ընդլայնմանը, վերապատրաստումների և վարպետության դասերի անցկացմանը, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։