Սիրելի՛ խաչիկցիներ և Արենի համայնքի բնակիչներ, «Արև է ելել» ծրագրի շրջանակներում Խաչիկ գյուղը դարձել է արվեստի կրթության և մշակութային յուրօրինակ կենտրոն, որտեղ կգտնեք դասընթացներ հետևյալ ուղղություններով․ կատարողական արվեստ (երգչախումբ և ազգային պարերի խումբ), կիրառական արվեստ (կավագործություն և ասեղնագործություն)։ Ինչպես նաև կարող եք մասնակցել հմտարանի աշխատանոցներին և կրթամշակութային ժամանցին ուղղված միջոցառումներին (պետական և համայնքին բնորոշ տոներ, համերգներ և ներկայացումներ)։
Պետական ֆինանսավորմամբ իրականացվող ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման աշխատանքները կշարունակվեն նաև 2023 թվականին: Տարվա սկզբից մեկնարկած նորոգման և ամրակայման աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին: ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հերթական այցն են իրականացրել թանգարան: Տեղում ուսումնասիրվել են աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները, քննարկվել նախագծի թերություններով պայմանավորված համադրման ենթակա աշխատանքներն ու անհրաժեշտ վերանայումները: Ընթացիկ տարում նախատեսված էր իրականացնել հողային, հիմքերի ուժեղացման և նոր պատերի կառուցման աշխատանքներ: Առաջացած խնդիրների լուծման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները տեղում արված անհրաժեշտ չափումների և կատարված ուսումնասիրության հիման վրա որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություններին առաջարկել են սեղմ ժամկետում կազմել և նախարարություն ներկայացնել շտկված նախագծային փաստաթղթերի փաթեթը: 2022 թվականին նախատեսված աշխատանքներն արդեն ավարտված են, նորոգումը կշարունակվի 2023-24 թվականներին:
Նոյեմբերի 19-20-ին «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում (Մադոյան 9) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը: Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստանի թանգարաններին, հուշանվերային արտադրանքն ընդունել որպես թանգարանային գործունեության հանրահռչակման ժամանակակից միջոց, ինչպես նաև աջակցել ավանդական արհեստների վերականգնման գործընթացին: Երկօրյա միջոցառմանը ձեզ կսպասեն Հայաստանի 7 մարզերից (Սյունիք, Վայոց ձոր, Լոռի, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք), Արցախից ժամանած վարպետներն իրենց ձեռագործ աշխատանքներով, ինչպես նաև երևանաբնակ վարպետները: Օր 1․ Նոյեմբերի 19, 2022 09:00-19:00 Ցուցադրություն և վաճառք 12.30 Բացման արարողություն: Օր 2․ Նոյեմբերի 20, 2022 09:00-18:00 Ցուցադրություն և վաճառք: «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ստեղծվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և Սմիթսոնյան ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերի համագործակցությամբ: Նախորդ 4 տարիներին «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնն իրականացվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ միասին «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Ծրագրի կազմը շնորհակալություն է հայտնում «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները: Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով, մասնագիտական առաջարկություններով: Հիմնական դիտողությունները վերաբերել են համայնքների, պետական և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների առանձնահատկություններին և կենսունակությանը: Ընդգծվել է արժեքի տարածման և կիրառման աշխարհագրությունը և բնութագիրը հստակեցնելու պահանջը: Խորհուրդը քննարկել է նաև առաջարկների կազմման, լրացման կարգի մասին հասարակության իրազեկման անհրաժեշտությանն ու աջակցությանը վերաբերող հարցեր: Այդ նպատակով առաջարկվել է կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ՝ ներգրավելով նաև մարզերի մշակութային ոլորտի համակարգողներին: Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները քննարկելիս մասնագիտական խորհուրդն ընդգծել է դրանց պահպանությանն ուղղված քաղաքականության մշակման կարևորությունը: Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն ուղարկել լրամշակման և դիտարկել համայնքներից, խմբերից, անհատներից, ինչպես նաև մշակութային, կրթական և հասարակական կազմակերպություններից նոր առաջարկների ստացման հնարավորությունը:
«Մեր երգերը և մենք» նախաձեռնության նոյեմբեր ամսվա հանդիպումը նվիրված է Կարնո աշխարհի երաժշտարվեստին։ Կսովորեք այդ տարածաշրջանից երգեր, կզրուցեք ֆոլկլորից, դրա էությունից, տարբեր տարածաշրջաններին բնորոշ առանձնահատկություններից։ Հյուրն է լինելու երաժշտագետ, ֆոլկլորագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի Ինստիտուտի գիտաշխատող, Կարին ավանդական երգի, պարի խմբի խմբավար Անի Հակոբյանը։ Հանդիպումը՝ նոյեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Հ. Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում (Աբովյան 64)։ Մուտքն ազատ է։
Նոյեմբերի 19-20-ը Թունիսի Ջերբա քաղաքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովի շրջանակում նոյեմբերի 13-20-ը Ջերբա քաղաքում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում: Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է: Ցուցադրվելու են գորգեր (բուրդ, մետաքս) և ասեղնագործ նմուշներ, անցկացվելու են գորգագործության վարպետության դասեր, լինելու են շրջայցեր VR ակնոցի միջոցով, ինչպես նաև ներկայացվելու է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի կրթական նախագիծը՝ 3D տպիչների միջոցով: Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանից հանդես կգան «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի երաժշտական խումբն ու պատանի քանոնահարները: Պատանի երաժիշտները նախատեսվող համերգին կներկայացնեն դասական և ազգային ստեղծագործությունների կատարումներ:
Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Ծրագրում՝ ▪ հայ ավանդական պարերի ուսուցում «Արեգ» ազգային պարի խմբի մասնակցությամբ /գեղ. ղեկավար, պարուսույց՝ Արտավազդ Այվազյան/ ▪ հայ ժողովրդական երգերի ուսուցում /երգուսույց` Հասմիկ Բաղդասարյան Դոլուխանյան/: Մուտքը՝ 600 դրամ:
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին «ՀՕՄ Արվեստ»-ը կմեկնարկի Մարաշի ասեղնագործության դասընթացը: Բոլոր անհրաժեշտ նյութերը տրամադրվում են: Հասցե՝ Չարենցի 20, հեռ.՝ 091567513, 093779375:
Նոյեմբերի 8-ին, ժամը 16:00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում կանցկացվի հանդիպում-քննարկում «Կայթ» ավանդական երգի և պարի խմբի ղեկավար, «Ինստիգեյթ» ինժեներական ընկերությունների խմբի ֆինանսական տնօրեն Կորյուն Դավթյանի հետ: Քննարկման շրջանակում Կորյուն Դավթյանը կխոսի ժողովրդական արվեստի մոնոտեզիացիայի և զարգացման մասին, կներկայացնի Հայաստանի և հայ ժողովրդի ժողովրդական արվեստների ժառանգության իրացվելիության խնդիրները, կանցկացնի քննարկում ոլորտի պահանջարկի, որակի վերահսկողության և այլ հարցերի շուրջ: Մուտքն ազատ է: