Համահայկական աշակերտական աշխատաժողով՝ նվիրված «Սասնա ծռեր» էպոսին

Համահայկական-աշակերտական-աշխատաժողով՝-նվիրված-«Սասնա-ծռեր»-էպոսին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ կազմակերպում է համահայկական աշակերտական աշխատաժողով՝ նվիրված «Սասնա ծռեր» ազգային էպոսին:

Աշխատաժողովի նպատակն է վերահաստատել «Սասնա ծռեր» էպոսի կարևորությունը և նպաստել աշակերտների պատկերային ու իմացական դաշտի ընդլայնմանը, վերլուծական կարողությունների զարգացմանը:

Աշխատաժողովին կարող են մասնակցել սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախների 13-18 տարեկան սաները:

«Սասնա ծռեր» էպոսը՝ որպես ազգային բնավորության, հոգեբանության, պատմության, արժեհամակարգի կարևորագույն գրական աղբյուր, անսահման հնարավորություն է տալիս այն անընդհատ նորովի բացահայտելու, ներկայացնելու, ազգային արժեքները գնահատելու, պահպանելու, անցյալի դասերը վերլուծելու, արժևորելու, գաղտնագրերը վերծանելու, ուղերձները ընկալելու համար:

Աշխատաժողովի մասնակիցներից ակնկալվում է մանրամասն ուսումնասիրել էպոսը, նախ սեփական բացահայտումներ անել, մեկնաբանել կերպարները, այնուհետև գրավոր ներկայացնել տպավորությունները, բացահայտումները, իմաստավորումներն ինչպես էպոսի վերաբերյալ ամբողջությամբ, այնպես էլ առանձին կերպարների և բովանդակային բաղադրիչների:

Մասնավորապես՝ կարելի է անդրադառնալ.

էպոսի անվանմանը, ստեղծմանը, պատմությանը, նշանակությանը,
կերպարներին,
կանանց կերպարներին,
Սասունցի Դավթին՝ որպես հայ ժողովրդի հավաքական կերպարի,
էպոսի կերպարներին և դասերին մեր օրերում,
էպոսում արտացոլված տոներին, ավանդույթներին և այլ ազգագրական նյութերին, նշել, թե որոնք են պահպանվել մինչև այսօր,
պատմականին և միֆին էպոսում,
էպոսում արտահայտված աշխարհայացքային և մասնավորապես՝ սոցիալական արժեքներին,
այլ:
Ինչպե՞ս դիմել

Աշխատաժողովին կարելի է մասնակցել անհատապես կամ 5 հոգանոց խմբերով, որոնք պետք է ունենան ղեկավարներ:
Աշխատաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2023 թ. մարտի 10-ը գրանցվեն հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/4113iXn:

Աշխատանքները մինչև 2023 թ. մայիսի 31-ը պետք է ուղեկցող նամակով ուղարկել ԿԶՆԱԿ հիմնադրամի [email protected] էլեկտրոնային հասցեին՝ («Թեմա» բաժնում անպայման նշել «Սասնա ծռեր» վերնագիրը) նշելով երկիրը, քաղաքը, կրթօջախի անվանումը, մասնակիցների անունները, ղեկավարի անունը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Մասնակիցների գնահատման հիմքերը

ԿԶՆԱԿ-ի ձևավորած գնահատման հանձնաժողովը կառանձնացնի և կգնահատի միայն ինքնուրույն, հիմնավորված, հետաքրքիր բացահայտումներով աշխատանքները: Աշխատանքների ծավալը՝ մինչև 5 տպագիր էջ, տառատեսակը՝ «GHEA Grapalat», տողամիջյան տարածքը՝ 1,5։
Կարելի է աշխատանքը ներկայացնել սահիկաշարով: «GHEA Grapalat» ֆոնտը կարելի է ներբեռնել fonter.am կայքից:

Մեթոդական աջակցություն մանկավարժին

2023 թ. մարտ-ապրիլ ամիսներին գրանցված մասնակիցների համար կկազմակերպվի «Սասնա ծռեր» էպոսն ուսումնասիրած տարբեր ոլորտների մասնագետների հետ առցանց 6 հանդիպում՝ մանկավարժներին մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով:


Ամփոփում

Մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը կամփոփվի և կհրապարակվի մինչև 2023 թ. սեպտեմբերի 30-ը: Արդյունքների մասին մասնակիցները կտեղեկանան անհատական նամակներից, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության www.escs.am պաշտոնական կայքից:

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *