banahyusutyun-cover

Տոնական Բանահյուսություն

banahyusutyun

Տոնական բանահյուսության մեջ տեղ են գտել հայ ժողովրդական տոների՝ Նոր տարվա, Ծննդյան, Տերընդեզի, Բարեկենդանի, Ծաղկազարդի(Ծառզարդարի), Զատիկի, Վարդավառի և այլ տոների ժամանակ օգտագործվող երգերն ու պարերգերը: Ընդ որում, ամեն մի տոնի ոգուն համապատասխան երգեր էին կատարվում տոնախմբությունների ժամանակ. նոր տարվա երգերում ընտանիքի ու նրա անդամների բարեմաղթանքներն են, Տերընդեզի ու Բարեկենդանի երգերը՝ սիրային, հմայական, չարը խափանող խոսքերով էին կատարվում, Զատկի տոնի երգերում դաշտերի ու մարագների բարեբերություն էր շեշտվում, Համբարձման կամ վիճակի երգերը ուղեկցվում էին վիճակահանությամբ և երիտասարդ աղջիկների ապագայի գուշակությամբ, Վարդավառի երգերում գերակշռում էին կատակերգերը, սիրային սեթևեթանքների նկարագրությունները և այլն:


Ժողովրդական տոնակատարություններին, երգ ու պարին մասնակցում էին բոլորը՝ մեծից փոքր, այն իսկական համաժողովրդական տոնախմբության էր վերածվում՝ դառնալով մեր երգն ու պարը, ժողովրդական ծիսակարգը, սերնդեսերունդ փոխանցելու, մատաղ սերնդին ազգային ավանդներով սնուցելու մի իսկական շքահանդես:
Ընտանեկա-կենցաղային բանահյուսութան մեջ մտնող երգերը, որոնց մեջ գերակշռողը սիրերգերն են: Սիրո երգերում ժողովուրդն առավել ընդգծված և վառ է արտահայտել իր կենսասիրությունը: Դրանց մեջ առկա է կնոջ՝ գեղեցիկի պաշտամունքը, բնության և մարդկային ապրումների համադրումը: Սիրերգերը ստեղծվում և կատարվում են կա՛մ երիտասարդ աղջիկների կողմից, կա՛մ երիտասարդ տղաների կողմից, կա՛մ էլ կատարվում են փոխնիփոխ՝ մերթ աղջիկները, մերթ տղաները՝ երկխոսության ձևով: Սիրո մոտիվը առկա է նաև աշխատանքային, պանդխտության, օրորոցային և այլ երգերում:


Քնարական բանահյուսության հնագույն տեսակներից են հայ ժողովրդական աշխատանքային երգերը, որոնք հիմնականում աշխատանքի գործիքների գովքեր են: Իսկ այդ գործիքները լինում են՝ առտնին՝ տնային-կենցաղային (խնոցի, սանդ, ճախարակ, իլիկ, և այլն) և դաշտային (եզ, սել, չութ, կով, գոմեշ և այլն):


Առանձին խումբ են կազմում նաև արհեստագործական երգերը: Թե՛ տնային-կենցաղային, թե՛ երկրագործական և արհեստագործական երգերը ոչ միայն աշխատանքի գործիքների ու արհեստների գովքեր են, այլև դրանք ներկայացվում են որպես աշխատավորի ու նրա ընտանիքի միակ հույսն ու հենարանը, լուծը քաշողն ու նեղ օրերի ընկերը:
Հայ ժողովրդական կատակերգերում և ծաղրերգերում արտացոլվել է մեր ժողովրդի անսահման կենսասիրությունն ու ծիծաղով, հումորով ու ծաղրով դժվարությունները հաղթահարելու մղումը: Դրանց մեջ փոքր ու աննշան բաների (կոշիկ, հավ) կորուստը ներկայացվում է ուռճացված՝ ինչն էլ դրանց դասում է երգիծական երգերի շարքին: Տանը մնացած աղջկա երգերի մեջ անգամ (“Թաք տանեին”, “Քառսուն տարիս լրացավ”) առկա է հումորով հագեցած կենսակերպի դրսևորումը:
Հայ ժողովրդկական բանահյուսությունը նրա ապրած կյանքի գեղարվեստական արտացոլանքն է: Իսկ մեր ժողովուրդը ճակատագրի բերումով ապրել է նաև ասպատակությունների, զանգվածային գաղթերի ու տեղահանությունների ժամանակներ, և պանդխտության երգերը դարձել են նրա անբաժան ուղեկիցները, դրանք կա՛մ ղարիբի ծանր վիճակի նկարագրություններ են, կա՛մ հրաժեշտի երգեր՝ օտարության մեկնող զավակին ուղղված մոր բարեմաղթանքներով, կա՛մ թռչուններին ու մեղմ զեփյուռին ուղղած՝ ընտանիքի անդամների ու հայրենի երկրի հանդեպ կուրորեն անսահման խոստովանությունը:


Հայ ժողովրդակական ռազմի և զինվորի երգերը նվիրված են պատմական այս կամ այն իրադարձությանը (ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմները, ազգային-ազատագրական պայքարները) և դրանց մասնակից հերոսներին: Ռազմի երգերում արտացոլվել են հիմնականում պատերազմական (ռուս-պարսկական, ռուս-թուրքական, I և II աշխարհամարտեր) ու ազգային-ազատագրական պայքարի դրվագներն ու դրանց ժամանակ հերոսացած անհատների փառաբանումը, իսկ զինվորի երգերում նկարագրվում են զինվորագրության և զինվորական ծառայությանն առնչվող տրամադրությունները, որոնք հիմնականում տխուր ու թախծոտ են:


Քաղաքային քնարական բանահյուսությունը, ի տարբերություն գեղջկականի, ուշ ժամանակների արդյունք է: Դրանք գրական կամ ժողովրդախոսակցական լեզվով են ստեղծվում և կենցաղավարում են առավելապես քաղաքային շրջանակներում, և տարբերակներով սուղ են, և դրանց մեջ ակնառու է հեղինակայինի՝ անհատականի կնիքը:
Քաղաքային քնարական բանահյուսական ստեղծագործություններից են հայրենները և անտունիները:
Հայրենը վաղ միջնադարյան բանահյուսության մեջ տարածված զուտ հայկական բանաստեղծության ձև է՝ կազմված է 15 վանկից (7+8): Հայրեն անվանումով են կոչվել հստակ այդ չափով հորինված տաղերը: Հայրենի չափով են ստեղծագործել Նարեկացին, Շնորհալին, Ֆրիկը և միջնադարյան այլ տաղերգուներ:


Անտունին հայ ժողովրդական երգի տեսակ է՝ կազմված 4, 6 և ավելի տողերից բաղկացած տներով և հորինված մեծ մասամբ պանդխտության թեմայով: Դրանք սկզբնապես ստեղծվել են միջին հայերենով և տարածված են եղել Ակն գավառում:
Պարերգերը ևս հնագույն ժամանականերից են գալիս և սերտորեն կապված են ժողովրդական տարաբնույթ ծեսերի ու տոնախմբությունների հետ: Պարերգերը իրենց բնույթով լինում են աշխատանքային, ռազմական, սիրային, կենցաղային և այլն: Դրանք մեծ մասամբ կոլեկտիվ պարերգեր են՝ շուրջպարեր՝ խմբակային, երկխոսական, երբեմն էլ՝ մեներգային կատարումներով:


Առանձին խումբ են կազմում հայ ժողովրդական մանկական բանահյուսական ստեղծագործությունները: Դրանք ևս ըստ կրողների լինում են՝ մանկան խնամքի հետ կապված երգեր (օրորոցայիններ, լոգանքի, մանկախաղաց և քայլքի երգեր), կենցաղավարում են մեծերի միջավայրում, և մանկական խաղերգեր (հաշվերգեր, ծաղրերգեր, բնությանը, կենդանական աշխարհին, երկնային լուսատուներին նվիրված երգեր, խաղավարտի, ճոճանակի, ձի հեծնելու և այլ տեսակի երգեր): Սրանք կենցաղավարում են երեխաների միջավայրում: Մանկական բանահյուսական ստեղծագործությունների մի մասը կորցրել են իրենց բուն գործառույթը և մեծերից անցել են երեխաներին: Դրանք բնությանը, երկնային լուսատուներին նվիրված երգեր են, որոշ ծիսական երգեր՝ երաշտին նվիրված, Վիճակի երգերը՝ ջանգյուլումները և այլն:


Բանահյուսության տեսակի կենցաղավարման համար շատ կարևոր է բանահյուսական ժանրի գործառույթը, այսինք` ի՞նչ միջավայրում և ի՞նչ նպատակով է կատարվում: Եթե նպատակը միջավայրի համար կարևոր դեր է խաղում (և շարունակում է խաղալ), ուրեմն տվյալ ժանրի տեսակի կենցաղավարումն ապահովված է:
Կենցաղավարում են հիմնականում բանահյուսական այն տեսակները, որոնք կիրառական արժեք ունեն՝
1. ա) մանկական խաղերում (հաշվերգեր, խաղերգեր, բառախաղեր, շուտասելուկներ, ծածկախաղեր և այլն).
բ ) մանկական “ծիսակարգում” (ջանգյուլումներն իբրև խաղ-ծեսի բաղադրիչ).
2. Հարսանեկան և թաղման ծիսակարգում (քնարական ծիսական բանահյուսություն՝ հարսանիք, ծնունդ, կնունք, թաղում).
3. Տոնական-օրացուցային ծիսակարգում (Նոր տարի, Տրընդեզ, Համբարձում, Վարդավառ և այլն).
4. Ժողովրդական խոսքում՝ ժողովրդախոսակցական լեզվի դրսևորմամբ կենցաղավարում են հիմնականում ժողովրդական ասույթաբանության դրսևորումները՝ ժողովրդական բանաձևային կառույցները (առած-ասացվածք, անեծք, օրհնանք, մաղթանք, փաղաքշանքի խոսքեր, հայհոյանք և այլն՝ իբրև խոսքը արտահայտիչ դարձնող կամ խոսքի ուժով շրջապատի վրա ներազդող միջոցներ).
5. Ժողովրդական հավաքույթներում՝ իբրև ժողովրդական ժամանցի միջոցներ (անեկդոտ, հանելուկ, շուտասելուկ):

nororya-ceser

Նորօրյա Տոներ

nororya-cover

Նորօրյա տոներ համարվում են խորհրդային և անկախացման շրջանում ստեղծված տոները: Նորամուտ տոները գործնականում մասսայական արձագանք գրեթե չունեն: Դրանց մի մասի արարողակարգերն ու ծիսակարգերը ծանոթ չեն բնակչությանը, և մարդկանց հիմնականում բաժին է ընկնում ոչ թե մասնակցի, այլ հանդիսատեսի կարգավիճակ: Սրանք պայմանականորեն բաժանվում են հետևյալ ենթախմբերի.


Պետական-հասարակական տոներ և հիշատակի օրեր.
ՀՀ Սահմանադրության օրը նշվում է հուլիսի 5-ին և ոչ աշխատանքային օր է:
Հանրապետության տոնը Հայաստանի առաջին հանրապետության օրն է, նշվում է մայիսի 28-ին և ոչ աշխատանքային օր է:
Անկախության տոնը Հայաստանի երրորդ հանրապետության տոնն է, նշվում է սեպտեմբերի 21-ին և ոչ աշխատանքային օր է:


Հաղթանակի և խաղաղության տոնը նշվում է մայիսի 9-ին: Տոնը խորհրդանշում է Շուշիի հաղթանակը և խորհրդային ժամանակաշրջանից անցած Խորհրդային Միության հաղթանակը ֆաշիզմի դեմ: Այն ոչ աշխատանքային օր է:
Մայրենի լեզվի օրը նշվում է փետրվարի 21-ին:


Վերջին զանգը տարվա միջնակարգ դպրոցների շրջանավարտների զանգվածային մասնակցությամբ անցկացվող տոն է և նշվում է մայիսի 25-ին:


Գիտելիքի և դպրության օր նշվում է սեպտեմբերի 1-ին:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրը նշվում է հունիսի 1-ին:
Աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է, անցել է խորհրդային շրջանից (աշխատավորության օր):
Կանանց տոնը նշվում է մարտի 8-ին, անցել է խորհրդային շրջանից:
Մայրության և գեղեցկության տոնը նշվում է ապրիլի յոթին, համապատասխանում է ավանդական տոնացույցի սուրբ Կույսի Ավետման տոնին:


Ադրբեջանում կազմակերպված ջարդերի զոհերի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, նշվում է փետրվարի 28-ին:


Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր է:
Երկրաշարժի զոհերի օրը նշվում է դեկտեմբերի 7-ին:


Մասնագիտական տոներ. նվիրված են տարբեր մասնագիտություններին, այդ թվում` զինվորական և քաղաքացիական ծառայություններին: Մասնագիտական տոների մեծ մասը տեղ չի գտել ՀՀ օրենքով սահմանված պետական տոնացույցում:
Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր է:


Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին:
Ուսուցչի օրը նշվում է հոկտեմբերի 1-ին:
Թանգարանների օրը նշվում է մայիսի 18-ին:
Բժիշկների օր:


Օտարամուտ համարվում են հետանկախացման շրջանում մուտք գործած օտար տոները:
Սուրբ Վալենտինը նշում է փետրվարի 14-ին:


Քրիսմոսը (Քրիստոսի Ծննդյան տոնը` ըստ Կաթոլիկ եկեղեցու) նշում է դեկտեմբերի 25-ին:

500x500-avandakan

Ավանդական Ծեսեր

avandakan (1)

Ավանդութային ժողովրդական տոները խմբավորվում են հետևյալ կերպ.
Օրացուցային տոներ. դրանք կոչված են կանոնավորելու հասարակության հոգևոր և տնտեսական կյանքը, ունեն երկու բաղադրամաս՝ ժողովրդական տոնախմբություն և եկեղեցական ծիսակարգ:
Օրացուցային տոներն են.

Ամանորը. նշվում է հունվարի մեկին, փոխարինել է Նավասարդ (Նախրաթող) ավանդական տոնին: Հայոց մեջ պաշտոնապես մուտք է գործել XVIII դ. Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոնացույցի համաձայն: Տոնի հիմնական հատկանիշներն են` տոնական ուտեստը (բախտագուշակ տարեհացը և այլն), գոտեկախի սովորույթը, ջուրը, կրակը, թթխմորը նորոգելը, առարկայական, ֆիզիկական ու հոգևոր-բարոյական (խռովությունները վերացնելը, պարտքերը մարելը, չարը տնից հեռացնելը և այլն) մաքրությունը, փոխայցելություններ և այլն: Անցել է պաշտոնական պետական տոնացույց` համաձայն ՀՀ տոների և հիշատակի մասին օրենքի: Ոչ աշխատանքային օրերն են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 2-ը:


Սուրբ Ծնունդը, Ջրօրհնեքը (Աստվածահայտնություն և Մկըրտություն) կայուն տոն է, նշվում է հունվարի վեցին, ավետում է Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը: Հոգևոր ծիսակատարությունը նշվում է եկեղեցական սաղմոսերգությամբ, օրհնվում է ջուրը, վրան մեռոն կաթեցվում` ի նշան Քրիստոսի մկրտության: Սուրբ Ծնունդը համարվում է տաղավար տոն և Տիրունի տոն: Տոնին նախորդող նախատոնակի երեկոն կոչվում է Ճրագալույց: Տոնը բնորոշվում է քահանայի տնօրհնեքով, ավետիս երգող տղաների` երեքից մինչև յոթ հոգիանոց խմբերի շրջայցով, յուրաքանչյուր գավառին հատուկ տոնական ուտեստով: Ընդունված էր միմյանց ողջունելիս ասել. □Հիսուսը ծնվեց ու հայտվեց: Օրհնված է հայտնությունը Հիսուսի□: Անցել է պաշտոնական պետական տոնացույց` համաձայն Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի մասին օրենքի:
Տյառնընդառաջը կայուն տոն է, նշվում է փետրվարի տասներեքին: Տոնի խորհուրդն է քառասնօրյա Հիսուսին տաճար տանելը և Սիմեոն Ծերունու` Տիրոջն ընդառաջ գալը, որը նշվում է եկեղեցական սաղմոսերգությամբ: Այն Տիրունի տոն է` կապված Քրիստոսի անվան հետ: Տոնի ժողովրդական բնույթը ներկայանում է եկեղեցու բակում և տների կտուրներին/բակում խարույկներ վառելով, տարվա նորահարսին (նշանվածին) շուրջը պտտելով, կրակի վրայից ցատկելով, հագուստի փեշն այրելով, ցորեն բովելով, որն ուղեկցվում էր զուռնա-դհոլի նվագակցությամբ պարով, հրացան արձակելով և այլն: Տյառնընդառաջը կտրում էր քառասունքները և նորափեսայի` աներոջ տուն այցելելու արգելքը:


Բարեկենդանը բուն ժողովրդական տոն է, որը շարժական է՝ պայմանավորված Զատիկով: Տևողությունը երկու շաբաթ է, երկրորդ շաբաթը կոչվում է Բուն Բարեկենդան: Տոնը բնութագրվում է համայնական երգ ու պարով, խնջույքով, զանազան խաղերով ու զվարճություններով, դիմակավորված ներկայացումներով, ավանդական կանոնավորված կենցաղային բարքերի գլխիվայր շրջմամբ (ներառյալ վանական խըստակյաց բարքերով` Աբեղաթողի ծեսով) բազմազան ու համադամ ուտեստով և այլն:


Ծաղկազարդը Զատիկին նախորդող կիրակին է, խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Ժողովրդի մեջ առավելապես տարածված է որպես այդ տարվա նշանվածների (այժմ` երիտասարդների օրհնության) օր: Տոնի արարողակարգը ներառում է նշանվածների օրհնությունը, դալարաբույս ուռենու օրհնված ճյուղեր և պսակներ բաժանելը և այլն: Գարնանամուտի ավետաբեր ուռենու ճյուղերն ու պսակները պահում են տանը` իբրև առատաբեր, հաջողաբեր և չարխափան: Տոնն ուղեկցվում էր նաև ձու հավաքող երեխաների երգող խմբերի շրջայցով, կարկաչաներով (աղմըկող փայտաշեն ծնծղաներով): Ընդունված էր նաև գերեզմանների այցելությունն ու օրհնությունը:


Զատիկը շարժական տոն է, նշվում է մարտի քսաներկուսից հետո` լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը: Եկեղեցին համարում է տաղավար տիրունի տոն: Տոնի խորհուրդը Քրիստոսի հարությունն է: Այդ օրը միմյանց ողջունելիս ասում են. □Քրիստոս հարյավ ի մեռելոց□: Պատասխանն է. □Օրհնյալ է հարությունը Քրիստոսի□: Տոնի արարողակարգն ընթանում է եկեղեցական ծիսակարգով և ժողովրդական տոնախմբությամբ՝ տոնական ուտեստով (կարմիր հավկիթ, չամչով փլավ և այլն), զատկական համայնական մատաղով (ախառ) և անհատական մատաղով (այդ օրը ծնված երեխայի պատվին), տղաների երգող խմբերի տնետուն շրջայցով, ձվախաղերով և այլ զվարճություններով:

Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Զատիկին հաջորդող առաջին կիրակին է: Կանաչ կիրակի. Զատկին հաջորդող երկրորդ կիրակին է: Կարմիր կիրակի. Զատկին հաջորդող երրորդ կիրակին է: Կազմում են զատկական տոնական հանդիսությունների շարունակությունը: Բնութագրվում են ծիսական ուտեստով (կարմիր, կանաչ ձվեր, փլավ և այլն), ուխտագնացությամբ, մատաղով, նվագածությամբ ուղեկցվող երգ ու պարով, լարախաղացությամբ և այլ զվարճություններով:


Համբարձումը շարժական տոն է՝ պայմանավորված Զատիկով և նշվում է Զատիկից քառասուն օր անց: Եկեղեցին համարում է տիրունի տոն, կապված Հիսուսի քառասունօրյա քարոզչության և երկինք համբարձվելու հետ: Տոնի երեղեցական ծիսակարգը աղոթքով սաղմոսերգությունն է: Ժողովրդական տոնախմբության մասն ամբողջովին բնության տարրերի պաշտամունքն է ներկայացնում: Տոնը բնութագրվում է ջուր ու ծաղիկ լցված փարչերը (պուլիկները) գիշերը բաց երկնքի տակ աստղունք դնելով, ծաղկեփնջեր կազմելով, դեռահաս աղջիկների բախտագուշակությամբ, ծաղկեպսակներով ու մոմերով զարդարած Համբարձման եզը պտտելով, տոնական ուտեստը՝ կաթնապուրը, եփելով ու դաշտերին մատաղելով և այլն:
Վարդավառը (Այլակերպություն կամ Պայծառակերպություն) հայ եկեղեցու տաղավար, տիրունի տոներից է, այն շարժական է` պայմանավորված Զատիկով: Նշվում է Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Ներկայումս առանձին շրջաններում ձեռք բերելով որոշակի կայունություն՝ այն նշվում է հուլիսի 22-ին հաջորդող օրը: Տոնի խորհուրդն ավանդում է Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառացած կերպարի երևալը առաքյալներին: Ժողովրդական տոնախմբությունն ունի հարուստ արարողակարգ` ջրցողում, աղավնիներ թռցնել, խարույկ վառել ու խնձոր խորովել, դաշտերի առաջին բերքից խեչփունջ կապել, խնդում (վարունգ, վարդ, խնձորով ծանրաբեռնված տոնական ծառ սկուտեղների վրա) պատրաստել ու հսկիչ (պառավ) կարգել: Նվագածությամբ բացօթյա խնջույքները, երգն ու պարը, խաղերն ու զվարճությունները նույնպես տոնի բաղադրիչներն էին: Տղաների թաղերի բաժանված խմբային խաղերով ներկայացվում էր Հայկի ու Բելի պատերազմը:


Աստվածածին (Վերափոխումն Աստվածածնի, Խաղողօրհնեք) եկեղեցու տաղավար և Աստվածածնին նվիրված տոներից է: Հայ եկեղեցին նշում է նաև Աստվածածնի հետ կապված հետևյալ տոները` Հղիություն Աննայի, Երից ամաց ընծայումն ի տաճարն, Գյուտ Տուփի և Գյուտ Գոտու, որոնք չեն նշվում ժողովրդական տոնախմբությամբ: Աստվածածնի տոնի խորհուրդը Հիսուսի օրինակով Տիրամոր երկինք համբարձվելն է: Եկեղեցին նշում է պատարագով, որից հետո տեղի է ունենում խաղողօրհնեք:


Սուրբ խաչը (տոն վերացման Սուրբ Խաչին) եկեղեցին համարում է տաղավար և խաչի տոն: Հայ եկեղեցին Խաչի հետ կապված նշում է նաև հետևյալ տոները. Տոն երերման Սրբո խաչի, Գյուտ խաչի, Տոն Վարագա Սրբո խաչի: Ժողովրդական տոնախմբությունը վերաբերում է միայն Սուրբ խաչին (Սրբխեչ), որը կայուն տոն է, նշվում է սեպտեմբերի 14-ին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը: Տոնի ծիսական ուտեստը թոնրակախ ուլն է, ձավարով կերակուրը (քաշկակ):
Հիշատակի օրեր կամ մեռելոց են կոչվում այն օրերը, որոնք հաջորդում են տաղավար տոներին և նշվում են երկուշաբթի օրը: Նախկինում հիշատակի օրերին գերեզմանատան մատուռում մատուցվում էր ս.Պատարագ, տեղի էր ունենում հոգեհանգիստ, և կատարվում էր գերեզմանօրհնեք, որի նպատակն էր հիշել հանգուցյալներին և ավետել նրանց հարության հույսը: Ներկայումս գերեզմանօրհնեքը սահմանափակ է, պահպանվում է խնկարկության, մոմավառության և հանգուցյալի հոգուն բաժին (ուտեստ) տանելու սովորույթը: Հիշատակի օրերն էին.


Ծննդին հաջորդող երկուշաբթի,
Ս. Զատկին հաջորդող երկուշաբթի, Մեծ մեռելոց,
Վարդավառին հաջորդող երկուշաբթի,
Աստվածածնի Վերափոխման հաջորդող երկուշաբթի,
Խաչվերացին հաջորդող երկուշաբթի՝ մեծ մեռելոց: Ժողովուրդը թյուրիմացաբար Խաչվերացի կիրակին համարում է մեռելոց:


Ուխտագնացությունը ուղեկցում էր տաղավար տոներին: Ուխտագնացություն տեղի չէր ունենում Համբարձումից մինչև Վարդավառ, քանի որ բոլոր սրբերը Քրիստոսի հետ համբարձվել էին: Ուխտ գնալը մի ամբողջ արարողակարգ էր. պահանջվում էր նախապես ապաշխարել, հոգեպես մաքրվել, թույլատրվում էր կամավոր ծոմապահություն: Ուխտագնացը նպատակ էր ունենում (հիվանդության ապաքինում, որդեծնություն, պանդուխտի վերադարձ և այլն): Ուխտագնացության վայրերը որոշակի էին (վանքեր, եկեղեցիներ, սուրբ գերեզմաններ, խաչեր և այլն): Ուխտավայրում կատարվում էր թռչնի և կենդանու, հացի և հացաբույսերի, պտուղների և գինու զոհաբերություն: Տեղի էր ունենում հասարակական համատեղ հացկերույթ, այնուհետև երգ, պար, խաղեր, զվարճություն:
Ուխտագնացության օրերն էին Ս. Ծննդին,
Զատիկին և հաջորդող երեք կիրակիներին,
Վարդավառին,
Աստվածածնա Վերափոխմանը,
Խաչվերացին,
Սուրբ Գևորգի տոնին (հոկտեմբերի վերջին կիրակի օրը):
Սրբոց օրերը եկեղեցական տոնացույցում առանձնացված օրերն են, որոնք նվիրված են քրիստոնեական սրբերին և սրբերի դասին կարգված նշանավոր անձանց:


Սուրբ Սարգիսը շարժական տոն է` պայմանավորված Զատիկով` հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկնող այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատիկից առաջ էր ուղիղ վաթսուներեք օր: Տոնի խորհուրդն է սիրող զույգերի և երիտասարդների հովանավոր մուրազատուր սուրբ Սարգսի պաշտամունքը: Տոնը բնորոշվում է նախընթաց պասով, տոնական ուտեստով (փոխինդ, աղանձ, աղի բլիթ):


Սուրբ Վարդան Զորավարը. Բարեկենդանի օրերին hայ եկեղեցին նշում է Ավարայրի ճակատամարտի հերոսների Վարդանի ու Վարդանանց տոնը: Նշվում է Զատկից ութ շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը: Բարեկենդանի տոնական արարողությունների շրջանակում Վարդանանց տոնը ներկայացվում է թատերականացված խաղի տեսքով: Անցել է պետական պաշտոնական տոնացույց` որպես բարի գործի և ազգային տուրքի օր` համաձայն ՀՀ տոների և հիշատակի մասին օրենքի:
Սուրբ Գևորգը նշվում է հոկտեմբերի վերջին կիրակի օրը: Այն կոչվում է նաև Ծռատոն, քանի որ գործում է այդ օրն աշխատելու արգելքը: Ունի նախընթաց հնգօրյա պաս, բնութագրվում է ուխտագնացությամբ (հատկապես Սուրբ Գևորգ անունով սրբավայրերը) բացօթյա ընդհանուր հացկերույթով, երգ ու պարով, զվարճախաղերով: Տոնական ուտեստը այդ տարվա բերքի երախայրիք կորկոտ-ձավարով հարիսան է:


Սուրբ Հակոբը նշվում է դեկտեմբերի սկզբին, կոչվում է նաև Նախրաթող և համապատասխանում է հին Նոր տարվան` Նավասարդին: Նշվում է նոյեմբերի տասին հաջորդող կիրակի օրը և ունի նախընթաց հնգօրյա պաս: Տոնի բնութագրիչն էր աքլորով հարիսան և այդ տարվա նոր գինու վայելումը: Ընտանեկան տոնախմբություն էր հատկապես սրբի անունը կրող մարդկանց տանը: Խորհրդանշում էր տնտեսական տարվա ավարտը:


Թարգմանչաց տոնը նվիրված է Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտաց հիշատակին: Նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Անցել է պաշտոնական պետական տոնացույց` համաձայն ՀՀ տոների և հիշատակի մասին օրենքի:


Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Զատկից վաթսունչորս օր հետո` կիրակի օրը: Անցել է պաշտոնական պետական տոնացույց` համաձայն ՀՀ տոների և հիշատակի մասին օրենքի:


Պահոց օրեր նշանակում է հրաժարում կենդանական ծագում ունեցող ուտեստից (մսեղեն, կաթնեղեն, ձու), ոգելից խմիչքից, գայթակղություններից: Դրանք ինքնաքննության, ապաշխարության, մեղքերի քավության ու թողության շրջան է` ուղղված մարդու մտավոր, հոգևոր, բարոյական և ֆիզիկական առողջացմանը: Եկեղեցին տարվա ընթացքում վեց ամիս պահոց օրեր ունի: Պահոց օրերն ունեն հետևյալ բաժանումները. Օրական պահք կամ Օրապահք, Առաջավորաց պահք, Շաբաթապահք, Նավակատյաց պահք, Քառասնորդական կամ Մեծ պահք:


Օրական պահքը յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրն (ի հիշատակ Քրիստոսի մատնության), ուրբաթ օրը (ի հիշատակ Քրստոսի չարչարանքի):


Առաջավորաց պահքը. Վիրապից դուրս գալուց հետո սուրբ Գրիգոր Լուսավորչի հաստատած հնգօրյա պահքն է: Ժողովուրդն անվանում է նաև սուրբ Սարգսի պահք:


Շաբաթապահք են կոչվում հոգեգալստյան, սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի, Հիսնակի առաջին կիրակին, սուրբ Հակոբի ու Վարագա Խաչի պահքերը:


Նավակատյաց կամ Հինգ տաղավարների պահք են կոչվում Աստվածահայտնության ութ օրերը, Հարության ութ օրերը, Վարդավառի Վերափոխման և Սուրբ խաչի հինգ օրերը:


Քառասունորդական կամ Մեծ պահքը տևում է յոթ շաբաթ, ավարտվում զատկական նախատոնակով (շաբաթ օրվա խթման կամ թաթախման երեկոն): Յոթ շաբաթվա յուրաքանչյուր կիրակին ունի իր անվանումն ու խորհուրդը (Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան, Ծաղկազարդ և Զատիկ): Մեծ պահքի ուղիղ կեսը (հինգշաբթի օր) կոչվում է Միջինք: Մեծ պահքի Առաջին շաբաթը, Միջինքը և վերջին շաբաթը` Ավագ շաբաթ, ունեն հարուստ արարողակարգ, որտեղ կարևոր տեղ ունի չարը տնից վանելը: Պահքի խորհրդանիշը Ակլատիզ Պաս Պապն է (յոթ փետուրով): Պահքի խորհրդանիշ ուտեստը մախոխ ապուրն է, որը եփում են տղամարդիկ` հատուկ արարողակարգով: Մեծ Պահքի ընթացքում գործում են պսակադրության, կնունքի և նշանդրեքի արգելքները:

asexnagorcutyan-bac-das

Ասեղնագործության բաց դաս Արզականում

Փետրվարի 12-ին, ժամը 11։00-ին «Խորոտ»-ը կանցկացնի Մարաշի ասեղնագործության բաց դաս՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի Մշակույթի տանը։

Անհրաժեշտ բոլոր պարագաները կտրամադրվեն տեղում։ Դասավանդվելու է Մարաշի հյուսված կար։

Մուտքն ազատ է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով. https://forms.gle/xNwSRX3ESqi498GN8։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել․

[email protected]

+37494548987, +37493629421։

Untitled-2

Միություններին, Կազմակերպություններին Կամ Որևէ Կայուն Խմբին Անդամակցելու Ծեսեր

Պաշտոնական միությունների, կազմակերպությունների կամ որևէ կայուն խմբին անդամակցելը կարող է ուղեկցվել համապատասխան արարողություններով, որոնք տիպաբանորեն կարելի է որակել իբրև անցումային ծես:
Հասարակական-մշակութային միավորումներին անդամակցելու անցումային ծեսերը ենթադրում են հասարակական, մշակութային ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերին անդամակցելու կամ դրանցից դուրս գալու արարողությունները: Հասարակական կազմակերպությանն անդամակցելու ծեսերը ձևավորվում և պարտադրվում են յուրաքանչյուր կազմակերպության անդամների կողմից` հաճախ նախատեսելով փորձաշրջան:


Ակումբներին (ներառյալ սպորտային), մշակութային հոսանքներին, երիտասարդության ենթամշակութային խմբերին անդամագրվելու ծիսակատարությունները չունեն ընդհանուր ձևաչափ և նախաձեռնում են յուրաքանչյուր խմբի անդամների կողմից` երբեմն ընդօրինակելով արտասահմանյան նմանատիպ ակումբի կամ խմբի անդամակցության արարողությունը:
Հոգևոր անցումային ծեսերը ենթադրում են որևէ հոգևոր հաստատությանն (եկեղեցուն) անդամակցելու արարողությունները:


Մկրտությունը քրիստոնեական առաջին խորհուրդներից է, որն ազդարարում է որևէ եկեղեցակուն (հայ առաքելական, օրթոդոքս, կաթոլիկ ևն) անդամակցելը: Քաղաքական անցումային ծեսերը ենթադրում են քաղաքական կուսակցություններին, դրանցից կազմված ասոցիացիաներին, կոնգրեսներին, առանձին քաղաքական հոսանքներին անդամագրվելու և դրանք լքելու պաշտոնական արարողությունները:


Քաղաքական կուսակցության անդամագրումը չունի ընդհանուր ծիսական ձևաչափ: Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է ձևավորում (կամ չի ձևավորում) անդամակցյությունը նշող որևէ արարողություն, որը հաճախ ենթադրում է փորձաշրջան:
Զինվորական անցումային ծեսերը ենթադրում են որևէ ռազմական հաստատության կամ միավորմանն անդամակցելու արարողությունները:


Զինակոչի և զինծառայության հետ կապված ծեսերը ներա ռում են Հայաստանի Հանրապետության բանակ զինակոչվելու, երդմնակալության և զորացրվելու հետ կապված արարողությունները, որոնք մի կողմից` նախաձեռնում և իրականացվում են տեղական զորամիավորումներում, մյուս կողմից` ենթադրում են նաև ընտանեկան արարողություն:

Untitled-2

Հասարակական-Տարիքային Կարգավիճակի Փոփոխության Ծեսեր

Հասարակական-տարիքային կարգավիճակի փոփոխության ծեսերը ներակայցնում են անցումն անձի սոցիալական և կենսաբանական տարիքին բնորոշող մի վիճակից կամ նույն վիճակում գտնվող խմբից մյուսը:
Տարիքային անցումային ծեսերը ներակայցնում են մարդու կենսաբանական փուլերը:
Տարեդարձը (ծննդյան) խորհրդային տարիներին մուտք գործած ծեսերից է, որը յուրաքանչյուր տարի նշում է մարդու ծնված օրը և փաստում նրա տարիքը: Տարեդարձի հիմնական չափորոշիչներից են նվեր մատուցելն ու տարեդարձի տորթի մոմերը հանգցնելու արարողությունը:


Հոբելյան է կոչվում մարդու յուրաքանչյուր քսանհինգամյակը նշող տարեդարձը, որը, ի տարբերություն այլ տարեդարձների, ուղեկցվում է տվյալ անձնավորության հասարակական, պրոֆեսիոնալ (կամ անձնական) վաստակի արժևորմամբ:
Սեռական հասունության ծեսերն ազդարարում են մարդու ֆիզիոլոգիական զարգացումը:
Առաջին դաշտանի ծեսերը փաստում էին աղջիկների սեռական հասունությունն ու հիմնականում ուղղված էին մաքրվելուն, սրբագործվելուն, ինչի համար առաջին դաշտանի ավարտից հետո նրանք լվացումներ էին անում եկեղեցում օրհնված ջրով:
Առաջին սափրվելու ծեսը նշում էր երիտասարդների սեռական հասունությունն ու հաճախ կատարվում էր հարսանեկան ծիսաշարի շրջանակներում` ներառելով ընծայաբերությունն ու քահանայի օրհնությունը: Առաջին ածիլած (խուզած) մազերը՝ որպես կոխի դեմ միջոց, պահվում էին` չվտանգելու համար երիտասարդի առնականությունը:
Կրթական հաստատությունների հետ կապված անցումային ծեսերը փաստում են այս կամ այն մակարդակի կրթական հաստատություններն ավարտելը կամ ընդունվելը:


Հրաժեշտ մանկապարտեզին հանդեսն իրականացվում է մինչդպրոցական կրթական համալիրների շրջանակում և նշում անցումը երեխաների մանուկ` մինչդպրոցական, տարիքից դպրոցականին:


Առաջին զանգ ծիսակատարությունն իրականացվում է դպրոցներում և նշվում է առաջին դասարան ընդունվելու հանգամանքը, որի ժամանակ հատուկ դեր է նախատեսված տասներորդ դասարան փոխադրվածների համար:
Վերջին զանգը հանդիսավոր (առանձին դպրոցներում) և տոնական (առանձին բնակավայրերում? բոլոր շրջանավարտների մասնակցությամբ) արարողությունների հաջորդականությունն է, և փաստում է դպրոցն ավարտելը:
Բուհ կամ մասնագիտացված ուսումնական հաստատություն ընդունվելու ծեսերը, չունենալով ընդհանուր կառուցվածք, կարող են լինել ինչպես առանձին ուսումնական հաստատությունների շրջանակում կազմակերպած հանդիսավոր արարողություն, այնպես էլ ընտանեկան ծես` ներառելով խնջույք և նվեր տալը, որոնց նպատակն է շնորհավորել և նշել ընդունված անձի նոր (ուսանող) կարգավիճակը:


Բուհ-ն ավարտելու կապակցությամբ ծեսերը, չունենալով ընդհանուր կառուցվածք, յուրաքանչյուր հաստատությունում ընթանում են առանձնահատուկ արարողակարգով, որի ընթացքում շնորհվում են ավարտական դիպլոմներ: Այս իրադարձությունը հաճախ նշվում է նաև ընտանիքի և ընկերների միջավայրում:

Untitled-2

Կենսափուլային

Կենսափուլային են համարվում այն ծեսերը, որոնք ուղեկցում են մարդու ծնունդն, ամուսնությունն ու մահը: Այս խմբին են պատկանում հարսանիքը, ծնունդն ու մանկատածությունը և մահը:


Հարսանեկան են այն բոլոր ծիսական արարողությունները և ձևերը, որոնցով ապահովվում է տղամարդու և կնոջ սեռական կապի հարատև կայունությունն ու ամրությունը, նոր սերունդ ստեղծելու նպատակը:


Աղջիկտես է կոչվում այն ծիսակատարությունը, որի ընթացքում տղայի ազգականները, հիմնականում` կանայք, հնարավորություն են ստանում տեսնելու աղջկան, որպեսզի նրան հավանելու պարագայում խնամախոսեն: Ծեսը կարող է լինել ինչպես պաշտոնական` աղջկա ծնողների համաձայնությամբ, այնպես էլ` քողարկված` աղջկա տուն` այլ պատրվակով այցելելով կամ նրան որևէ այլ վայրում հանդիպելով:


Խնամախոսություն է կոչվում ծեսերի այն համալիրը, որի ընթացքում տղայի ազգականները, այժմ նաև ինքը` փեսացուն, ձգտում են աղջկա ծնողներից ստանալ տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը: Ծեսը կարող է կրկնվել մի քանի անգամ, մինչև վերջնական պատասխանը:


Փեսատես են կոչվում խնամախոսությունից հետո` մինչև վերջնական պատասխանը, փեսայի ունեցվածքային և բնակարանային հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով աղջկա բարեկամների այցելությունները փեսայի տուն:


Խոսքկապ են անվանվում խնամախոսության ընթացքում ստացած դրական պատասխանը ամրապնդելու նպատակով հարսին որևէ նվեր (հիմնականում զարդ) նվիրելու կամ նույն նպատակով հարս ու փեսայի հայրերի` միասին գինի կամ օղի խմելու արարողությունները:


Նշանադրություն կոչվում է ապագա ամուսնության վերաբերյալ հարսի ու փեսայի բարեկամների համաձայնությունը պաշտոնապես ամրագրելու ծիսակատարությունների շարքը, որոնց ընթացքում հարսն ընդունում է որևէ զարդ` ի նշան համաձայնության և որպես գրավական` տվյալ երիտասարդի հետ ամուսնանալու որոշման:


Հարսնատես են անվանվում նշանադրությունից հետո փեսայի և նրա բարեկամների այցելությունները հարսի տուն, որոնք հաճախ ընծայաբերությամբ էին ուղեկցվում:


Հղե կտրել. ծես, որի ընթացքում ամուսնացող կողմերը պայմանավորվում են ամուսնության և հարսանիքի հետ կապված նյութական խնդիրների և ժամկետի շուրջ:


Շորձևեքը հարսի շորը ձևելու կանանց արարողություն է, որի ընթացքում հարսի զգեստի համար նախատեսված կտորի ծայրը մկրատով մի փոքր կտրում են, երբեմն էլ, իսկապես, շորացուն ձևում` մասերը բաժանելով մասնակիցների միջև` յուրաքանչյուրին մի մասը կարելու առաջադրանքով: Այժմ այդ ծեսի փոխարեն հարսը փեսայի կամ նրա բարեկամուհիների հետ գնում է մասնագիտացված խանութ` հարսանյաց զգեստ ընտրելու:


Հարսնևորների ընտրությունը քավորի նախաձեռնությամբ կազմակերպած խնջույքի ընթացքում հարսնառի մասնակիցների ընտրությունն է, որը պայմանավորված էր տվյալ խնջույքի ընթացքում գինովնալու փորձությանը դիմանալու և սթափ վարքագիծ դրսևորելու կարողությամբ:


Ալրմաղեք և գաթաթուխը հարսանեկան հացն ու գաթան պատրաստելու ծիսական արարողություններն են:
Գինեթափեքը փեսայի տանը հարսանեկան գինին առանձին անոթների մեջ լցնելու և համտեսելու արարողությունն է, որին հրավիրում էին նաև հարսի տղամարդ ազգականներին:


Հրավերի արարողությունը ենթադրում էր հարսանիքին մասնակցելու հրավերը:
Հալավօրհնեքը հարսի հանդերձի, փեսայի գլխարկի և քավորի սրի օրհնությունն է, որը կատարում է այդ նպատակով հրավիրված քահանան:


Ծառ կապելը կենաց ծառի հարսանեկան մանրապատկերը պատրաստելու ծիսականացված արարողությունն է:
Ազբանստում է կոչվում պսակի նախօրեին փեսայի ամուրի ընկերների խնջույքը, որի ժամանակ աճուրդով որոշվում է ազապբաշին՝ մակարապետը` ամուրիների ղեկավարը:


Ննջեցյալների օրհնությունը ենթադրում էր հարսանիքի նախօրեին փեսայի ննջեցյալ ազգականների օրհնությունը գերեզմանոցում կամ փեսայի տանը:


Հինադրեքը չամուսնացած աղջիկների և ամուրի երիտասարդների մատները հինայելու արարողությունն է:
Փեսաբաղնիքը քավորի մասնակցությամբ փեսային և ազապներին լողացնելու ծիսական արարողություն է:
Եզնմորթեք է կոչվում հարսանեկան խնջույքի համար մսացու ապահովելու նպատակով խոշոր եղջերավոր կենդանու հրապարակային և ծիսականացված մորթելը:


Հարս պտտեցնելը հարսի նախահարսանեկան այցելություններն ու նրա հյուրընկալումն է բարեկամների, հարևանների, քավորի տանը:


Հարսի բաղնիքը հարսանիքից առաջ հարսին տանը կամ հանրային բաղնիքում լողացնելու արարողությունն է:
Փեսաթրաշ է կոչվում փեսային հրապարակավ ածիլելու ծիսական արարողությունը:
Փեսա հագցնելը ծիսական արարողություն է, որի ընթացքում գովերգվում է փեսայի զգեստը և փեսացուն կարգվում է թագ(ա)վոր:


Քավորի հետևից գնալը ենթադրում է հարսնառ գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն ուղարկելը:


Հարսնառը հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակաթյան ծիսական երթն ու վերադարձն է:
Աղվեսի այցելությունները կատարվում էին հարսանեկան (հաճախ նաև` նշանդրեքի) թափորի տեղաշարժերի մասին նախապես լուրը հասցնելու նպատակով, ինչն իրականացնում էր մեկը, որին դիմավորում էին թշնամաբար` փորձելով խոչընդոտել նրա մուտքը հարսի տուն, քանի որ նրա խնդիրներից մեկը հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար:


Հարս հագցնելը (գլուխ կապելը) երկու կողմերի կանանց մասնակցությամբ և քավորկնոջ գլխավորությամբ հարսին զգեստավորելու և աղջկա սանրվածքը կնոջ սանրվածքով փոխելու արարողությունն է:
Հարսի տան հարսանեկան խնջույքը ենթադրում է ամուսնությունն ու նոր բարեկամությունը հաստատող կենացների շարք, որն ուղեկցվում է երգով և պարով:


Ամուսնության պաշտոնական գրանցումը կարող է լինել եկեղեցական (թոնրի) պսակադրության և ՔԿԱԳ-ում (զագսում) հանդիսավոր գրանցման ձևերով:


Սրբազան կենտրոնների այցելությունները նախատեսում էին տվյալ բնակավայրի սրբազան տարածքները. օջախներ, մատուռներ, եկեղեցիներ, հուշարձաններ :
Փեսայի բերանբացեքը հարսի ծնողներից փեսային տրվող նվերն է, որից հետո փեսան իրավունք էր ստանում նրանց հետ խոսել:


Հարսի հրաժեշտը ենթադրում էր հարսի ծիսականացված հրաժեշտն իր ծնողներին, բարեկամներին, ինչպես նաև նորապսակների հրաժեշտը հարսի տանը (թոնրին):
Դուռ բռնելը հարսի տան դռան մոտ հարսի եղբոր հարուցած խոչընդոտն էր քրոջը տնից դուրս հանելիս, ինչը վերացվում է եղբորը առաջարկված և սակարկվող գումարը տալուց հետո:
Խնամապաչը խնամիացող երկու կողմերի երիտասարդների համբուրելու փորձն է հակառակ կողմերի չամուսնացած աղջիկներին:


Ճանապարհ փակելը ենթադրում է հարսի գյուղի կամ թաղի երիտասարդների հարսանեկան թափորի ճանապարհը խոչընդոտելը, որը վերանում է հակառակ կողմից գումար, մթերք ստանալու կամ տղայի պատվիրակության անդամների հետ մենամարտելու դեպքում:


Հարսի օժիտի տեղափոխումը ենթադրում է հարսի օժիտի ծիսականացված տեղափոխումը փեսայի տուն:
Սեղան դուրս հանելը հարսանեկան թափորի ճանապարհին փեսայի ազգականների և հարևանների հյուրասիրության սեղաններ դուրս հանելն է` ի նշան բարեկամության և հարգանքի:


Կոխ է կոչվում փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ծիսակարգի այն մասը, երբ փեսայի ծնողները կամ տոհմի նահապետն ու նրա կինը կատակով մենամարտում են, և երիտասարդների օժանդակությամբ, որպես կանոն, հաղթում է կինը:


Շեմի ծեսերի մասն են կազմում նորապսակներին առատությունը, պտղաբերությունը, հաջողությունը ապահովելու և չարից պաշտպանելու նպատակով փեսայի տան շեմի մոտ կատարվող բազմաթիվ ծեսերը, ներառյալ` նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալը, ափսե կոտրելը, նուռ ջարդելը, սրի (ծաղիկի) տակով անցնելը և այլն:


Մատաղ շեմին. նորապսակների ոտքերի մոտ մանր եղջերավոր կենդանի կամ հավ (աքլոր) զոհաբերելու արարողությունն է:
Օջախ բարևելու ժամանակ փեսայի տան թոնրի շուրջը նորապսակները երեք կամ յոթ անգամ պտույտ են կատարում:
Հարս նստեցնել ծեսը կազմված էր մի քանի գործողություններից` փեսայի տանը հարսի տեղը զբաղեցրած երեխային նվեր տալով հեռացնելը, հարսին նվեր տալով կամ խոստանալով՝ այդ տեղում նստեցնելն ու գիրկը տղա երեխա տալը` ապագայում նույնը ունենալու ակնկալիքով:


Հարսանեկան խնջույքը փեսայի տան հարսանեկան հացկերույթն է, որի ընթացքում կենացների և պարերի միջոցով (այժմ նաև` հարսանյաց տորթը կտրելով) վավերացվում է նոր ընտանիքի ստեղծումը, հարսի և փեսայի ընտանիքների բարեկամության սկիզբը, ուրախ ու անկաշկանդ մթնոլորտով վերահաստատվում համայնքի միասնությունը:
Նվիրատվությունը (կանչ) հարսանեկան հանդեսի ընթացքում հրապարակային ընծայաբերումն է նորապսակներին, որը հաճախ գրանցվում է, իսկ նախկինում հատուկ հայտարարվել է:


Տարոսը փոխանցելու ծեսերը նորապսակներին խորհրդանշող կամ պատկանող որևէ իրի (օր.` կոնֆետներ, խնձոր, գաթա, տարոսիկներ, նրանց կոտրած ափսեի փշուրներ, ծաղկեփունջ, վզկապ, գուլպայի կապ) փոխանցումն է հարսանիքի ամուրի մասնակիցներին` նմանատիպ երջանկություն հաղորդելու կամ նրանց ամուսնությունը գուշակելու համար:
Օժիտ բացելը հարսի օժիտի պարունակությունը փեսայի բարեկամուհիներին ներկայացնելու արարողությունն է:
Հարսի պարը հարսանյաց հանդեսի ժամանակ հարսի մենապարն է, որի ընթացքում նրան առատորեն շաբաշ (գումար) է բաշխվում:


Մոմերով կամ վերջին պարը հարսանիքի ավարտին ամուսնացածների կլոր պարն է, որի ընթացքում պարողները ձեռքերում պահում են վառվող մոմեր:
Փեսադատը հարսանեկան խնջույքի ավարտին ծիսականացված ներկայացում է, որի ընթացքում փեսայի ազգի փեսաներին, երբեմն էլ հենց փեսային, դատում են, և մահապատժից ազատելու միակ միջոցը նրանց զոքանչների հյուրասիրությունն է լինում:


Հավթռոնքը ամուրիների (ազապների), հաճախ նաև փեսայի մասնակցությամբ թրի մեկ հարվածով հավերի գլուխները կտրելու ծիսական արարողությունն է: Խաշի օրը հարսի տեղափոխության հաջորդ օրն է, երբ նրա ազգականների մասնակցությամբ փեսայի տանը խաշի հյուրասիրություն է մատուցվում:

Թագվերացը փեսայի և հարսի նարոտի քանդումն ու պսակի վերացումն է, ինչը փեսայի քավորի մասնակցությամբ տանը քահանան է իրականացնում: Այս արարողությունից հետո նորապսակները իրավունք են ստանում մտնել առագաստ:
Առագաստի ծեսերը ենթադրում են հարսին և փեսային առագաստ մտնելու նախապատրաստող գործողությունները, այդ թվում՝ առանձին անկողին հատկացնելը և հյուրասիրությունը:


Կարմիր խնձորը հարսի կուսությունը վկայող ծիսական գործողություններն են, որոնց ընթացքում երբեմն ներկայացվում է հարսի կուսությունը վկայող սավանը, երեք հոգանոց կանանց պատվիրակություն է ուղարկվում հարսի տուն, որտեղ կազմակերպվում է աչքալուսանքի հյուրասիրություն, իսկ պատվիրակ կանայք նվերներ են ստանում:
Ոտնլվան հարսանիքի ավարտից հետո հաջորդ օրը հարսի կողմից փեսայի ընտանիքի տղամարդ անդամների ոտքերը լվանալու ծեսն է:


Գլուխ լվանալը հարսանիքից մի շաբաթ անց հարսի գլուխը նրա մոր մասնակցությամբ լվանալու, իսկ այժմ` նրա հագած շորերն ու նվերները բերելու արարողությունն է, որն ուղեկցվում է կանանց հյուրասիրությամբ, այնուհետև` աղջկա կողմի կանանց պատասխան նվիրատվությամբ:


Խնամականչ են անվանում հետհարսանեկան այն արարողությունը, որի ընթացքում հարսի մայրը, այժմ նաև ընտանիքի մյուս անդամները, հրավիրվում են փեսայի տուն` հյուրասիրության:
Քառասունքը նորապսակներին, հատկապես հարսին չար ուժերից պաշտպանելու և արգասավորությունն ապահովելու քառասնօրյա հետհարսանեկան արգելքների համալիր է. չլողանալը, այլ հարսանիքներ կամ քառասունքի մեջ գտնվող այլ կանանց և մեռելատներ չայցելելը և այլն:


Դարձը հարսի ժամանակավոր վերադարձն է հորանց տուն` քառասունքի ավարտի կամ առանձին տոների կապակցությամբ:
Քավորի պատասխանը փեսայի ծնողների նվերն է քավորին` ի պատասխան հարսանիքին նրա արած ծախսերի և հյուրասիրության:


Տոնական փայերը նշանդրեքից մինչև հարսանիք տաղավար տոներին երկուստեք տրվող փոխադարձ նվերներն էին, իսկ ամուսնության առաջին տարվա ընթացքում միայն հարսին` ըստ նրա տեղակայման:


Ծնունդ և մանկատածություն ծեսերը երեխայի ծնունդը նախապատրաստող, ծննդաբերության ժամանակ իրականացվող և հետծննդյան խնամքի հետ կապված ժողովրդական ծեսերն ու արարողություններն են:
Աղջիկների վերարտադրողական կարողություններն ապահովող ծեսերը չամուսնացած աղջիկների ապագա պտղաբերությունը պաշտպանող ծեսերն ու արգելքներն են, որոնք սեռական հասունության շրջանում պայմանավորում էին հասունացող աղջիկների որոշակի վարքագիծն ու տարազը:


Ամլության դեմ ծեսերը ամլությունը կանխարգելող կամ բուժող և այդ նպատակով գերբնական ուժերի վրա ազդող ծիսական գործողություններն են` ամլությամբ տառապող զույգի մեկուսացումը, բարձը փոխելը (ամուսնու ամլության պարագայում երեխա ունենալու նպատակով այլ տղամարդու հետ կենակցելը), սենյակ փոխելը, հմայիլների կիրառումը, ուխտագնացությունը սրբերի մատուռներ, գողությունը` մատուռից վերադարձի պայմանով, ուխտագնացությունը և այնտեղ կատարվող գործողությունները` մերկ փորով քարին պառկելը, պորտաքարի շուրջը պտտվելը ևն, ծակ քարի միջով անցնելը, սուրբ ծառի տակ սուտ բարուր օրորելը, ննջեցյալի գերեզմանին ջուր խմելը, Բարիկենդանին երդիկից անցնելը, Տերընդեզին խարույկի վրայից թռչելը, Ջրօրհնեքի, Համբարձման և Վարդավարի նախօրեին գետում լողալը ևն:


Հղիությունը պաշտպանող ծեսերը ենթադրում են հղիության ընթացքում պտուղը և մորը չար ուժերից կամ այլ վտանգից պաշտպանող գործողություններ և սահմանափակումներ:


Գուշակություններն ապագա երեխայի վերաբերյալ. ապագա երեխայի սեռի, տեսքի ու բնավորության վերաբերյալ գուշակություններն են` ըստ հղի կնոջ ֆիզիկական վիճակի, զգացողության և պահվածքի (օր.` գուշակում էին նմանություն այն մարդուն, ում ներկայությամբ պտուղի խաղը մայրն առաջին անգամ զգացել է ևն):


Ապագա երեխայի կազմավորմանն ազդող ծեսերը հղի կնոջ ձեռնարկած հատուկ մոգական գործողություններն են՝ ապագա երեխային այս կամ այն ֆիզիկական հատկանիշը հաղորդելու նպատակով (օր.` հղի կնոջ ձու գողանալը` երեխայի թշերին փոսիկներ առաջացնելու համար, երեխայի մարմնին խալ առաջացնելու նպատակով տավարի փայծաղ ուտելիս սեփական մարմնի համապատասխան մասին դիպչելը, երկար վիզ ունենալու համար երկարավիզ կժով ջուր խմելը և այլն):
Ծննդաբերությանը բարի ուժերին ներգրավելու և չարը վանելու ծեսերը ծննդաբերության ընթացքում բարի ուժերի աջակցությունն ապահովող ու չար ուժերին (ալ(ք)երին, նիաթներին, թփխիներին) և այլ վնասաբերներին վանելու կամ մոլորեցնելու գործողություններն են (օր.` ծննդկանի տակը թոնրից մոխիր լցնելը, աղոթք ասելը, ծննդկանի գլխավերևում Աստվածածնին պատկերելը, տարբեր հմայիլներ օգտագործելը, ծննդկանին տղամարդու գլխարկ դնելը, հավի կտրած գլուխը կամ այծի լյարդը երդիկից դուրս գցելը, ծննդկանի դեմքին լեղակ քսելը, ուշագնաց ծննդկանին օգնության հասած տղամարդկանց` քավորի, ամուսնու ներկայությունը, ծննդկանի և նրա ամուսնու մեջքերը իրար դեմ տալը և այլն):
Երկունքը հեշտացնող ծեսերը ծննդաբերության ընթացքում հիմնականում նմանողական մոգությամբ ծնունդը հեշտացնելու նպատակով կատարվող գործողություններն են, որոնք ենթադրում էին տան և կահույքի դռների, կողպեքների ու կաթսաների խուփերի բաց անելը, կոճակների, գոտիների և կապերի արձակումը, ծննդկանի ոտքերի մոտ երդիկից ձու գցելը, ամուսնու, քավորի կամ սկեսրոջ փեշից ջուր խմելը ևն:


Նորածնի հետ կապված ծեսերը ուղղված էին նորածնին պաշտպանելուն, նրա առողջությունն ու հաջողությունն ապահովելուն (օր.` ընկերքը շեմի տակ թաղելը, աղաջրում լողացնելը, կտուրում պտույտ տալը, օրորոցից հմայիլներ կախելը ևն):


Նորածնի պորտի հետ կապված ծեսերը ծնունդի ժամանակ նորածնի պորտ կտրելն ուղեկցող ծիսական գործողություններն ու պորտի ընկած կտորը որոշակի տեղում զետեղելն է: Վերջինս կատարվում է նորածնին համապատասխան ապագա հաղորդելու նպատակով (օր.` պորտը ընդարձակ տեղ գցելով, հավատում էին, որ տղա երեխան հասարակության մեջ հարգված մարդ է դառնալու, իսկ աղջկա պորտը տան անկյունում էին թաղում, որպեսզի ապագայում նա դառնա համեստ տանտիկին ևն):


Երկունքից հետո ծննդկանի հետ կապված ծեսերը ծննդկանին պաշտպանելու և նրա առողջությունը վերականգնելուն ուղղված ծիսական գործողություններն են, որոնք հետևում են անմիջապես ծննդաբերությանը (օր.` ծննդկան լողացնելը, ծննդկագավաթով /եղաձու, յուղ ու մեղր ևն/ հյուրասիրելը, ծննդկանի մեկուսացումը, քահանայի տուն փարատելը, հմայիլներով պաշտպանվելը և այլն):


Աչքալուսանքը երեխայի ծննդի մասին լուրը տարածելու և ստանալու դեպքերում նախատեսված գործողություններն են (լուր բերողին նվեր տալը, ընծայաբերություն և հյուրասիրություն ևն):
Մկրտությունը նախկինում երեխաների բարձր մահացության պատճառով ձգտում էին կատարել հնարավորինս շուտ: Այս ծեսով ապահովվում էր ոչ միայն նորածնի քրիստոնյա (հիմնականում՝ հայ առաքելական եկեղեցու հետևորդ) դառնալու հանգամանքը, այլև չեզոքացվում չարքերի հնարավոր ազդեցությունը:


Նորածնի օժիտը աղջկա ծնողների պատրաստած անհրաժեշտ պարագաներն են` ներառյալ երեխայի անկողինը:
Քառասունքը ծննդկանին և նորածնին չար ուժերից և կոխից պաշտպանելու քառասնօրյա հետծննդյան արգելքների համալիր է. մոր չլողանալը, արևին նայելուց խուսափելը, նորածնին լուսնին ցույց տալը, քառասունքի մեջ գտնվող նորապսակներին, ծննդկաններին այցելելը, ինչպես նաև` մեռելատուն չգնալը ևն:
Քառասունքից հանելու ծեսերը կատարվում են քառասունքի վերջին օրը և ենթադրում են ծննդկանին և նորածնին քառասնօրյա արգելքներից ազատելու ծեսերը (օր.` արևի երես դուրս բերել, որի ժամանակ նրանց առաջին անգամ տանից դուրս են հանում և երեսները պարզում դեպի արև, քառասունքից հանելու եկեղեցական արարողություն, լողացնելու ծես և այլն):


Նորածնի աճն ազդարարող և դրան նպաստող ծեսերը ներառում են նորածնի աճի առաջին նշանների հետ կապված և նրա որոշ կարողությունները զարգացնելուն ուղղված ծեսերը` առաջին եղունգ կտրելը, առաջին ատամ հանելը, մորամազը կտրելը, քայլեցնելը, լեզու բանալը ևն:
Հուղարկավորության և հիշատակի ծեսերը մարդու մահը, թաղումը և հիշատակման օրերը ամբողջացնող ծեսերի համակարգ է:


Հոգևարքն ուղեկցող ծեսերն ուղղված էին հեշտացնելու հոգին մարմնից անջատելու պահը (օր.` դռներ և պատուհաններ բացելը, գլխի տեղը փոխելը, մահացողի ոտների տակ սև հավ կամ կատու մորթելը ևն):
Մեղքերի թողությունը քահանայի ներկայությամբ մեղքերի խոստովանության և թողության ծիսակատարությունն է:
Ննջեցյալի մարմնի հետ կապված ծեսերը հանգուցյալի մարմինը հուղարկավորությանը նախապատրաստող արարողություններն են (օր.` աչքերը փակել, լողացնել, ծնոտը կապել ևն):
Հանգյուցալի զգեստավորումը պատանի մեջ փաթաթելը և կարելը, դեմքին խաչաձև վարշամակ դնելը և զգեստի հետ կապված այլ գործողություններն են:


Հուղարկավորությանը տան հետ կապված ծեսերը ներառում են հանգուցյալի տունը հուղարկավորության համար հատուկ հարդարելու սովորույթները (օր.` պատանքից ավելացած կտորը տան սյանը կապելը, արտացոլող երես ունեցող կահույքի, հայելիների վարագուրում):


Հանգուցյալի հարազատների սգո ծեսերը ենթադրում են հանգուցյալի ընտանիքի անդամների սգո վարվելակարգային դրսևորումները (սև գույնի տարազ կրելը, մազերն արձակելը, սափրվելը ևն) և հատուկ արարողությունները` ուղղված նրանց հանգուցյալից անջատելուն` մի կողմից, մյուս կողմից` նրանց հասարակությունից որոշ չափով մեկուսացնելուն:
Ննջեցյալին տնից դուրս հանելու ծեսերն ուղղված են նախ՝ նրա դրված տեղին, ապա` դռանն ու շեմին որպեսզի ննջեցյալին մոլորեցնեն և արգելափակեն հոգու հետդարձը (օր.` դագաղը պտտեցնելը, գանձ ասելու ծեսը ևն):
Հրաժեշտի ծեսերը վերաբերում են ննջեցյալի ընտանիքի անդամների հրաժեշտին հանգուցյալի հետ տան բակում և գերեզմանոցում:


Գերեզմանը փորելու ծեսեր (օր.` քահանայի օրհնությունը, մեռոն կաթեցնելը, բահ ու քլունգով խաչ կազմելը):
Հուղարկավորություն գերեզմանոցում ծիսակատարությունը ներառում է. հանգուցյալին վերջին հրաժեշտ տալը, հողին հանձնելը, խնկարկելը, օղորմաթաս խմելն ու այլ արարողություններ:
Գերեզմանոցից հետդարձի ծեսերը ենթադրում են գերեզմանոցից վերադառնալու ճանապարհից չշեղվելը, հետ չդառնալը, կոշիկից գերեզմանոցի հողը մաքրելը, մինչև տուն մտնելը ձեռքերը լվանալը ևն:
Հոգեհացը ննջեցյալի հիշատակին նվիրված, նրա հոգին հագեցնող և համայնքի միասնությունը հաստատող հատուկ ճաշկերույթն է:


Այգահող/էգնահողը հուղարկավորության հաջորդ առավոտյան գերեզմանոց այցելել է կանանց մասնակցությամբ (նրանց արգելված էր ներկա գտնվել բուն հուղարկավորությանը), և հաց էր տրվում գերեզմանոցում և հանգուցյալի տանը:
Յոթը մահվան յոթերորդ օրը գերեզման այցելելն է և դրա օրհնությունը, խնկարկումն ու հացկերույթը հանգուցյալի տանը:
Քառասունքը մահվանը հաջորդող քառասուն օրերի ընթացքում հանգուցյալի ընտանիքի անդամների վարքագծային որոշ կանոններն ու սահմանափակումներն են, որոնք հանվում են վերջին օրը` գերեզման այցելելուց, օրհնելուց, ուտեստից հանգուցյալի հոգուն բաժին տանելուց և քառասունքի հոգեհացը տալուց հետո:
Տարին մահվան մեկ տարին լրանալու օրվա ծիսակատարությունն է, որը ենթադրում է գերեզմանի այցելություն, օրհնություն, ուտեստից հանգուցյալի հոգուն բաժին տանելը և տարվա հոգեհաց մատուցելը:
Մեռելոց կամ հիշատակի ծես տաղավարային տոներին (այժմ նաև` որոշ պետական տոներին), հաջորդող օրը ննջեցյալների հիշատակին նվիրված ծիսակատարությունն է, որը ենթադրում է գերեզմանոց այցելություն, օրհնություն, ուտեստից հանգուցյալի հոգուն բաժին տանել և տաղավարային տոների ծիսակարգ կազմող հատուկ եկեղեցական արարողություն:

ceser

Անցումային Ծեսեր

COVER

Ազգագրական գրականությունում կենսափուլային ծեսերը սովորաբար ներկայացվում են երեք ենթափուլերով` անցմանը պատրաստող ծեսեր, բուն անցումը, վերականգման կամ նոր խումբ (այլ կարգավիճակի) անցնելու ծեսեր:


Հարսանիքների նկարագրություններում ամուսնական ծեսերը, որպես կանոն, բաժանվում են նախահարսանեկան, բուն հարսանեկան և հետհարսանեկան ծեսերի: Սակայն այս բաժանումը ևս պայմանական է, քանի որ յուրաքանչյուր փուլի սահմանային ծես (տվյալ փուլի վերջին կամ առաջին ծեսերը) ամեն մի հեղինակ յուրովի է որոշում: Ավանդութային հասարակություններում հարսանեկան բազմաթիվ ծեսեր, բացի ամուսնությունն ազդարարող կամ կարգավորող գործառույթից, նաև նշում են մարդու սոցիալ-տարիքային աճը` անցումն ամուսնացածների խումբ: Հարսանեկան այդ ծեսերի նման բովանդակությունը պայմանավորված է ավանդութային հասարակությունների` մարդու կյանքի վերաբերյալ ունեցած հատուկ ընկալմամբ, համաձայն որի` յուրաքանչյուրի աճն ընկալվում է նրա ֆիզիոլոգիական կամ սոցիալական փոփոխությունների հիման վրա: Մեզ են հասել տեղեկություններ որոշ բացառիկ ծեսերի վերաբերյալ, որոնց նպատակն է հատուկ արարողությամբ նշել այդ փոփոխությունները: Ժամանակակից աշխարհն ավելի չեզոք է մարդու ֆիզիոլոգիայի անհատական դրսևորումների հարցում և հակված է կողմնորոշվելու օբյեկտիվ կամ միջինացված թվային չափանիշներով: Օրինակ` մարդու հասունությունն այսօր որոշվում է ոչ թե իր մտավոր կամ ֆիզիկական տվյալներով, այլ անձնագրի առկայությամբ, օրենքով ամրագրած տարիքով, ինչն էլ հաճախ որոշում է նրա սոցիալ-տարիքային խումբը (օրինակ` դպրոց գնալու, թոշակի անցնելու ևն):


Հասարակական-տարիքային կարգավիճակի փոփոխության ծեսեր: Ըստ էության՝ այս ծեսերը ներկայացնում են անձի սոցիալական և կենսաբանական տարիքը բնորոշող մի վիճակից կամ նույն վիճակում գտնվող խմբից անցումը մյուսին: Ելնելով այս ծեսերի բովանդակությունից` դրանք բաժանվում են`
ա) տարիքային անցումային ծեսերի (սրանցից են համեմատաբար ուշ ձևավորված տարեդարձեր, հոբելյաններ նշելու ծեսերը),
բ) Սեռական հասունության ծեսերի, որոնք ազդարարում են մարդու ֆիզիոլոգիական զարգացումը (որպես օրինակ` հիշատակենք մի քանի ավանդական ծեսեր` առաջին դաշտանի կամ առաջին սափրվելու ծեսերը),
գ) Կրթական հաստատությունների հետ կապված անցումային ծեսերի, քանի որ այսօր հենց նման հաստատություններն են հիմնականում որոշում երիտասարդների սոցիալ-տարիքային խումբը, և այնտեղ ընդունվելն ու ավարտելը, որպես կանոն, ուղեկցվում է մի շարք կայունացած ծեսերով (օրինակ` հրաժեշտ մանկապարտեզին, առաջին և վերջին զանգերը, բուհ ընդունվելն ու ավարտելը):


Միություններին, կազմակերպություններին կամ որևէ կայուն խմբին անդամակցելը, և իրենց տեսակով հիշեցնում են անցումային ծեսերը: Այս խմբի ծեսերը բաժանվում են ըստ ոլորտների, որտեղ սովորաբար ստեղծվում են հանրային տարբեր միավորներ (օրենքով ամրագրած կամ ոչ ֆորմալ): Դրանք են` հասարակական և մշակութային (օրինակ՝ հասարակական կազմակերպություններին անդամակցելու կամ այնտեղից դուրս գալու ծեսեր, տարբեր (ներառայլ սպորտային, ակումբներին, մշակութային հոսանքներին, երիտասարդության ենթամշակութային խմբերին անդամագրվելու ծիսակատարություններ ևն), հոգևոր անցումային ծեսերը, որոնք ենթադրում են որևէ հոգևոր հաստատությանը (եկեղեցուն) կամ կրոնական ուղղությանն անդամակցելու արարողություններ (օրինակ՝ մկրտության ծես), քաղաքական (քաղաքական կուսակցություններին անդամակցելու կամ այնտեղից դուրս գալու ծիսակատարություններ կամ ծիսական, սիմվոլիկ գործողություններ), զինվորական (զինակոչի և զինծառայության ընթացքում կատարվող այլ ծեսեր) ևն:


Կոչում, աստիճան շնորհելու ծեսեր: Դրանք մասնագիտական որակապես ավելի բարձր մակարդակի առաջընթացն ու որոշակի ոլորտում վաստակն արձանագրող արարողություններն են: Սրանք ևս բաժանված են ըստ ոլորտների՝ գիտական (օրինակ` գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան շնորհելու արարողությունները), զինվորական (զինվորական աստիճաններ կամ մարտական շքանշաններ շնորհելու արարողությունները), հոգևոր (օրինակ` հայ առաքելական եկեղեցու հոգևոր աստիճանների ձեռնադրման արարողակարգ. դպիրի, սարկավագի, քահանայի, վարդապետի, եպիսկոպոսի, պատրիարքի, կաթողիկոսի ձեռնադրություններ ևն) և այլն: Զինվորական (ընդհանրապես ուժային որևէ կառույցի, ներառյալ ոստիկանության, շրջանակներում գործող) և հոգևոր աստիճանի ձեռնադրության ծեսերն ունեն հստակ կանոնակարգ, որոնք ամրագրված են համապատասխան կանոնադրություններում: Մեկ այլ սահմանափակում ևս կաշկանդում է մանրամասն ներկայացնել հոգևոր ծիսակատարությունները: Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գործող եկեղեցիների բազմազանությանը: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, և չնայած հայ առաքելական եկեղեցու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում ամրագրած առանձնահատուկ դերին, այնուամենայնիվ, ծիսական արարողությունների գրանցման տեսանկյունից ցանկալի կլիներ ունենալ յուրաքանչյուր եկեղեցու կամ ավանդական և նոր կրոնական ուղղությունների ծիսակատարությունների նկարագրությունը, դրանց տիպաբանական դասդասումը, ինչը վերստին պահանջում է հատուկ ուսումնասիրություն:


Մերօրյա նորաստեղծ մի կարևոր արարողություն, որն է երկրի նախագահի երդմնակալության արարողությունը, առիթ դարձավ այդ ծեսը և նման գործառույթ ունեցող այլ ծեսեր միավորել Պաշտոն ստանձնելու խմբում, որտեղ առայժմ առանձնացված է միայն քաղաքական ոլորտը` ներառելով վերոհիշյալ երդմնակալության ծեսը: Սակայն նոր աշխատանքին անցնելու առնչությամբ տարբեր խմբերում զանազան ծեսեր են ինքնաբուխ ձևավորվել, օրինակ` առաջին աշխատավարձի նշում, մուտք նոր աշխատասենյակ, և այլն: Սակայն սրանք դեռևս առանձնապես կայունացած և ուսումնասիրված ծեսեր չեն:
Այսպիսով, Անցումային են կոչվում այն ծեսերը, որոնք ուղեկցում են անձի հասարակական, հոգևոր, տարիքային անցումը մի վիճակից կամ կարգավիճակից մյուսը: Անցումային ծեսերը բաղկացած են երեք փուլից` անջատման, միջանկյալ և միացման: Անցումային կարելի է համարել հետևյալ ծեսերը.

1) Կենսափուլային
2) Հասարակական-տարիքային կարգավիճակի փոփոխության
3)Խմբերին, միություններին, միավորումներին անդամակցելու
4) Կոչում, աստիճան շնորհելու
5)Պաշտոն ստանձնելու

Կենսափուլային

Կենսափուլային են համարվում այն ծեսերը, որոնք ուղեկցում են մարդու ծնունդն, ամուսնությունն ու մահը: Այս խմբին են պատկանում հարսանիքը, ծնունդն ու մանկատածությունը ...

tearnyndaraj

«Գառնի» և «Լոռի բերդ» արգելոցներում կնշվի Տյառնընդառաջը

Փետրվարի 13-ին, ժամը 17:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում կնշվի Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից մեկը` Տյառնընդառաջը:

«Գառնի» արգելոց-թանգարանում նախանշված միջոցառումը կմեկնարկի Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Մասնակիցները եկեղեցու կանթեղներից վերցված կրակով ու ազգային երգ-երաժշտության ուղեկցությամբ կշարժվեն արգելոց-թանգարան, որտեղ միջոցառման համար առանձնացված հատուկ վայրում կվառվի Տյառընդառաջի խարույկը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում ևս միջոցառումը կսկսվի ժամը 17։00-ին։ Խարույկը կվառվի արգելոցի տարածքում՝ հատուկ առաձնացված վայրում։

Կատարումներով հանդես կգան ավանդական երգի-պարի ճանաչված համույթները։

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում նախանշված միջոցառման նպատակը՝ ազգային, ավանդական տոները պահպանելով, հուշարձանը ժողովրդին ավելի մոտեցնելն ու մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելն է։

Մուտքը՝ պատմամշակութային արգելոց և արգելոց-թանգարան այցելության համար նախատեսված տոմսերով։

ergarvest-cover

Երգարվեստ

ergavest

Երգարվեստ. Ներկայացնում է շեշտ ու հանգով, չափ ու կշռով ամբողջացած բանահյուսական և երաժշտական (պարերգերում, ծիսաշարերում և դրանց հարող երգատեսակներում նաև` շարժական) տեքստերի համաձույլ կերտվածքներ: Տրոհվում է 4 բաղադրիչների՝ կենցաղային կանչեր, ժողովրդական երգարվեստ, ժողովրդապրոֆեսիոնալ երգարվեստ և պրոֆեսիոնալ երգաստեղծություն:

Կենցաղային կանչերը ներկայացնում են ժողովրդի առօրյա կենցաղում տեղ գտած մարդկային ձայնի՝ կոկորդի միջոցով արտաբերվող հաղորդակցման ազդանշանային խորհրդանիշերի խոսքաելևէջաչափական միաձույլ, փոքրածավալ (մեկ, երկու հնչյունից մինչև մեկ երաժշտական ֆրազ) կառույցներ:

Ձայնով՝ կոկորդով կամ սուլոցով, արտաբերվող երգային ազդանշաններ:
Ընտանի կենդանիներին ուղղված կանչ-հորդորներ:
Քաղաքների կամ գյուղերի փողոցներում, բակերում հնչող մանրավաճառների կանչեր:
Ժողովրդական երգարվեստը գյուղական կամ քաղաքային կենցաղում երաժշտախոսքային (նաև պարային և թատերային գործողությունների շարժական տեքստերի) միաձույլ, տիպային ելևէջաչափական կառույցներ ունեցող, և լիարժեք ավարտուն միտք արտահայտող դրսևորումն է՝ հետևյալ ենթատեսակներով․

Ծիսական երգեր.
Տոմարական-օրացուցային.

  1. Ամանորի
  2. Պասի կամ պահքի
  3. Զատկի կամ Համբարձման
  4. Տերընդեզի
  5. Ծաղկազարդի
  6. Ջանգյուլումի
  7. Վարդավառի:

Տոհմային-ընտանեկան.

  1. Ծնունդ
  2. Կնունք

Հարսանիք

  1. Փեսայի, հարսի և այլ գովքեր
  2. Հարսնառի երգեր
  3. Կատակերգեր
  4. Պարերգեր

Հուղարկավորություն.

  1. Լացեր կամ լալիքներ
  2. Ողբերգեր

Վիպական երգեր.

  1. Պատմական և կենցաղային պատմողական երգեր
  2. Պատմա-հայրենասիրական երգեր

Աշխատանքային երգեր.

  1. Որսորդական
  2. Ձկնորսական

Երկրագործական.

  1. Գութաներգեր
  2. Կալի երգեր
  3. Սայլերգեր
  4. Քաղհան
  5. Չանաքի


Կանանց առտնին աշխատանքային.

  1. Սանդի
  2. Կթի
  3. Խնոցու
  4. Երկանքի
  5. Բուրդ գզելու
  6. Ճախարակի:
  7. Տղամարդկանց արհեստների հետ կապված:

Բանաստեղծների տեքստերով երգեր.


  1. Պանդխտության
  2. Զինվորագրության
  3. Հայդուկի
  4. Կատակերգեր
  5. Սիրերգեր
  6. Պարերգեր


Մանկան խնամքի հետ կապված.

  1. Մանկատածության և տղաբերքի
  2. Օրորերգեր
  3. Մանկան լոգանքի
  4. Մանկախաղաց

Մանկական երգեր.

  1. Ճոճանակի
  2. Համրանքի (հաշվերգեր)
  3. Բառախաղ-երգեր

Գուսանաաշուղական (ժողովրդապրոֆեսիոնալ) երգարվեստ:

Ընդգրկում է վիպասացների,միջնադարյան գուսանների, աշուղների, ինքնուս ստեղծագործողների հորինվածքները՝ հետևյալ ենթատեսակներով.

Վիպասացների երգարվեստ.

  1. Դյուցազնավեպ (էպոս)
  2. Դյուցազներգեր

Միջնադարյան գուսանների և աշուղների (նաև մերօրյա գուսանների) հորինվածքներ.

  1. Խոհափիլիսոփայական
  2. Բարոյախրատական
  3. Պատմա-հայրենասիրական
  4. Ծիսական
  5. Երգիծական-կատակային
  6. Կենցաղային
  7. Սիրային
  8. Երգ-հանելուկներ (աշուղական մրցույթների ժամանակ
  9. Երգեր՝ աշուղական հեքիաթներից ու սիրավեպերից:


Գյուղական և քաղաքային կենցաղում 20-21-րդ դարերում ձևավորված աշուղական ստեղծագործությունից էապես զանազանվող ինքնուս ստեղծագործողների հորինվածքներ:
Պրոֆեսիոնալ (մոնոդիկ) երգարվեստ: Ընդգրկում է միջնադարյան տաղերգուների երգարվեստը, ինչպես նաև հայ հոգևոր երգաստեղծությունը՝ հետևյալ ենթատեսակներով.

Միջնադարյան տաղերգուների հորինվածքներ.

  1. Հոգևոր տաղեր
  2. Աշխարհիկ տաղեր
  3. Հոգևոր երգարվեստ
  4. Սաղմոսներ
  5. Շարականներ
  6. Պատարագի երգեցողություն: